Հայ-իտալական կրթական համագործակցության հեռանկարներ

2018-06-11

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:

Հանդիպման առանցքում եղել է հայ-իտալական կրթական համագործակցության զարգացման հետ կապված հարցերը, մասնավորապես իտալերեն լեզվի ուսուցման արդյունավետության բարձրացումը և Հայաստանում խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնադրման հնարավորությունները: Ողջունելով  դեսպանին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից է օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացումը: Նրա խոսքով գործնական քայլեր կիրականացվեն ինչպես  իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնադրման, այնպես էլ միջբուհական համագործակցության և կապերի  զարգացման ուղղությամբ:

Դեսպան Դել Մոնակոն շնորհավորել է Արայիկ Հարությունյանին` ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ բացի քաղաքական, տնտեսական համագործակցությունից՝ կարևորագույն դեր ունի կրթության ոլորտի զարգացումն ու այդ ոլորտում համագործակցությունը: Դեսպանի խոսքով,  կրթության ոլորտում իրականացվող գործունեությունը միտված է ապագային: Դեսպանը վերահաստատել է իտալական կողմի պատրաստակամությունը Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի ստեղծմանը, ինչպես նաև  «Դանթե Ալիգիերի» կրթամշակութային կենտրոնի հիմնադրմանն աջակցելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։