Լաբորատորիաները պետք է հասանելի լինեն բոլոր ուսանողների համար. Արայիկ Հարությունյան

2018-09-10

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարաններ: Նախարարը շրջել է բուհերի լաբորատորիաներում և արվեստանոցներում, ծանոթացել ուսումնական գործըթնացին, կրթական տարբեր հարցերի շուրջ զրուցել դասախոսների և ուսանողների հետ: Նախարարի շրջայացն սկսվել է Պոլիտեխնիկի 17-րդ մասնաշենքում գործող Ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնից, որտեղ ցուցադրվել է անօդաչու թռչող սարքի փորձնական նկարահանում: Մասնագետները նախարարին ներկայացրել են Պոլիտեխնիկում ներդրվող անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացմանն ուղղված հետազոտական նոր ծրագրերը: Այնուհետև ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ Արայիկ Հարությունյանը շրջել է ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված էներգետիկայի լաբորատորիաներում, որոնք հիմնադրվել են ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ, որպես Գերազանցության կենտրոններ: Նախարարը ծանոթացել է նաև 17-րդ մասնաշենքում գտնվող Տեխնոլոգիական ինովացիոն հարթակին: Պոլիտեխնիկում նախարար Արայիկ Հարությունյանի վերջին կանգառը Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիայում էր, որը բացվել է 2013թ-ին` Համաշխարհային բանկի վարկային ծրագրով: Ավելի քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներից կազմված այս փորձարարական կենտրոնը տեղակայված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Երևանի կրթահամալիրի տարածքում և զբաղեցնում է 10-րդ մասնաշենքի առաջին չորս հարկերը՝ 1600 մ2 տարածքով: Նախարար Արայիկ Հարությունյանին այստեղ ներկայացվել են ինժեներական ուղղվածության գիտաուսումնական, ինչպես նաև մրցութային մի քանի նախագծեր: Զեկուցվել է, որ լաբորատորիան բաց է ոչ միայն Պոլիտեխնիկի, այլ նաև այլ բուհերի ուսանողների և հետազոտողների համար:
Այնուհետև ԿԳ նախարարը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի և բուհի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է ՃՇՀԱՀ ավելի քան մեկ տասնյակ լաբորատորիաներում: 
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է ՃՇՀԱՀ Դիզայն ստուդիայի, Քիմիայի և կապակցվող նյութերի, Գեոդեզիայի, Գազաջերմամատակարարման և օդափոխման, Նյութերի դիմադրության, Շինկոնստրուկցիաների լաբորատորիաների, Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնական կենտրոնի ուսումնական և հետազոտական գործունեությանը: Ներկաները եղան նաև «Կրթության բարելավում»  ծրագրի շրջանակներոում բացված, Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնագիտահետազոտական  և Գրունտների մեխանիկայի լաբորատորիաներում, որտեղ ուսանողների համար ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններին ծանոթացնելու լավագույն հնարավորություններ են ստեղծված: 
Ամփոփելով շրջայցի արդյունքը` ԿԳ նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ առկա ինժեներական ներուժը բավարար է նոր մրցունակ ծրագրերի իրագործման համար: «Հնարավորությունները, որ ունեն Պոլիտեխնիկական ու Ճարտարապետության և շինարարության համալսարանները, թույլ են տալիս լուրջ խնդիրներ լուծել: Շատ կարևոր եմ համարում միջբուհական համագործակցությունը. մտահոգիչ է, որ այս լաբորատորիաներից մյուս բուհերի ուսանողներն ու դասախոսներն ավելի քիչ են օգտվում: Ես ուզում եմ կոչ անել  բոլոր համալսարանների ուսանողներին իրենց գործնական աշխատանքներում ակտիվորեն ներգրավել այս լաբորատորիաները, որովհետև սրանք բաց կառույցներ են և ստեղծված հնարավորությունները պետք է հասանելի լինեն բոլորին»,-հայտարարել է ԿԳ նախարարը և հավելել, որ Հայաստանում այսօր առաջնային է տեխնոլոգիական համալսարանների խրախուսումը:

Սահմանվել է անվանական կրթաթոշակ` օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։

Հրամանի համաձայն՝ մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

միջազգային առարկայական…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։