«Դասավանդի՛ր, Հայաստանը» կրթությունը հասանելի է դարձրել Հայաստանի և Արցախի հեռավոր գյուղերի աշակերտների համար

2018-06-05

Հայ-ռուսական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի «Ես դառնում եմ դեսպան» հանդիսավոր արարողությունը, որը նվիրված էր առաջնորդության զարգացման երկամյա ծրագիրն այս տարի ավարտող այն 28 մասնակցին, ովքեր հիմնադրամի կողմից արժանացան Կրթության հավասարության դեսպանների կոչմանը և ստացան ավարտական պատվոգրեր։ Նրանք այն երիտասարդներն են, ովքեր երկու տարի առաջ մեկնել են Հայաստանի տարբեր համայնքներ՝ դասավանդելու դպրոցներում և նպաստելու Հայաստանի կրթական համակարգում ամենամեծ խնդրի լուծմանը՝ կրթական հնարավորությունների հավասարության ապահովմանը: Միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, «Դասավանդի՛ր, Հայաստանի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։
«Զարգացած Հայաստան ասելիս նախևառաջ հասկանում ենք ժամանակակից և զարգացած կրթություն: Հայաստանը 21-րդ դարում չի կարող ունենալ լավ ծրագրեր, լավ ապագա, եթե չունենա հիմք՝ կրթված քաղաքացիներ: Այստեղ կրթությունը պետք է լինի համաչափ: Տարբեր ոլորտների տաղանդները չեն ծնվում միայն Երևանում, այլ նաև մյուս քաղաքներում, գյուղերում և հաճախ՝ հեռավոր գյուղերում: Այս ծրագրով շատ կարևոր գործ է արվում՝ կրթությունը հասանելի դարձնել նաև հեռավոր անկյուններում»,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ իր երախտագիտությունը հայտնելով ծրագրի մասնակիցներին և կազմակերպիչներին: 
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ևս շնորհակալություն է հայտնել «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամին՝ կատարված աշխատանքի համար: «Ես հեռվից միշտ հետևել եմ ձեր աշխատանքին, իսկ անցած տարի ընդհուպ մոտեցել էի ձեզ: Երբ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին ձայների փոքր տարբերությամբ չէի անցել խորհրդարան, որոշել էի այլևս քաղաքականությամբ չզբաղվել և մտածում էի՝ ինչ անել: Հենց այդ ժամանակ որոշեցի մասնակցել «Դասավանդիր Հայաստան» ծրագրին, սակայն մի քանի օր հետո մեկնարկեցին Ավագանու ընտրությունները, և հետո արդեն տեղի ունեցան բոլորին հայտնի իրողությունները»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ իր խոսքում անդրադառնալով ծրագրի կարևորությանը: «Շատերս երբ գնում ենք հեռավոր գյուղեր, քաղաքակրթությունից հեռու բնակավայրեր, տեսնում ենք, որ մեր մասնագիտությունից ցանկացած դրվագ երեխաներին ներկայացնելիս նրանց մոտ կրթության նկատմամբ մեծ հետաքրքրություն է առաջանում, նրանց աչքերը սկսում են փայլել: Այսպիսի յուրաքանչյուր դրվագ կարող է ճակատագրական լինել նրանց կյանքում: Այս առումով «Դասավանդիր Հայաստան» ծրագիրն առաջնորդվում է նույն սկզբունքով, որը կրթության ոլորտում դավանում է նաև նոր կառավարությունը, այն է՝ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի, այլ ոչ թե քչերի համար: Եվ այդ միջավայրը պետք է ստեղծել Հայաստանի բոլոր դպրոցներում, ամենահեռավոր գյուղերի կրթօջախներում: Ողջունում եմ կրթության բոլոր դեսպաններին և վստահեցնում, որ այս ուղղությամբ մեր համագործակցությունը շարունակվելու է»,-ընդգծել է նախարարը:
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցները տեղաբաշխված են Հայաստանի մարզերի այն դպրոցներում, որտեղ կա համապատասխան ուսուցիչների պակաս: Այս տարի ծրագիրը կունենա 65 նոր ընտրված մասնակից: Ծրագրի մասնակիցների ընդհանուր թիվը կկազմի շուրջ 100 ուսուցիչ: Նախորդ տարի «Դասավանդիր, Հայաստանը» հաջողությամբ մուտք է գործել նաև Արցախ: Այս պահին ծրագիրը ներկայացված է Հայաստանի 6 մարզի, Արցախի 3 շրջանի 51 գործընկեր դպրոցում: 70 մասնագետ աշխատում է շուրջ 6000 երեխայի հետ: Մոդելը, որի հիման վրա ստեղծվել է ծրագիրը, 29 տարվա պատմություն ունի և կիրառվել է աշխարհի 48 երկրում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։