Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան

2018-05-15

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանին: Վարչապետը, շնորհավորելով և հաջողություն մաղթելով վերջինիս, անդրադարձել է այն խնդիրներին որոնք առաջնահերթ են նոր կառավարության համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է բացառել կրթական համակարգի ներքաշվածությունը քաղաքական գործընթացներին: «Սա է այն անկյունաքարային պատճառը, որից բխում են մյուս խնդիրները: Դպրոցական և բուհական համակարգի կուսակցականացվածության խնդիրը խեղաթյուրում է ողջ կրթական գործընթացը: Դպրոցը և բուհը պետք է դադարեն լինել քաղաքական իշխող ուժի ֆորպոստը: Ես ուժեղ ազդակ եմ տեսնում այն հարցում, որ ապրիլյան քաղաքական գործընթացներին հսկայածավալ մասնակցություն ունեցան դպրոցականներն ու ուսանողները: Եթե վերջիններիս դեպքում այն հասկանալի է, ապա դպրոցականների պարագայում ահազանգ է բոլորիս, որ այդ ոլորտում ունենք հսկայական խնդիրներ: Հարաբերությունների այն մակարդակը, որը ներկայումս տիրում է դպրոցում, պետք է բոլորիս մտահոգի, հետևաբար հրատապ է այդ խնդիրների լուծումը: Կրթական համակարգն այս պահին ունի բավականին մեծ ներուժ՝ մարդկային, մտավոր և պրոֆեսիոնալ,  և երբ համակարգը դրվի կրթական տրամաբանության մեջ, բոլոր հարցերը կունենան հնարավորինս արդյունավետ լուծումներ: Դպրոցը և բուհը պետք է խնդիր դնեն ոչ թե դաստիարակել իշխանամետ կամ ընդդիմադիր քաղաքացիներ, այլ ՀՀ քաղաքացի, ով ինքը կորոշի՝ լինել իշխանամետ, ընդդիմադիր, թե ապաքաղաքական: Եվ այս երեք հնարավոր լուծումները  պետք է ընդունելի լինեն բոլորի համար: Այս առումով ցանկանում եմ կարևորել բուհերի ինքնավարության խնդիրը. բուհը պետք է չփակի իր դռներն ուսանողի առջև, քանի որ ուսանողությունը երկրի և ժողովրդի էներգիան իր մեջ կենտրոնացնող հատվածն է»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Միաժամանակ, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանին` վարչապետը հույս է հայտնել, որ վերջինս տարիների ընթացքում կուտակած իր փորձը կփոխանցի նորանշանակ նախարարին, որպեսզի խնդիրները լուծվեն հնարավորինս արդյունավետ:

Շնորհավորելով և հաջողություն մաղթելով նոր կառավարությանը՝ Լևոն Մկրտչյանն իր հերթին նշել է, որ 21-րդ դարն իսկապես մեծ պահանջներ է դնում կրթության համակարգի առջև: Ըստ Լևոն Մկրտչյանի՝ ի դեմս երիտասարդության, առկա է հսկայական ներուժ, որը մեծ ցանկություն ունի ապրել և ստեղծագործել 21-րդ դարի Հայաստանում: Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՆ աշխատակազմին՝ հավաստիացնելով, որ աշխատակիցների մեծ մասն ունի տարիների փորձ, որը լավագույնս կօգտագործվի կրթական խնդիրների լուծման հարցում:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, մասնավորապես նշել է. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Վստահ եմ, որ կրթության ոլորտում կարող եմ լավագույնս դրսևորվել և անել առավելագույնը: Առկա բոլոր խնդիրների լուծման գործընթացում հաշվի կառնվեն բոլորի կողմերի դիրքորոշումները: Նախարարությունը կստանձնի բացառապես անկախ արբիտրի դեր՝ փորձելով գտնել լավագույն լուծումները: Այսօր առկա են բազմաթիվ խնդիրներ հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտում, սակայն հրատապ լուծման կարիք ունի տարկետման հետ կապված խնդիրը, որի հարցով նույն ուսանողության կողմից հնչել են խնդիրը քննարկելու կոչեր և կոնկրետ առաջարկներ: Հրատապ է նաև ընդունելության քննությունների՝ հավուր պատշաճի կազմակերպման հարցը»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ներկայումս ԿԳՆ-ում առկա է բավականին ներուժ  և իր կառավարման օրոք բոլոր գիտակ ուժերին կտրվի հնարավորություն՝ այն  լավագույնս դրսևորելու համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։