Վարչապետը պարգևատրել է կրթական մրցույթներում լավագույն արդյունքը գրանցած աշակերտներին

2018-08-31

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է միջազգային առարկայական  օլիմպիադաների մասնակիցներին և մրցանակակիրներին, Հայաստանում և Արցախում   հանրապետական օլիմպիադաներում տարբեր տարիքային խմբերի լավագույն արդյունք արձանագրած աշակերտներին,   «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական և «Մեղու 2017» հայոց լեզվի մրցույթների մրցանակակիրներին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 թթ. ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին:
Երկրի վարչապետը շնորհավորել է դպրոցականներին ուսումնառության ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում գրանցած ձեռքբերումների համար և ՀՀ կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ միասին նրանց հանձնել է պարգևներ՝ մեդալներ, հավաստագրեր և նվերներ: 
Ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. 
«Սիրելի աշակերտներ և շրջանավարտներ,
հարգելի հյուրեր,
ինչո՞ւ է այսօրվա իրադարձությունն այսքան կարևոր, և ինչո՞ւ ենք այսպիսի հանդիսավոր պայմաններում իրականացնում այս մրցանակների և նվերների հանձնումը: Դրա պատճառը շատ պարզ է, որովհետև բնության մեջ չկա ավելի կարևոր բան, քան կրթությունն է: Այն ամենն, ինչ դուք այստեղ տեսնում եք և ինչի հետ առնչվում եք, կապված է կրթության հետ. եթե չլիներ կրթությունը, չէին լինի այն աթոռները, որոնց վրա դուք նստած եք, որովհետև մարդը, մինչև աթոռ պատրաստելու ընդունակությունը սովորելը, անցել է կրթության ճանապարհով: Այսինքն՝ կրթության արդյունքում է, որ մարդը կարողացավ ստեղծել աթոռ, կոշիկ, հագուստ, էլ չեմ ասում՝ բարձրախոս, տեսախցիկներ, ինտերնետ և, ի վերջո, թռչել տիեզերք, և, ի վերջո, ստեղծել բազմաթիվ գիտական և գեղարվեստական ստեղծագործություններ: Ի վերջո, կրթության արդյունքում է, որ մարդը հասկացավ, որ ուրիշ մարդու և ընդհանրապես մարդու իրավունքը, ուրիշ մարդու նկատմամբ հարգանքը, նրա իրավունքների հարգումը ամենակարևոր բանն է: 
Այն, որ ամենակարևորը կրթությունն է, երևում է ևս մեկ հանգամանքով: Օրինակ, ասում են, որ այսօր մարդկությունը հասել է քաղաքակրթության ամենաբարձր մակարդակի, այսինքն՝ այսօրվա աշխարհը նկարագրելու համար օգտագործում ենք «քաղաքակրթություն» բառը: Մենք դրանով խորհրդանշում ենք, որ մարդկությունը կրթության միջոցով այսօր հասել է իր զարգացման բարձրագույն կետին: 
Կրթության կարևորության արձանագրումը հատկապես կարևոր է այսօրվա Հայաստանում՝ նոր Հայաստանում, որովհետև ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք , թե ինչ կարևոր փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանում, և ինչ է տեղի ունեցել արդեն: Ուզում եմ ձեզ ներկայացնել հաջողության նոր բանաձևը նոր Հայաստանում: Սովորաբար ինչպե՞ս էր ընդունված ընկալել հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում. անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, լավ բարեկամ, լավ թիկունք, լավ հմտություններ, որոնք կապված չեն կրթության հետ, ավելի շատ բնազդական են: 
Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից: Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված է ձեզնից, որովհետև նոր Հայաստանի նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ մենք կարողանանք հնարավորությունների հավասար և ընդլայնված դաշտ ստեղծել, որպեսզի ձեզնից և մեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր ընդլայնվում են հնարավորի սահմանները, և ձեզնից յուրաքանչյուրն ունի այդ հնարավորությունների ընդլայնվող դաշտից օգտվելու հավասար հնարավորություն: Սա է ամենակարևոր արձանագրումը: 
