Նախարարը հանդիպել է «Լռության ձայն» կազմակերպության ներկայացուցիչներին

2018-02-28

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է «Լռության ձայն» հասարակական կազմակերպության նախագահ Արտաշես Հովհաննիսյանին և լսողության խանգարումներ ունեցող երիտասարդների: Վերջիններիս նախարարը հրավիրել էր հանդիպման՝ լսելու նրանց մտահոգությունները  և առաջարկությունները՝ «Բարձրագույն կրթության մասին» օրինագծում ներառականության ապահովման և հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների ամրագրման վերաբերյալ: Երիտասարդները նշել են, որ ի տարբերություն հանրակրթական համակարգի՝ բարձրագույն կրթության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց համար որոշակի դժվարություններ կան մատչելիության, հասանելիության և, առհասարակ, ներառականության տեսանկյունից: Ըստ հանդիպման մասնակիցների՝ կոնկրետ լսողության խանգարում ունեցող անձանց համար բուհերում բացակայում են թարգմանիչների հաստիքներ, իսկ առկա թարգմանիչները կարիք ունեն հավելյալ վերապատրաստման:

Նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ օրինագծում որոշակի լուծումներ են տրվել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, իսկ որոշ հարցեր կկարգավորվեն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման փուլում: Առկա բոլոր խնդիրներին համակարգային լուծում տալու համար, ըստ Լևոն Մկրտչյանի,  անհրաժեշտ են ֆինանսական մեծ ներդրումներ: Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է կատարել համապատասխան վերլուծություն և հաշվարկ, որի արդյունքում գուցե կարիք լինի Մանկավարժական համալսարանում, օրինակ, ներդնել թարգմանիչների մագիստրոսական ծրագիր: «Սրա արդյունքում մի քանի տարի հետո կունենանք թարգմանիչների սերունդ և ամեն բուհում՝ առնվազն մեկ այդպիսի հաստիքի առկայություն»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավաստիացնելով, որ պետությունը կանի  հնարավորը՝ երիտասարդների մասնագիտական ուսումնառությունն առանց խոչընդոտների կազմակերպելու համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։