Խորհրդարանական լսումներ Բարձրագույն կրթության օրինագծի շուրջ

2018-02-21

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր անցկացվել են «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ:  Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին՝ նման լսումները կազմակերպելու համար: «Իմ երախտագիտությունն եմ հայտնում ոչ միայն ներկաներին, այլ նաև մեր հասարակության այն հատվածին,  որը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել օրենքի նախագծի քննարկմանը, քանի որ իսկապես համակարգային փոփոխություններ ենթադրող օրինագիծ է ներկայացվելու Աժ-ի քննարկմանը: Մինչև խոսքիս բովանդակային մասին անցնելը՝ ցանկանում եմ փոքր պատմական էքսկուրս անել: 1998 թվականին ես պատիվ եմ ունեցել Աժ-ում ներկայացնել  «Կրթության մասին» ՀՀ օրենքը, որը մինչ այդ Հայաստանը չուներ, և շատ լավ հիշում եմ քննարկումների այդ շրջանը: Իսկապես օրենքը շատ երկարատև քննարկվեց, հնչեցին քննադատություններ, քանի որ այդ պահին Աժ-ում բավականին բարդ իրավիճակ էր՝ ընդդիմությունը մոտավորապես 70 տեղ ուներ:  Եվ ես հիշում եմ իմ հանդիպումը երջանկահիշատակ պարոն Եգորյանի հետ, երբ մենք այն քննարկեցինք սկզբունքային կարևոր մի հարցադրումով՝ ՀՀ-ին «Կրթության մասին» օրենք անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Եվ այդ լարված քաղաքական իրավիճակում օրենքն անցավ, եթե չեմ սխալվում, առանց դեմի, կամ 2-3 ձեռնպահով, որովհետև կարողացանք դահլիճում համախոհություն ստեղծել այն իմաստով, որ երկրին անհրաժեշտ է նման փաստաթուղթ ունենալը, քանի որ համակարգը պետք է զարգանա: Օրենքը, իհարկե, ուներ բացթողումներ և տարիների ընթացքում այն անընդհատ կատարելագործվել է: Այս օրենքի նախագիծը ներկայացնելուց ևս չենք հավակնում, որ բերել ենք դոգմատիկ փաստաթուղթ, որը կարիք չի ունենալու զարգացնելու: Բնական է, որ դեռ լինելու են  քննարկումներ, և հետագայում ևս կյանքի քննության լույսի ներքո հնարավոր է, որ ցանկացած օրենք ենթարկվի որոշակի փոփոխությունների: Այս իմաստով բոլորիս խնդիրն է  քննարկել՝ անհրաժեշտությու՞ն է այսօր  «Բարձրագույն կրթության մասին» նման օրենք ունենալը և որքանո՞վ է դա պայմանավորված ոլորտի զարգացման հեռանկարներով: Սա առաջին խնդիրն է, իսկ երկրորդը՝ ինչպիսի՞ օրենքի նախագիծ ենք ցանկանում հաստատել և ի՞նչ խնդիրներ պետք է լուծի այդ օրենքը: Եթե փորձելու ենք հասարակությանը համոզել, որ բարձրագույն  կրթության ոլորտի հիմնախնդիրներն  այս օրենքով լուծվելու են և բոլոր հարցերի պատասխանները մենք որոնելու ենք այս օրենքի մեջ, ապա, բնականաբար, դա  ճիշտ ճանապարհ չէ: Օրենքը, իմ խորին համոզմամբ, պետք է նախևառաջ չխոչընդոտի զարգացմանը. սա առաջին կարևոր նախապայմանն է: Այսինքն՝ պետք է որևէ առողջ նախաձեռնություն, զարգացման միտում ունեցող ծրագիր ՀՀ-ում չխոչընդոտվի այն պատճառաբանությամբ, որ օրենքը թույլ չի տալիս: Եվ երկրորդ՝ օրենքը պետք է նպաստի զարգացմանը»,-բացման խոսքում նշել է նախարարը և զեկույցով ներկայացրել նոր օրենքի նախագիծը:
 Զեկույցից հետո ներկաները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք մասնավորապես վերաբերել են բուհերի ինքնավարության, կառավարման խորհուրդների, ամբիոնների վարիչների գործունեության, բուհերի կազմակերպաիրավական ձևերի, նախաբակալավրիատի, կառավարման խորհուրդներում գործատուների ներգրավվածության, ներառականության ապահովման և մի շարք խնդիրների: Հիմնական զեկուցումներից հետո հնչել են ելույթներ, որոնց ընթացքում ԱԺ պատգամավորները, բուհերի ռեկտորները, հասարակական հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկությունները և դիտողությունները՝ օրենքի նախագծի վերաբերյալ: Ամփոփելով լսումները նախարար Լևոն Մկրտչյանը, մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել; մասնակիցներին ակտիվ քննարկման համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։