Համաժողով՝ նվիրված ֆինանսական կրթության ներդրմանը դպրոցում

2018-07-11

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը և ՀՀ կենտրոնական բանկն այսօր կազմակերպել էին համաժողով՝ նվիրված ֆինանսական կրթության ներդրմանը դպրոցում և երիտասարդության շրջանում: Համաժողովին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը:

Միջոցառման բանախոսներն անդրադարձել են աշակերտների և երիտասարդության շրջանում ֆինանսական կրթության կարևորության հարցերին, մասնավորապես ՏՀԶԳ-ի հետազոտության համաձայն՝ աշակերտները պետք է ֆինանսական կրթություն ստանան հնարավորինս վաղ հասակում: Բացի այդ, կազմակերպությունը ներկայացրել է մի քանի երկրներում /Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և ՌԴ/ ֆինանսական գրագիտության վերաբերյալ համեմատական տվյալներ:

ՀՀ դպրոցներում ֆինանսական կրթության ներդրման մեխանիզմները ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը՝ նախանշելով դրա իրականացման ընդհանուր սկզբունքները: Նրա խոսքով՝ 2015 թվականից ի վեր Կրթության և գիտության նախարարությունը և Կենտրոնական բանկը, համագործակցելով Կրթության ազգային ինստիտուտի, Խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման հայաստանյան ներկայացուցչության, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության հետ, մշակել են «Սովորողների ֆինանսական կոմպետենցիաների մատրից» փաստաթուղթը, որը սահմանում է սովորողների համար անհրաժեշտ նվազագույն ֆինանսական գիտելիքը, հմտությունները, վերաբերմունքը և վարքագիծը՝ ըստ կրթական մակարդակների: Գոհար Մամիկոնյանի ներկայացմամբ՝ ֆինանսական կրթության բաղադրիչն ինտեգրված է «Ես և շրջակա աշխարհը» (2-4-րդ դասարաններ), «Մաթեմատիկա» (2-6-րդ դասարաններ), «Հասարակագիտություն» (8-11-րդ դասարաններ), «Հանրահաշիվ» (7-11-րդ դասարաններ) առարկաների ծրագրերում: Նա նշել է, որ հիմք ընդունելով առարկայական չափորոշիչները և ծրագրերը, ուսուցիչ վերապատրաստման մոդուլների համաձայն` 2017 թվականին վերապատրաստվել են 14 դպրոցների 46 առարկայական ուսուցիչներ, որոնք 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում փորձարկել են ֆինանսական կրթության բովանդակությունը` առարկաներում ինտեգրելու միջոցով: Ծրագրի փորձարկման արդյունքների հիման վրա վերջնական շտկումներ են իրականացվելու մշակված փաստաթղթերում: 2018 թվականի սեպտեմբերից նախատեսված է ծրագիրը ներդնել նաև ՀՀ բոլոր մարզերի 350 դպրոցներում՝ վերապատրաստելով ավելի քան 3000 ուսուցիչ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։