Այսօր Հայաստանում հաջողություն ունենալու համար, և վաղն էլ է այդպես լինելու և սրանից հետո միշտ է այդպես լինելու, անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը՝ սկսած վարչապետից, ավարտած ցանկացած այլ մասնագիտության կամ զբաղմունքի տեր անձնավորությամբ, արձանագրի, որ իր հաջողությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է կրթությունը շարունակում իր համար ամենօրյա անելիք լինել: 
Հայաստանի Հանրապետությունում և, ցավոք, շատ տեղերում սովորաբար կրթություն ասելով հասկանում են, որ դա մի անելիք է, որով զբաղվում են երեխաները, պատանիները, լավագույն դեպքում՝ ուսանողները: Բայց կրթությունը 21-րդ դարի յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է, կրթությունը 21-րդ դարի մարդու ամենակարևոր զբաղմունքն է: Ես սիրում եմ ասել, որ յուրաքանչյուր մասնագիտության տեր անձնավորություն, անհատ, յուրաքանչյուր մարդ անխուսափելիորեն կորցնում է իր հնարավորությունն ու ներուժը, եթե ամեն հաջորդ օր ավելի ինտելեկտուալ չէ, ավելի բարձր կրթական ցենզ չունի, քան նախորդ օրը: 
Եվ, ի վերջո, կրթությունն ամենակարևոր միջոցն է՝ սեփական առաքելությունը գտնելու համար: Ընդհանրապես կարծում եմ, որ ցանկացած մարդ ծնվելու պահին ստանձնում է որոշակի առաքելություն: Այդ առաքելությունը մեր երկիրը, մեր երկիր մոլորակն ավելի լավը դարձնելն է, և միայն կրթության միջոցով, կրթության ճանապարհով անցնելով՝ մարդը կարող է հասկանալ, թե որն է իր աշխարհ գալու նպատակը, ինչ առաքելություն ինքը կարող է իրականացնել և պետք է իրականացնի՝ երկիր մոլորակը, սեփական հայրենիքը և միջավայրն ավելի լավը դարձնելու համար: 
Մենք այս արարողությունն անում ենք նման հանդիսավոր պայմաններում, որովհետև դուք բոլորդ վստահաբար, շատ ամուր քայլերով եք առաջ գնում սեփական առաքելությունը գտնելու ճանապարհով, կրթության ճանապարհով, այստեղ ընթերցվում էր ձեզնից յուրաքանչյուրի անուն-ազգանունը և նշվում էր «լավագույն արդյունք» բառակապակցությունը: Ես հույս ունեմ, որ մեր և ձեր գործունեության ընթացքում, երբ մենք խոսելիս լինենք Հայաստանի տնտեսության մասին, միջակետ կդնենք և կավելացնենք՝ լավագույն արդյունքը, երբ խոսելիս լինենք Հայաստանի առողջապահության մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը, երբ խոսենք Հայաստանի անվտանգության մակարդակի մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը, երբ խոսենք Հայաստանում բնակչության թվի ավելացման, աճի մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը, երբ խոսենք Հայաստանում տեխնոլոգիաների առաջընթացի մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը, երբ կխոսենք մարդու, քաղաքացու երջանկության ցուցանիշների մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը, երբ կխոսենք անկախ դատական համակարգի, ազատ մամուլի, ժողովրդավարության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության, լավագույն կառավարման, օրենքի իշխանության մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը: Հույս ունեմ, որ ինչպես դուք եք այսօր վստահ քայլերով գնում դեպի լավագույն արդյունքը, մենք բոլորս՝ Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, վստահ և ամուր քայլերով միասին գնում ենք դեպի լավագույն արդյունքը: 
Եվ ուրեմն՝ կեցցե′ ազատությունը, կեցցե′ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե′ք դուք, կեցցե′նք մենք, կեցցե′ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։