Մամուլի ասուլիս՝ իրականացված և նախատեսվող աշխատանքների և ներդրումային ծրագրերի վերաբերյալ

2018-02-19

2017թ. իրականացված և այս տարի նախատեսվող հիմնական աշխատանքների և ներդրումային ծրագրերի վերաբերյալ ասուլիսին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նախ շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցներին՝ կրթության և գիտության ոլորտի հանդեպ ունեցած հետաքրքրության և ողջ տարվա ընթացքում ԶԼՄ-ների հետ համագործակցության համար: «Մամուլի հրապարակումները, «Թեժ գիծը», հասարակական կազմակերպությունների կողմից անընդհատ բարձրացված հարցադրումներն օգնում են նախարարության աշխատանքն ավելի կանոնակարգված իրականացնել»,-ընդգծել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ 2017 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է ռազմավարական նշանակության մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» և «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերը: 
Հանրակրթություն՝ նախակրթարաններից մինչև ներառականություն
Անդրադառնալով հանրակրթության ոլորտին՝ նախարարը մատնանշել է Համաշխարհային բանկի աջակցությամբ  իրականացված «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակում 2017թվականին 27  միկրոծրագիր է իրականացվել ՀՀ մարզերի 23 ուսհաստատությունում, որոնցում ընդգրկված է նախադպրոցական տարիքի շուրջ 450 երեխա: Ներդրումների ծավալը կազմել է՝   248.300 ԱՄՆ դոլար: Ըստ նախարարի՝ 2018 թվականին նախատեսվում է  Երևանում, ՀՀ Վայոց Ձորի և այլ մարզերում  բացել մոտ 20 նախակրթարան՝ շուրջ 500 երեխայի ընդգրկմամբ: Ներդրումների ծավալը կկազմի՝ 235.000 ԱՄՆ դոլար: Անդրադառնալով ներառական կրթությանը՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ 2017 թվականին 4 հատուկ դպրոցներ վերակազմակերպվել են մանկավարժահոգեբանական աջակցության  կենտրոնների, հանրակրթական դպրոցներ է տեղափոխվել 172 երեխա: Թվով 8300 հատուկ կարիքներով երեխաների կրթության կազմակերպմանն աջակցելու նպատակով աշխատանքի է անցել 520 ուսուցչի օգնական: Ներկայումս համընդհանուր ներառական կրթություն իրականացվում է ՀՀ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում, 2018 թվականին այն կներդրվի ՀՀ Արմավիրի մարզում, իսկ մինչև 2022 թվականը հանրապետությունն ամբողջությամբ անցում կկատարի համընդհանուր ներառական կրթության: «Հատուկ դպրոցների համակարգը համալիր ուսումնասիրության  կարիք ունի. չի թույլատրվելու հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ իրականացնել բոլորովին այլ նպատակ հետապնդող ծրագրեր: Այս խնդրում մի քիչ ռիսկայնությունը մեծանում է՝ ըստ աշակերտ թվի ֆինանսավորումը բազմապատիկ բարձր է, և հաճախ նմանատիպ հաստատություններում նկատվում են կեղծ ամրագրումներ կամ հաշմանդամություն չունեցող անձանց ներգրավում»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այս հարցում նախարարության հիմնական գործընկերներն են՝ USAID-ն և World Vision-ը:
Առարկայական հանրապետական և միջազգային օլիմպիադաներ
Լևոն Մկրտչյանն անդրադարձել է նաև դպրոցականների առարկայական հանրապետական և միջազգային օլիմպիադաներին՝ ընդգծելով, որ 2017թ. անցկացվել են դպրոցականների հանրապետական օլիմպիադաներ հանրակրթական 16 առարկայից, որոնց մասնակցել է շուրջ 1490 սովորող, իսկ միջազգային օլիմպիադաներին Հայաստանը թիմային մասնակցություն է ունեցել «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Ինֆորմատիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն» առարկաներից՝ շահելով 13 մեդալ`  5 արծաթ և 8 բրոնզ: 
Հեռավար, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթություն
