Դիպլոմներ` հանրապետական փուլի հաղթողներին

2018-05-17

2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի հաղթողներին այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հանձնվել են 1-ին կարգի դիպլոմներ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին և նրանց ծնողներին,  նշել է, որ նմանատիպ մրցույթներին մասնակցելը և հաղթելը հաճելի ու մոտիվացնող զգացողություն է: «Որպես դպրոցական՝ ինքս էլ եմ բազմաթիվ մրցույթների մասնակցել և 1-ին տեղեր զբաղեցրել, դրա համար գիտեմ՝ ինչ ենք զգում այս պահին: Որպեսզի այդ հաղթանակից հետո դատարկության զգացողություն չունենաք, անմիջապես անցեք հաջորդ նպատակների իրագործմանը, որովհետև նման հաջողություններից հետո օբյեկտիվորեն դժվար է լինում»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով օլիմպիադայի կազմակերպիչներին, քանի որ, ըստ նախարարի, շուրջ 60 հազար դպրոցականի շրջանում մրցույթի կազմակերպումը բավականին բարդ աշխատանք է: «Օլիմպիադաների հարցում նախկինում հնչել են քննադատություններ առ այն, որ դրանց ընթացքում չեն ստուգվում աշակերտների վերլուծական-քննադատական ունակություններն ու հմտությունները: Մասնագետների հետ կքննարկենք այս հարցը և հաջորդ տարիներին թերևս վերանայենք որոշակի մոտեցումներ: Այս սերունդը մեծ հեռանկարներ ունի, որովհետև վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ բավականին ազատ և արդար քաղաքացի ու աշակերտ ունենք, ովքեր կերտելու են միանգամայն այլ Հայաստան»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ աշակերտներին մաղթելով նորանոր հաջողություններ:

Նշենք, որ 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 58000 սովորող: Դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվել են 16 առարկայից, որոնցից «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աստղագիտություն», «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաներից սովորողները մասնակցում են միջազգային օլիմպիադաներին: Միջազգային օլիմպիադաների թիմերը կազմվում են հանրապետական փուլի հաղթողներից:  16 առարկայից հանրապետական փուլին մասնակցել է 1535 աշակերտ, որոնցից առաջին կարգի դիպլոմների է արժանացել 63, երկրորդ կարգի դիպլոմի՝ 105 և երրորդ կարգի՝ 162 աշակերտ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։