62 900 սովորող մասնակցել է ձեռնարկատիրական կրթության փորձնական ծրագրին

2018-06-25

Հայաստանի ամերիկյան համալսարանում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ մարզերի և Երևանի «Տեխնոլոգիա» առարկայի ավելի քան 130 ուսուցիչների հետ: Վերջիններս մասնակցել են ««Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» փորձնական ծրագրի վերապատրաստման դասընթացներին և 2017-2018 ուստարում իրականացրել այդ ծրագրի փորձարկումը: Հանդիպումը կազմակերպվել էր՝ վերոնշյալ ծրագրի արդյունքները ամփոփելու նպատակով:

Արայիկ Հարությունյանը, ողջունելով ուսուցիչներին, նշել է, որ դասավանդելու հմտությունները շատ կարևոր են՝ հատկապես 21-րդ դարի պահանջների թելադրանքից ելնելով: «Աշակերտները պետք է հենց դպրոցից իրենց գիտելիքների, իրենց ստեղծածի առևտրայնացման հմտություններ ձեռք բերեն: Շատ կարևոր է հասկանալ՝ ինչպիսի հասարակություն և աշակերտ ենք ցանկանում ունենալ: Այս ծրագիրը փորձարկվել է դպրոցներում, և բոլորիս մտահոգում է այն հարցերի պատասխանը, թե ի՞նչ է արվել և ի՞նչ խնդիրներ են առաջացել ծրագրի ներդրման ճանապարհին: Առկա են ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ՝ ծրագրի ներդրման և բովանդակության հետ կապված, որոնք, կարծում եմ, անհիմն չեն: Հետևաբար սա կարևոր հանդիպում է, որպեսզի ծրագրի հեղինակների և մասնակիցների հետ քննարկենք և փորձենք գտնել օպտիմալ տարբերակներ»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Հանդիպման մասնակիցները նախարարին են ներկայացրել փորձնական ծրագրի ներդրման և բովանդակության հետ կապված իրենց դիտարկումները, առաջարկություններն ու դիտողությունները:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը դեռևս 2016 թվականին ձեռնամուխ է եղել հանրակրթության ոլորտում ձեռնարկատիրական կրթության ներդրման համապատասխան ծրագրի մշակմանը: Համաձայն այդ ծրագրի՝ հիմնական տարրական և միջին դպրոցում ձեռնարկատիրական կրթության բաղադրիչներն աշակերտներին պետք է ուսուցանվեն ոչ թե հատուկ դասընթացի, այլ «Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող բաղադրիչի միջոցով: Ընդ որում, համաձայն ծրագրի՝ ինտեգրումը պետք է կատարվի 2-7-րդ դասարաններում փուլային կարգով՝ չորս ուստարվա ընթացքում. մեկնարկը՝ 2017-2018, իսկ ավարտը՝ 2020-2021 ուստարում:

Ծրագրի իրականացումը ՀՀ ԿԳ նախարարությունը 2017 թվականին հանձնարարել էր  «Հայաստանի պատանեկան  նվաճումներ» կազմակերպությանը, քանի որ այն ՀՀ կրթական ոլորտում ուներ ձեռնարկատիրական կրթության ծրագրերի իրականացման բազմամյա փորձ: Փորձնական ծրագիրն իրականացնելու նպատակով կազմակերպությունը մշակել և հեղինակել է ուսուցչի ուղեցույցներ, մեթոդական և օժանդակ նյութեր, վերապատրաստվել են 1247 հիմնական  դպրոցների 1356 ուսուցիչ:  Հենց այդ ուսուցիչների կողմից էլ 2017-2018 ուստարում ծրագիրը փորձարկվել է այդ դպրոցների 1-ական 2-րդ և 3-րդ դասարաններում, ընդհանուր առմամբ՝ շուրջ 62 900 սովորողների շրջանում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։