Անդրադարձ է եղել նաև հեռավար կրթության կազմակերպմանը. մասնավորապես, գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում հեռահաղորդակցային կապի միջոցով 2017 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության ընտրած մենթոր դպրոցները նախատեսվող ծրագրի պիլոտային փուլով գործընկեր դպրոցների մասնակցությամբ բնագիտական առարկաներից հեռավար դասեր են իրականացրել 7-12-րդ դասարաններում: Պիլոտային փուլին մասնակցել են 13 մենթոր և 42 գործընկեր դպրոց, որոնցից  8-ը՝ սահմանամերձ և սոցիալական աջակցություն ստացող համայնքների ուսհաստատություններ:  Ընդհանուր առմամբ՝ ծրագրում ներգրավված են եղել 55 դպրոց, շուրջ 6700 աշակերտ, 70 ուսուցիչ: «Եվրոպական Իթվինինգ» և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ծրագրերին 2017թվականի դրությամբ մասնակցել է 233 դպրոցի 1092  ուսուցիչ: Նշված ժամանակահատվածում, հայաստանցի ուսուցիչների մասնակցությամբ, իրականացվել է 53 միջազգային նախագիծ, որոնց մասնակցել է Հայաստանի առնվազն 1 ներկայացուցիչ: ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար ուսուցման հմտություններ ունեցող ուսուցիչների մասնակցությամբ կազմակերպել է 9 հեռավար դասընթաց: Բացի այդ, 2017 թվականի սեպտեմբերից 13 դպրոցում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Ես և շրջակա աշխարհը» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցում՝ ֆինանսական կրթության տարրերի ներառմամբ: Վերապատրաստվել է 13 դպրոցի 46 ուսուցիչ: Փորձնական ծրագրում ընդգրկված է շուրջ 1600 սովորող: Իսկ թվով 1247 հիմնական դպրոցների մեկական 2-րդ և 3-րդ դասարաններում 2017 թվականի սեպտեմբերից ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցում` ձեռնարկատիրական  տարրերի ներառմամբ: Վերապատրաստվել է 1247 դպրոցի 1356 ուսուցիչ: Փորձնական ծրագրում ընդգրկված է շուրջ 62900 սովորող: Թվով 227 ավագ և միջնակարգ դպրոցների մեկական 10-րդ դասարաններում սեպտեմբերից ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Ձեռնարկատիրություն» առարկայի ուսուցմամբ: Վերապատրաստվել են 227 դպրոցի 227 ուսուցիչ: Փորձնական ծրագրում ընդգրկված է շուրջ 6300 սովորող: 
Օտար լեզուների դասավանդման զարգացում
Լևոն Մկրտչյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության հանրակրթական ուսումնական հաստատություններում օտար լեզուների զարգացման ծրագրի շրջանակում իրականացված նախագծերին: Ամենամեծ պիլոտային ծրագիրն իրականացվում է ֆրանսերենի խորացված ուսուցման գծով. այն ներդրվել է 10 դպրոցում: ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ֆրանկոֆոն երկրներին և կազմակերպություններին՝ ընդգծելով, որ հաջողված մեթոդը կարելի է կիրառել նաև այլ լեզուների խորացված ուսուցման դեպքում: ՀՀ 6 համայնքների դպրոցներում բացվել են անգլերեն լեզվի ակումբներ: Ծրագիրն իրականացվել է Բրիտանական խորհրդի կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության հովանավորությամբ «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում: Անգլերենի ակումբներից 5-ը գտնվում են մարզերում, 1-ը՝ Երևանում: Ծրագրում ընդգրկված դպրոցներից 4-ում հիմնադրվել են երկուական, իսկ երկուսում կահավորվել մեկական անգլերենի ուսուցման կաբինետներ, որոնք ապահովված են անգլալեզու գրականությամբ, էլեկտրոնային ռեսուրսներով, սմարթ գրատախտակներով և նոր կահավորմամբ: Ընդհանուր առմամբ՝ կահավորվել է 10 անգլերենի ուսուցման դասարան՝ ապահովված ժամանակակից կրթական միջավայրով: Նորաբաց անգլերենի խմբակներում ընդգրկված է 800 երեխա՝ յուրաքանչյուր խմբում առավելագույնը 20 սովորող: «Գերմաներեն լեզվի մասով ևս շատ լավ ծրագիր ունենք. տարիներ շարունակ մեր դպրոցներում աշխատում են Գերմանիայից հրավիրված ուսուցիչներ: Ծրագրի արդյունավետությունը պայմանավորված է նաև Գերմանիայի դեսպանատան և գերմանական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությամբ»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ երեք օտար լեզուների փորձնական ծրագրերում ընդրկված է շուրջ 70 դպրոց:  
