ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ

2018-05-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բուհերի ակադեմիական ազատությունների, ընդունելության քննությունների կազմակերպման, «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ տարատեսակ հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Համաժողովրդական շարժման ընթացքում բարձրացված՝ ուսանողների իրավունքներին վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես, տարկետման իրավունքի, բուհերի կառավարման մարմինների և ուսանողական խորհուրդների ապաքաղաքականացման վերաբերյալ: Այդ համատեքստում նախարարը կարևորել է շարժման ընթացքում կիրառված պայքարի, այդ թվում՝ քաղաքացիական անհնազանդության գործիքների շարունակական օգտագործումը՝ որպես իրավունքների իրացման տարբերակ: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այդ գործիքներն այլևս կարող են օգտագործել բոլորը։ «Մենաշնորհներ, ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ այստեղ պետք է այլևս չլինեն», -նշել է նախարարը և հավելել, որ բարձր է գնահատում հատկապես պայքարող ուսանողներին՝ այսպիսով իր սերն ու հարգանքը հղելով վերջիններիս: 
Արայիկ Հարությունյանը ռեկտորներին տեղեկացրել է նաև, որ պետական բուհերն այլևս իրենց արտաբյուջետային միջոցներից գումար չեն փոխանցի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։