Երազային հայրենիքի գաղափարից դեպի գործնական դաշտ. Լևոն Մկրտչյան

2017-12-15

Հայ բարեգործական ընդհանուր միությունում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր` ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության  անդամ Երվանդ Զորյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ին` այն մնայուն աջակցության համար, որ տրամադրվում է կրթության ոլորտին: «Հուշագրի գաղափարը շատ կարևոր է. եթե խոսում ենք, որ հայ ժողովուրդը պետք է ցանցային կապի մեջ մտնի ողջ աշխարհում, եթե արմատապես փոխվում է սփյուռքում համայնքների կառուցվածքը և տեղաբաշխումը, ապա միակ լուծումը նման ծրագրերի իրականացումն է` երբ մարդը, չունենալով հայկական միջավայր, կարողանա մաս կազմել հայ կյանքին, հայեցի կրթությանը և հայ ժողովրդի քաղաքակրթության հիմնական տարրերին, և, խնդիրը, այսպես ասած, երազային հայրենիքի գաղափարից բերի գործնական դաշտ: Իրականում Հայկական վիրտուալ համալսարանի աշխատանքը մեզ համար փորձնական է, որովհետև այն տեխնիկական լուծումները, մեխանիզմները և ձևերը, որոնք նրանք կիրառում են, կարող ենք հեշտությամբ գործադրել հեռավար կրթության մեր ծրագրերում: Այս առումով մեր բուհերն այլևս այլընտրանք չունեն. եթե դրանք իրենց ծրագրերի մեջ չհետևեն աշխարհի առաջավոր համալսարանների փորձին, և չդնեն օնլայն ծրագրեր`  իրենց գնահատմամբ, որակավորմամբ և կրեդիտներով, ապա դրանց հեռանկարը կասկածելի կլինի 21-րդ դարում: Այսօր նման ծրագիր իրականացվում է Հայկական վիրտուալ համալսարանում և Կառավարման ակադեմիայում` գերմանացի գործընկերների և ԳԱԱ-ի հետ, որտեղ կրեդիտային օնլայն համակարգ է մշակվում: Եթե կարողանանք մշակել նաև պաշտպանական մեխանիզմներ, որը հնարավորություն չտա պարզապես գրանցվելով` ստանալ վկայական, ապա կունենանք օնլայն համալսարանի համակարգ Հայաստանում, որն անհրաժեշտ պայման է` համալսարանների որակի առումով: Այս ծրագրում առկա է նաև մեծ ներառականություն. սիրիահայ մեր հայրենակիցների` հասարակությանը ներառվելու գործընթացը պետք է սկսվի կրթությունից: Այստեղ մենք ունենք արևմտահայերենի հիմնախնդիր, լուրջ հայագիտական դպրոցի կարիք` իր երկու ճյուղերով: Եվ այս բոլոր խնդիրների լուծման համար ակնկալելու ենք ՀՄԲԸ-ի և Վիրտուալ համալսարանի աջակցությունը: Բացի այդ, մենք նաև քաղաքացիական պարտավորություն ունենք՝ պաշտպանել մեր երկրում ապաստանած մարդկանց իրավունքները: Եվ եթե Հայաստանի պետական լեզուն հայերենն է, ուրեմն պարտավոր ենք մշակել հայոց լեզվի և պատմության այնպիսի տարրական սկզբունքներ, որ մարդը կարողանա ընկալել: Այս ամբողջը մեզ դնում է եվրոպական հարթության վրա, քանի որ մենք մեր պարտավորությունների շրջանակում ենք` իբրև եվրոպական ընտանիքի անդամ»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի խոսքով` ՀԲԸՄ-ի առաքելության կարևորագույն ուղղություններն են` կրթությունը, մշակույթը, սոցիալ-տնտեսական ոլորտները: «Այս ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և մարդասիրական: Մեզ համար շատ կարևոր է ինչպես սիրիահայերի, այնպես էլ բոլոր փասխտականների և մեր երկրում ապաստանած մարդկանց աջակցությունը`  նրանց ավելի հեշտ ինտեգրման առումով»,-նշել է նա:              ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության  անդամ Երվանդ Զորյանը ներկայացրել է համալսարանի գործունեությունը և հուշագրով նախատեսված ծրագրերը:

Նշենք, որ համաձայն հուշագրի` ԿԳ նախարարությունը պարտավորվում է ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների, այդ թվում՝ սփյուռքահայերի թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում հիմնադրամին, իրազեկման աշխատանքների իրականացում՝ դասընթացների անցկացման վերաբերյալ, նրանց համար մշակված ուսումնական ծրագրերի հաստատում և հնարավորության սահմաններում՝ շահառուների համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման շարունակականության ապահովում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։