Անգլերենի ևս մեկ ակումբ՝ Արարատի դպրոցում

2018-02-09

ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում բացվել է անգլերեն լեզվի ուսուցման ակումբ, որը հերթականն է Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում: Նախորդ տարվանից ՀՀ ԿԳՆ առաջարկությամբ մեկնարկած ծրագրով Հայաստանի վեց համայնքներում՝ Սևան, Վանաձոր, Հրազդան, Արարատ, Աշտարակ և Երևան հիմնադրվել են անգլերենի արտադասարանական պարապմունքների ակումբներ՝ նախատեսված 9-16 տարեկան երեխաների համար:

 Արարատի թիվ 3 դպրոցի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան  Էլիսեն Չիկը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, Արարատի մարզպետարանի ներկայացուցիչներ: ԿԳ նախարարի տեղակալն իր բացման խոսքում շնորհավորել է դպրոցի աշակերտներին և մանկավարժներին՝ նշելով որ նորաբաց անգլերենի ակումբը ևս մեկ քայլ է դեպի որակյալ կրթություն.«Մեր երկրի համար կրթությունը զարգացման միակ ճանապարհն է: Յուրաքանչյուր մարդ ունի ընտրության, այդ թվում նաև կյանքի սեփական ճանապարհի ընտրության հնարավորություն: Հատկապես մեր ժամանակներում  ամենահեռանկարային և ամենամրցունակ ճանապարհը կրթությունն է, որովհետև միակ արժեքն է, որը մարդը չի կարող կորցնել: Փոփոխվող աշխարհում կրթությունը յուրաքանչյուր մարդու բարօրության  գրավականն է. որքան ավելի կրթված, այնքան ավելի մրցունակ: Կրթության մեջ լեզուների իմացությունն առանձնակի կարևորություն ունի, քանի որ օտար լեզվի իմացությունն աշխարհին հաղորդ լինելու հնարավորություն  և միջոց է: Մենք փոքր երկիր ենք և այստեղ մեր խնդիրները առանձնահատկություն ունեն. առնվազն երեք լեզվի իմացությունը մեզ համար այսօր անհրաժեշտ պահանջ է, որը մեր առջև բացում է մեծ աշխարհի դռները: Սա նաև մեր մշակույթն ու ազգային արժեքներն աշխարհին ներկայացնելու,  մեր պետության և ազգի նկատմամբ վերաբերմունք ձևավորելու միջոց է: Սկսած դեռևս Սրբոց Թարգմանչաց տոնի սկզբնավորման ժամանակներից, մեր ժողովուրդը կարևորել է այլ ժողովուրդների մշակույթների հետ հաղորդակցությունը»,- նշել է Դավիթ Սահակյանը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդին, Միացյալ Թագավորության կառավարությանը, դպրոցի տնօրինությանը և մանկավարժներին՝ ծրագրի իրականացման համար:

Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսեն Չիկն իր խոսքում  նշել է, որ որոշել է հայերեն սովորել և հուսով է, որ մի օր կկարողանա խոսել. «Լեզվի իմացությունը շատ կարևոր է և դա չի վերաբերում միայն անգլերենին, այլ ցանկացած լեզվի: Անգլերենի ակումբի բացումը լրացուցիչ միջոց և մեթոդաբանություն է՝ ավելի լավ սովորելու անգլերենը»,- նշել է փոխդեսպանը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը հույս է հայտնել, որ անգլերենի ակումբների բացումը տարբեր դպրոցներում նպատակ ունի խթանել անգլերեն լեզվի ուսուցմանը, լեզուն երեխաներին մատուցել նորովի. «Խաղերն ու ինտերակտիվ մեթոդները, որոնց միջոցով կատարվում են ակումբների պարապմունքները ավելի հետաքրքիր են դարձնում լեզուն: Մենք հույս ունենք, որ խմբակները կօգնեն երեխաներին հետագայում լավ քաղաքացի դառնալու և մրցունակ կարիերա կառուցելու հարցում»,- նշել է Ա. Սարիբեկյանը:

Նշենք, որ Արարատի թիվ 3 հիմնական դպրոցի անգլերենի 2 ուսուցիչները, ի թիվս ծրագրում ընդգրկված մյուս դպրոցների ուսուցիչների հունվարի 28-ից փետրվարի 2-ը Միացյալ Թագավորության Էդինբուրգի քոլեջում մասնակցել են վերապատրաստման դասընթացների: Նրանցից մեկը հյուրերի ներկայությամբ վարել է անգլերենի փորձնական դասը:   

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։