Ե. Չարենցի անվան դպրոցը համախմբել էր նախկին շրջանավարտներին

2017-12-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ներկա է գտնվել Երևանի Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրցում կազմակերպված՝ «67-րդ դպրոցի 67-րդ  ամանորը» միջոցառմանը: Տոնի առթիվ դպրոցն իր հարկի տակ էր հավաքել տարբեր տարիների իր շրջանավարտներին: Որպես այդ դպրոցի նախկին սան՝ Լևոն Մկրտչյանը իր շնորհակալությունն է հայտնել դպրոցի նախկին և ներկա բոլոր ուսուցիչներին: «Ինձ համար շատ հուզիչ պահ է, որովհետև տարիների ընթացքում առանձնապես շատ բան չի փոխվել մեր դպրոցում, որը ժամանակին նաև ինձ է ճանապարհ դրել դեպի մեծ կյանք: Չարենցի անվան  դպրոցի ավանդույթները շարունակվում են. տարիների ընթացքում լավ ընկերներ դարձած այս դպրոցի շրջանավարտները պարբերաբար հավաքվում են հարազատ հարկի տակ: Այս դպրոցը մեր լավագույն կրթօջախներից է, և բոլորս հպարտ ենք, որ ավարտել ենք հենց այս ուսումնական հաստատությունը, որն ունի իր ուրույն ձեռագիրը:  Եվ շատ կարևոր է, որ կարողանանք պահպանել ոչ միայն այս պատերի ներքո սովորելու մեր հիշողությունը, այլ նաև դրա պատասխանատվությունը»,-նշել է նախարարը՝  ընդգծելով, որ ներկա դարաշրջանում շատ կարևոր է դպրոցի առաքելությունը, այն է՝ լավագույն ավանդույթների փոխանցումը ապագա սերունդներին:

Լևոն Մկրտչյանը նաև շրջել է դպրոցում, զրուցել նախկին շրջանավարտների, դպրոցի մանկավարժական կազմի և հանդիսությանը ներկա աշակերտների հետ:

Նշենք, որ Երևանի թիվ 67 դպրոցը հիմնադրվել է 1951 թվականին: 1955 թվականին այն անվանակոչվել է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի անունով: Հանրապետությունում առաջին դպրոցն է եղել, որ դեռևս 1961 թվականին ստացել է անգլերենի խորացված ուսուցման թույլտվություն: Դպրոցը 1998 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի դպրոցների ասոցիացիայի անդամ է: 1999թվականին այն դարձել է քույր-դպրոց Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա և ԱՄՆ-ի Ֆերհայան վարժարանների հետ: Բարեկամական կապեր են հաստատվել Շոտլանդիայի և Արցախի դպրոցների հետ: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։