ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքը՝ շրջանավարտներին

2018-05-24

Սիրելի´ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցական «Վերջին դասի» կապակցությամբ: 

Դպրոցին հրաժեշտ տալու և կյանքի նոր փուլ մտնելու հիշարժան այս իրադարձությունը համընկել է Հայաստանի և նրա հասարակության համար անչափ կարևոր իրադարձությունների հետ, որի ականատեսն ու ակտիվ մասնակիցն եք եղել դուք վերջին ամիսներին: Խորհրդանշական է, որ Հայաստանի Հանրապետությունն էլ իր կենսագրության նոր փուլն է սկսում հիմա՝ հարստացած նոր լիցքերով և փոփոխությունների մեծ սպասումով: 
Մասնագիտության և զբաղմունքների ընտրությունը, անկասկած, ձեր կյանքի կարևոր որոշումներից է լինելու: Ցանկանում եմ, որ տարիներ անց էլ գոհ լինեք կատարած ընտրությամբ, ձեր գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնենք արդար հասարակության կայացմանը:
Սակայն այս պահին, մասնագիտությունից էլ առավել, ես կարևորում եմ լավ քաղաքացի լինելու և դառնալու ճանապարհը: Դպրոցի խնդիրը միայն գիտելիք փոխանցելը չէ: Լավն է այն կրթությունը, որ պատրաստում է զարգացած, քննադատական մտածողությամբ, սեփական իրավունքները գիտակցող և դրանք պաշտպանող քաղաքացիներ: 
Դուք եք նոր Հայաստանի ճարտարապետները: Մաղթում եմ ձեզ, որ այդ գործում հաջողեք՝ որպես իրավագիտակից և հպարտ քաղաքացիներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։