Բացի այդ, 2018 թվականին շահագործման կհանձնվի չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը: Չինական կողմից կատարված 83,4 մլն յուան /շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար/ ներդրմամբ ավելի քան 15 հազար քառակուսի մետր տարածքի վրա կառուցվող դպրոցական նոր համալիրի կառուցապատման մակերեսը 8000 քառակուսի մետր է, դպրոցը կունենա ժամանակակից ճարտարապետական ոճ,  մարզադահլիճներ, մշակութային կենտրոն, ուսումնական և հանրակացարանային մասնաշենքեր: «Չինարենի ուսուցումն այդ դպրոցում կսկսվի 5-րդ դասարանից, չինական կողմը կտրամադրի նաև չինարեն լեզվի ուսուցիչներ, մինչև մենք սեփական ուսուցիչների սերունդը ունենանք»,-նշել է նախարարը: 
Դպրոցներում ռոբոտատեխնիկայի զարգացում
Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև դպրոցներում ռոբոտատեխնիկայի զարգացմանը՝ նշելով, որ 2017թ, դպրոցներում (նաև գրադարաններում, քոլեջներում) ընդլայնվել է ռոբոտաշինական խմբակների և ինժեներական լաբորատորիաների թիվը: Գործել են 220 ռոբոտաշինական խմբակ և ինժեներական լաբորատորիա, որոնցում ընդգրկված են 5150 սովորող: 2013-2017թթ.-ին ինժեներական լաբորատորիաների ստեղծման և գործունեության նպատակով միայն մասնավոր ներդրումները կազմել են 706 մլն ՀՀ դրամ, ՀՀ ԿԳՆ տրամադրած ֆինանսական միջոցները՝ 127 մլն ՀՀ դրամ: 2018 թվականին նախատեսվում է ավելացնել սովորողների և խմբակների թիվը: Ծրագրի ամբողջական իրականացման համար անհրաժեշտ է 280 մլն ՀՀ դրամ, որից 127 մլն ՀՀ դրամ կտրամադրի ՀՀ ԿԳՆ-ն: 
«Կայուն դպրոցական սնունդ»
Հաջորդ ծրագիրը, որին անդրադարձել է նախարարը, «Կայուն դպրոցական սնունդն» է, որի ազգային փուլում 2017 թվականին ներառվել է ՀՀ Տավուշի մարզը. սեպտեմբերի 1-ից մարզի 75 հանրակրթական դպրոցների նախակրթարանների և 1-4-րդ դասարանների շուրջ 6523 սովորող ստանում է անվճար սնունդ՝ պետական բյուջեի միջոցներով: Տավուշի մարզում այս ծրագրով ներդրվել է 285 հազար դոլար, վերանորոգվել են 54 դպրոցների խոհանոցային տարածքներ, ձեռք է բերվել 61 խոհանոցային սարքավորում, վերապատրաստվել է 150 մասնագետ: Մինչ այդ, ազգային փուլում ընդգրկվել էին  ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի դպրոցները. պետբյուջեից 4 մարզերի դպրոցական սննդի կազմակերպման համար 700 մլն դրամ է հատկացվել, ծրագրում ընդգրկված է 30 000 սովորող: Միաժամանակ, շարունակվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որում ընդգրկված են մնացած մարզերը, բացի Երևանից: ՊՀԾ ծրագրից օգտվում են 6 մարզերի շուրջ 60 հազար սովորող: Ընդհանուր առմամբ՝ «Կայուն դպրոցական սնունդ»  ծրագրից օգտվում է կրտսեր դպրոցի 90 հազար աշակերտ:
«Թումո»՝ որպես համաշխարհային ճանաչելի բրենդ, ՍՄԱՐԹ կենտրոն և ԱՅԲ դպրոց
«Ոչ ֆորմալ կրթության բացառիկ մոդել համարվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 2017 թվականին ընդլայնել է իր գործունեությունը: Թումոյի Երևանի գլխամասային, ինչպես նաև Դիլիջանի, Գյումրու և Ստեփանակերտի մասնաճյուղերում մշտական և անվճար հիմունքներով տարեկան շուրջ 14 հազար երեխա սովորում է արվեստի և ՏՏ հմտություններ: «Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր կարողացան այն դարձնել համաշխարհային ճանաչելի բրենդ: Թումոյի առաջավոր փորձը ներդնելու պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիան, հետաքրքրված են ասիական և եվրոպական շատ երկրներ: Ձեռք բերված վստահության շնորհիվ Եվրոպական Միությունը 2018թ. լրացուցիչ 10 հազ եվրոյի դրամաշնորհ է տվել Թումոյին, բարերար Սեմ Սիմոնյանը ևս 3 մլն կներդնի, ներկայումս բանակցություններ են ընթանում նաև Ֆրանսիական համալսարանի հետ, որպեսզի դպրոցական Թումո կենտրոններից անցում կատարվի դեպի բուհական և գիտական, որի արդյունքում կստեղծվի հզոր նորարարական կենտրոն՝ առայժմ բնագիտական ուղղվածությամբ: Առաջիկայում Թումոյի մասնաճյուղեր կբացվեն Կողբում և Վանաձորում: Թիմը ունի նաև մեկ ուրիշ երազանք՝ գնալ  դեպի գյուղական դպրոցներ»,- նշել է նախարարը: 
