Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ մասնագիտական կրթության ոլորտում ընթացող բարեփոխումների շուրջ

2017-11-29

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով:

 Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՄԿՈւ ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ: 

Հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը նշել է, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեծանում է խորհրդարանի դերը, եւ ՀՀ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը քննարկվող թեմայի շուրջ անցկացրել է վերլուծություն ու տեղյակ է մասնագիտական կրթության ոլորտի ներկա վիճակին:
 
Պարոն Բոստանջյանի խոսքով՝ վերջին տարիներին այս ոլորտին վերաբերող խնդիրներն ուշադրությունից դուրս են մնացել: Սակայն բյուջետային միջոցների սղությունը չպիտի խանգարի մասնագետների պատրաստմանը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ կրթությունն այն հզոր լծակն է, որն անմիջական ազդեցություն ունի մարդու գործունեության, մասնագիտական կայացման եւ կյանքի որակի վրա: 

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ մասնագիտական կրթության ոլորտի հիմնախնդիրները հատուկ ուշադրության կարիք ունեն: Նախարարն անդրադարձել է մասնագիտական կրթության հիմնական ուղղություններին, ոլորտի զարգացման հեռանկարներին: Նախարարի խոսքով՝ ընդունվել է որակավորումների ազգային շրջանակ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ամբողջ աշխարհում մասնագիտական, արհեստագործական  եւ բարձրագույն կրթությունը դիտարկվում է որպես մեկ ամբողջություն: 
Լեւոն Մկրտչյանը, ներկայացնելով մասնագիտական կրթություն ապահովող հաստատություների զարգացման ուղղությունները, անդրադարձել է մասնագիտական բակալավրիատի ներդրմանը, որը հնարավորություն կտա ավարտել կրթական հաստատությունը՝ ստանալով կոնկրետ մասնագիտություն: Անդրադառնալով սկանդինավյան երկրների փորձին՝ նա փաստել է, որ այնտեղ մասնագիտական կրթություն են տալիս՝ ելնելով իրենց համայնքների խնդիրներից եւ աշխատաշուկայի կարիքներից: 

ՀՀ Աժ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ կրթություն ասելով՝ չպիտի նկատի ունենալ միայն բարձրագույն կրթությունը: Տարիների ընթացքում փոխվում են աշխատաշուկայի պահանջները եւ պիտի վերանայել մասնագիտական կրթության վերաբերյալ մոտեցումները եւ արդիականացնել կրթության բովանդակությունը: Տիկին Մուրադյանի կարծիքով՝ պետք է գործատուներին մասնակից դարձնել կրթության բովանդակության փոփոխությանը: Նա անդրադարձել է մասնագիտական կրթության ոլորտում համաշխարհային զարգացումներին՝ նշելով, որ պետք է կարեւորել այս ոլորտի միջազգայնացումը, որպեսզի մեր մասնագետները մրցունակ լինեն նաեւ միջազգային շուկայում: Տիկին Մուրադյանն ընդգծել է նաեւ կրթության հավասար հնարավորության ապահովման եւ կրթության շարունակականության անհրաժեշտությունը: 

ԼՂՀ ԿԳ փոխնախարար Արմեն Սարգսյանը նշել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը գտնվում են կրթական նույն դաշտում, նշված բոլոր հիմնախնդիրները եւ առաջնահերթությունները վերաբերում են նաեւ ԱՀ կրթական համակարգին: Պարոն Սարգսյանի խոսքով՝ Արցախում միջին մասնա•իտական կրթությունն իրականացվում է շուրջ հիսուներեք մասնագիտությամբ: Փոխնախարարն անդրադարձել է Շուշիի Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի գործունեությանը, որտեղ պատրաստում են շինարարության տարբեր ճյուղերի արհեստավորներ, որոնք հետագայում վերապատրաստվում են Ֆրանսիայում: 

ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն իր խոսքում անդրադարձել է մասնագետ-գործատու հարաբերությունների ձեւավորմանը, շուկային անհրաժեշտ մասնագիտությունների ընտրությանը եւ մասնագիտական կրթության ուսուցմանն առնչվող խնդիրներին: Գագիկ Մակարյանի խոսքով՝ գործատուների յոթանասուներկու տոկոսը գոհ չէ ՄԿՈւ համակար•ից: Բանախոսի կարծիքով՝ գործատուն ծախսում է ժամանակ, գումար, տեխնիկական միջոցներ է վատնում մասնագետներ պատրաստելու համար: Նա նշել է, որ պիտի վերանայել զբաղվածությանը միտված մակրոտնտեսական քաղաքականությունը, քանի որ չունենալով մակրոտնտեսության զարգացման քաղաքականություն՝ անիմաստ է դառնում մասնագետներ պատրաստելը: 
Նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտի ֆինանսավորման հիմնախնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին անդրադարձել է ՀՀ ԿԳՆ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Գեւորգ Եղինյանը:

ՀՀ ԿԳՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը հանգամանալից անդրադարձել է աշխատանքի վրա հիմնված կրթության կազմակերպման հիմնախնդիրներին, ներկայացրել ինքնաֆինանսավորման հիմքերի օրենսդրական ամրապնդմանն ուղղված առաջարկները: Արտակ Աղբալյանը ներկայացրել է վերջին տարիներին մասնագիտական կրթության ոլորտի ձեքբերումները, իրականացվող ծրագրերը եւ ոլորտի զարգացման հեռանկարները:
 
ՄԿՈւ ոլորտում ներառական կրթության ներդրման օրենսդրական կար•ավորման խնդիրներին անդրադարձել է «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը:
 
Ամփոփելով լսումները՝ Վարդան Բոստանջյանը նշել է, որ քննարկումները, անդրադառնալով մասնագիտական կրթության ուսուցման ոլորտի խոցելի կողմերին, կրել են առարկայական բնույթ: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ պիտի ձեռնամուխ լինել լսումների ընթացքում քննարկված խնդիրների լուծմանը: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։