Արայիկ Հարությունյանն ընդունել է ԻԻՀ դեսպանին

2018-08-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ողջունելով հյուրին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները դրսևորվում են նաև կրթության և գիտության ոլորտներում և առկա համագործակցության մակարդակը բավարար հիմք է տալիս հետագա համատեղ ծրագրերի տեսլականը քննարկելու համար: «Անշուշտ, մենք հավատարիմ ենք մեր պետությունների միջև նախկինում կնքված հուշագրերի շրջանակում նախատեսված պարտավորություններին ու պատրաստակամ՝ քննարկելու նոր համատեղ ծրագրեր, որոնք հայ-իրանական հարաբերությունները կրթության և գիտության ոլորտում նոր որակական աստիճանի կբարձրացնեն»,- նշել է ԿԳ նախարարը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ողջունելով նախարար Հարությունյանին` իր խոսքում վերահաստատել է  իրանական կողմի պատրաստակամությունը՝ զարգացնելու առկա կրթագիտական  համագործակցությունը: Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը պայմանավորված է նաև գիտակրթական և միջհամալսարանական հարաբերությունների զարգացմամբ: Նա հաստատել է, որ Իրանի կառավարությունը պատրաստակամ է Հայաստանի քաղաքացիներին Իրանի բուհերում դոկտորական տեղերի տրամադրման հարցում: Դեսպանը ՀՀ կրթության և գիտության նախարարին է փոխանցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական այցի հրավերը:

 Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջբուհական հարաբերությունների ամրապնդման, ուսանողների և դասախոսների փոխանակման, Հայաստանում պարսկերեն լեզվի դասընթացների կազմակերպման, նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության, ինչպես նաև աշխատանքային այլ հարցերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։