Իթվինինգ ազգային ծրագրերի ամփոփիչ համաժողով

2017-12-26

Եվրոպական դպրոցների Իթվինինգ և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրերի ամփոփիչ համաժողովին ներկա են գտնվել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը, ծրագրին մասնակից դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են 2017թ.-ին իրականացված ծրագրերը, տեղի է ունեցել 2017թ. Որակի ազգային մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հավաստագրեր և մրցանակներ  են հանձնվել տարվա ընթացքում լավագույն մասնակցություն ունեցած ուսուցիչներին և դպրոցներին։
 ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը շնորհավորել է ծրագրի բոլոր մասնակիցներին Դպրոցների համագործակցության միջազգային վիրտուալ համայնքում ինտեգրվելու համար. «Այս ծրագրի նկատմամբ դպրոցների հետաքրքրությունը տարեցտարի բարձրանում է, իսկ դա վկայում է, որ մենք, ի դեմս Իթվինինգի, ունենք միջազգային համագործակցության շատ լավ օրինակ»,- իր խոսքում նշել է Մանուկ Մկրտչյանը:
ԱԺ պատգամավոր Ռ. Մուրադյանը բարձր է գնահատել նախաձեռնողական մոտեցումը կրթության ոլորտում, որի դրական օրինակներից մեկն էլ Իթվինինգ  ծրագիրն է. «Ծրագիրը լայն հնարավորություն է տալիս ուսուցիչներին և աշակերտներին՝  դառնալ կրթական նախագծերի անդամ և ինքադրսևորվել միջազգային հարթակներում՝ ժամանակի պահանջներին համընթաց»,- նշել է ԱԺ պատգամավորը:
Իթվինինգ և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրերի համակարգումն իրականացնում է ՀՀ ԿԳՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի դպրոցների մասնակցությունը Իթվինինգ ծրագրին օգտակար է և նպաստում է դպրոցական համագործակցության ընդլայնմանը, ուսուցիչների և աշակերտների օտար լեզուների իմացությանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ու թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը:
«Հայաստանի դպրոցների մասնակցությունը Իթվինինգին սկսվել է 2013թ.-ից: Եթե մինչև 2017թ.-ը Իթվինինգի ծրագրերը իրականացվում էին եվրոպական լեզուներով, ապա 2017թվականից հնարավորություն տրվեց իրականացնել համագործակցային նախագծեր նաև հայերենով, որի արդյունքում սկիզբ դրվեց նաև «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրին: Այս ծրագիրը թույլ է տալիս օտար լեզվի բավարար հմտություններ չունեցող ուսուցիչներին իրականացնել իրենց նախագծերը Հայաստանի դպրոցների հետ: Մենք այնուամենայնիվ խրախուսում ենք օտար լեզվով ծրագրերի իրականցումը, որովհետև բացառապես հայալեզու ծրագրերը մեկուսացնում են դպրոցին, քանի որ համագործակցությունը լինում է միայն ՀՀ դպրոցների միջև»,- նշել է Արտակ Պողոսյանը և հույս հայտնել, որ 2018 թվականին  Իթվինինգի ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կհասնի մինչև 800-ի: Ներկայումս ծրագրին մասնակցում են 233 դպրոցներ և 1100 ուսուցիչներ:
Ստեղծվել և գործարկվում են ծրագրի մասին տեղեկատվություն ապահովող http://etwinningplus.armedu.am  կայքը և https://www.facebook.com/eTwinningArmenia/ ֆեյսբուքյան էջը։ Դպրոցների մասնակցությունը ծրագրին կատարվում է նշված կայքում էլեկտրոնային հայտի միջոցով:
Ծրագրին մասնակից ուսուցիչների համար պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստումներ ինչպես առցանց, այնպես էլ տեղերում այցելություններ կատարելով։ 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։