Պետք է գիտությունը վերադարձնենք բուհեր. Արայիկ Հարությունյան

2018-07-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների տնօրեններ:

Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել բուհի հետ կապված խնդիրները, լսել կողմերի առաջարկներն ու դիտողությունները: «Առկա են որոշակի խնդիրներ՝ բուհում դասապրոցեսի, քննությունների կազմակերպման, կրեդիտների հաշվարկման հետ կապված: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ այդ խնդիրների լուծումները քննարկել նաև ձեզ հետ: Եվ քանի որ ԵՊԲՀ-ը պրոֆիլային բուհ է, և միջգերատեսչական շփումներ է առաջացնում, խնդրել եմ այս հանդիպմանը ներկա գտնվել նաև առողջապահության նախարարին»,-դիմելով ներկաներին՝ նշել է Արայիկ Հարությունյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին անդրադարձել է որակյալ կադրերի պատրաստման, կլինիկական օրդինատուրայի տեղերի և ծրագրերի, մասնագիտությունների բաշխման խնդիրներին: Նրա խոսքով՝ հետայսու Առողջապահության նախարարությունը, ԿԳՆ-ի և բուհի հետ համատեղ, առավել ակտիվ ներգրավվածություն է ունենալու բազմաթիվ գործընթացներում:

ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է բուհի պատմությունը, որոշակի վիճակագրական տվյալներ, ինչպես նաև բուհի զարգացման հեռանկարները:

Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել նախարարներին: Մասնավորապես, նրանց հետաքրքրել են բուհական համակարգում սպասվող փոխությունների ընթացքի, կրթության ֆինանսավորման, գիտության հիմնախնդիրների, կրթություն-աշխատաշուկա կապի ապահովման, որակյալ կադրերի պատրաստման, ընդունելության քննությունների կազմակերպման, ինչպես նաև ոչ պետական բժշկական ուսհաստատությունների լիցենզավորման հետ կապված հարցեր:

Անդրադառնալով բարձրացված հարցերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը միտված է մեծացնել կրթության ոլորտին հատկացվող ֆինանսական ռեսուրսները, սակայն արդյունավետ օգտագործելու համար դրանք պետք է ուղղվեն կոնկրետ ծրագրերի ուղղությամբ: Նա նաև նշել է, որ տարեցտարի գիտությունը հեռացել է բուհերից, որը բացասական ազդեցություն է ունեցել բարձրագույն կրթության ոլորտի վրա: «Պետք է անենք հնարավորը, որ գիտությունը վերադառնա բուհեր, որի արդյունքում կբարձրանա նաև կրթության ընդհանուր որակը»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման, բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությունների մեծացման, մրցակցային դաշտի ապահովման և այլ հարցերի: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։