Հաջորդ կարևոր ներդրումը «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» կողմից իրականացվող ծրագիրն է, որի շրջանակում առաջիկայում Լոռու մարզի Դեբետ համայնքում կկառուցվի ՍՄԱՐԹ կենտրոնը և հյուրատունը /ավելի քան 5 մլն դոլար ներդրում/:
Ըստ նախարարի՝ 2017 թվականի հոկտեմբերին բացվել է նաև ԱՅԲ դպրոցի թվով 3-րդ մասնաշենքը /4200 քմ մակերես, ընդհանուր ներդրման արժեքը՝ 2 մլրդ դրամ/: Նշված մասնաշենքում գործում է ԱԲ-ի ծրագրով իրականացվող ուսուցիչների զարգացման կենտրոնը: 
«Պլանետարիումի» նորամուտը կրթական համակարգ 
2018 թվականին նախատեսվում է իրականացնել «Պլանետարիում» ծրագիրը, որի  ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ 740 միլիոն ՀՀ դրամ, որից ՀՀ ԿԳՆ-ն տրամադրելու է 236 մլն ՀՀ դրամ: Կստեղծվի ժամանակակից պլանետարիում, որի գաղափարը հետևյալն է՝ յուրաքանչյուր երեխա, հատկապես մարզերի, կկարողանա պետության հաշվին այցելել Պլանետարիում և այնտեղ ունենալ որոշակի դասաժամ: Նախատեսվում է պլանետարիումում տարեկան սպասարկել ՀՀ մարզային դպրոցների 7-ից 11-րդ դասարանների մինչև 110.000-120.000 սովորողի: «Մասնագետների խոսքով՝ եթե երեխան 2 ժամ անցկացնի Պլանետարիումում, ապա ողջ կյանքը կնվիրի բնագիտությանը: Եթե խոսում ենք գիտության զարգացման մասին, ապա պետք  է համապատասխան միջավայր ստեղծենք, հետևաբար այդ ուղղությամբ առաջին քայլը Պլանետարիումն է, իսկ երկրորդը՝ գիտության թանգարանի ձևավորման տեսլականը»,-նշել է ԿԳ նախարարը: 

Անվճար դասագրքեր և դպրոցաշինություն
Լևոն Մկրտչյյանն անդրադարձել է նաև անվճար դասագրքերի տրամադրմանը՝ ընդգծելով, որ այդ նպատակով հատկացվել է 26 մլն 582 հազար ՀՀ դրամ, այդ թվում՝ 50 սահմանամերձ դպրոցի և Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի 5-12 դասարանների 5012 սովորողների համար: Ազգային փոքրամասնությունների դպրոցների համար 2017 թվականին պետական բյուջեի միջոցների հաշվին տպագրվել և տրամադրվել են եզդիերեն «Այբբենարան», «Եզդի գրականություն-8», «Եզդի գրականություն-9», «Եզդի գրականություն-10», «Եզդիերեն-6-8» դասագրքերը: Իրականացվել են եզդիերեն դասավանդող 30, ասորերենի 10 ուսուցչների վերապատրաստումներ: 
Նախարարն անդրադարձել է նաև դպրոցաշինության ծրագրերին՝ նշելով, որ ներկայումս 5 ավագ դպրոցի շինարարական աշխատանքներ են ընթանում /2մլն 893 հազար ԱՄՆ դոլարի համարժեք գումարի ծախս, վարկային ծրագիր/ և 2018 թվականին նախատեսվում է դպրոցների թիվն ավելացնել 5-6-ով /2մլն 733 հազ ԱՄՆ դոլար/: 
Հանրակրթության ոլորտի ծրագրերն ամփոփելով՝ Լևոն Մկրտչյանը հավելել է, որ 2018 թվականին Հայ օգնության ֆոնդը «Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ում կիրականացնի վերանորոգում և վերազինում: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար:
Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտ
Անդրադառնալով նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտին՝  նախարարը հակիրճ ներկայացրել է երկու ծրագիր: Առաջին՝ հանրապետության 4 ուսումնական հաստատություններում ներդրվել է գերմանական դուալ կրթության համակարգը, որը ենթադրում է աշխատանքի վրա հիմնված կրթության կազմակերպում: «Բացի այդ, համաձայն ձեռքբերված պայմանավորվածության՝ Գրանդ հոլդինգը, որն ամենամեծ աշխատատեղ ունեցող ընկերություններից է, մեր ուսումնարաններից մեկը վերցրել է իր ցանցի մեջ՝ պարտավորվելով պահել հաստատության մասնագիտական պրոֆիլները: Ծրագրի շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան ուսմանը զուգահեռ սովորել: Այսօր համարյա բոլոր խոշոր համաշխարհային ընկերությունները գնում են այս ճանապարհով: Երկրորդ՝ «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստանում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթօջախների համապարփակ և հարատև զարգացման ծրագիրն է, որն իրականացվում է 2016 թվականից սկսած և շարունակվելու է առաջիկա տարիներին: Այս տարի միայն ներդրվել է 200 հազար ԱՄՆ դոլար»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Բարձրագույն կրթության ոլորտ
Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտին՝ ԿԳ նախարարը նշել է, որ առաջիկա երեք տարիներին համալիր փոփոխությունների կենթարկվի բարձրագույն կրթության ողջ համակարգը՝ արդեն ստեղծված ձևը համապատասխանեցնելով բովանդակությանը: «Այս նպատակին հասնելու համար նախ պետք է փոխել կառավարման ձևը՝ համալսարանների անկախության կտրուկ մեծացում, բայց նաև նրանց տրամադրվող օգնության մեծացում, որպեսզի վերջիններս կարողանան արդիականացնել իրենց հնարավորությունները»,-շեշտել է նախարար Լևոն Մկրտչյանը: Միայն 2017 թվականին բուհերին պետբյուջեից տրամադրվել  է 1 մլն 173 հազար դոլարի 12 դրամաշնորհային ծրագիր: 2018 թվականին կտրամադրվի ևս մոտ 1 մլն դրամ՝ Ֆիզիկայի ինստիտուտի շուրջ ձևավորվող գիտական ցանցային համակարգի ձևավորման նպատակով: Կատարվել են նաև այլ ներդրումներ, օրինակ՝ Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնական հետազոտական կենտրոն /Իլինոիսի համալսարանի հետ համատեղ/՝ 96.0 մլն դրամ, Ինովացիոն տեխնոլոգիաների հարթակ՝ 274.0 մլն դրամ, Շնայդեր կենտրոն՝ 105 մլն դրամ, ԵՊՀ համալիր ծրագիր՝ 1.676 մլն դրամ, ՀՊՄՀ շախմատի լաբորատորիա՝ 32 մլն դրամ և այլն: Ընդհանուր առմամբ՝ համալսարաններում այդ ներդրումները կազմել են՝ 2մլրդ 370 մլն դրամ:
Գիտություն
Գիտության մեջ մեծ հնարավորություններ են ընձեռում էրազմուսի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կրթաթոշակային  ծրագրերը: Վերջինս աջակցում է ազգությամբ հայ կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող տաղանդավոր ասպիրանտներին և հայցորդներին, ովքեր ցանկություն ունեն բնական գիտությունների ոլորտում կամ ճարտարագիտության բնագավառում գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու նպատակով ՀՀ առաջատար բուհերում կատարել հետազոտական աշխատանք: 2018-2019 թթ. ուսումնական տարվա համար հիմնադրամը հայտարարելու է 5 ամբողջական կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով, և 25 մասնակի կրթաթոշակ՝ 3500 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև կին ասպիրանտների և հայցորդների համար 10 ամբողջական կրթաթոշակ` յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով: Կին գիտնականների համար նախատեսված կրթաթոշակը նպատակ ունի խթանել ֆիզիկայի, մաթեմատիկայի, կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության բնագավառներում կանանց ներգրավումը: Կարևոր նախագիծ է նաև «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության ԵՄ շրջանակային ծրագիրը, որը  ՀՀ գիտնականներին միջազգային լուրջ հարթակում առավել նպաստավոր պայմաններով մրցակցելու հնարավորություն է ստեղծում: «Կրթության որակի բարձրացման պայմաններում գիտնականներին երկրում պահելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ: Մենք պարտավոր ենք երիտասարդների համար ճանապարհ բացել բոլոր ուղղություններով»,-շեշտել է Լևոն Մկրտչյանը:
Ասուլիսի ընթացքում լրագրողները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ուսանողական ակցիաների, դպրոցների կառավարման խորհուրդների և տնօրեններին ներկայացվող պահանջների, «Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծում ներառականության ապահովման, դպրոցական դասագրքերի բեռնաթափման, էկոկրթության և այլ խնդիրների:

 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։