Հանրակրթության հաջողությունից է կախված կրթության մյուս աստիճաններում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը. Արայիկ Հարությունյան

2018-06-19

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է կրթության համակարգում միջազգային կառույցների հետ իրականացվող ծրագրերը և համոզմունք հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն՝ նպաստելով հայ-բրիտանական հարբերությունների խորացմանն ու զարգացմանը: ԿԳ նախարարը, ներկայացնելով կրթական բարեփոխումների ուղղությունները, հիմնականում անդրադարձել է հանրակրթության ոլորտին: «Մեր առաջնահերթությունը հանրակրթությունն է, քանի որ այս ոլորտի հաջողությունից է կախված կրթության մյուս աստիճաններում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Նա մտահոգություն է հայտնել փոքրաթիվ դպրոցների խնդրի վերաբերյալ՝ ընդգծելով, որ ներկայումս քննարկվում են տարբեր նախագծեր, որոնցից մեկն էլ գյուղական համայնքներում կրթամշակութային կենտրոնների մոդելն է: Անդրադառնալով օտար լեզուների դասավանդման զարգացման խնդիրներին՝ ԿԳ նախարարը կարևորել է Միացյալ Թագավորության դեսպանատան և Բրիտանական խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը, որն ուղղված է հանրակրթական դպրոցներում անգլերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, անգլերենի տարածման և զարգացման ուղղությամբ գործնական քայլերի ակտիվացմանը:

Իր հերթին դեսպան Ֆարնուորթը, շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, հավաստիացրել է, որ դեսպանատունը գործուն մասնակցություն կունենա կրթական համակարգի տարբեր օղակներում համագործակցության ակտիվացման և կոնկրետ ծրագրերի իրականացման գործում: Համագործակցության առկա ծրագրերից դեսպան Ֆարնուորթն առանձնացրել է Հայաստանի տարբեր մարզերում գործող անգլերենի խմբակների ծրագիրը, անդրադարձել կրթության ոլորտի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։