Կրթություն 2030. հանրային քննարկում` հասարակական կազմակերպությունների և կրթության փորձագետների մասնակցությամբ

2017-11-28

«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հերթական հանրային քննարկումն այսօր ընթացել է կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության փորձագետների հետ: Քննարկումը վարել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: 
Նա նշել է, որ ծրագրի ժամկետը՝ մինչև 2030 թվականը, պայմանավորված է մի շարք գործընթացներով, որոնց պետք է համահունչ գնալ. դրանք են՝ Կայուն զարգացման նպատակները և կրթության զարգացման միջազգային չափանիշները: Ըստ Դավիթ Սահակյանի` Կրթության զարգացման պետական ծրագրի նախագծում հիմնականում նախանշվել են այն անելիքները, որ պետությունն իր առջև դրել է: «Կրթության զարգացումը պլանավորվում է առնվազն 10 տարով, իսկ ավելի կարճ գործողությունները` ուղղակի միջոցառումների ծրագրեր են: Հուսով եմ, որ քննարկումների արդյունքում կունենանք առաջարկություններ և դիտողություններ, որոնք անշուշտ հաշվի կառնվեն: Սա քննարկումների գործընթաց է, որն օգնում է, որպեսզի փաստաթուղթն առավել ամբողջական տեսք ունենա»,-նշել է Դավիթ Սահակյանը: Անդրադառնալով կրթության ֆինանսավորման խնդրին` նախարարի տեղակալը մասնավորապես, նշել է. «Կրթությունն այն ոլորտն է, որտեղ ֆինանսների վերին սահմանափակում դնելն անհնար է: Որքան գումար լինի, այնքան ծրագրեր է հնարավոր իրագործել: 2019թ. պետությունն անցնում է ծրագրային ֆինանսավորման, այսինքն՝ բյուջեն կազմելիս այսուհետ կներկայացվեն նաև զուգահեռ այլ ծրագրեր:  Կրթության զարգացման պետական ծրագրում ցանկանում ենք ամրագրել մի սահման, որից ներքև ֆինանսների նվազում չի կարող լինել: Մասնավորապես, որ Հայաստանում կրթության ոլորտի հատկացումները երբևէ ՀՆԱ-ի 2 տոկոսի սահմանագծից չիջնեն»,-նշել է Դավիթ Սահակյանը` ընդգծելով, որ ծրագրում առաջնահերթություն տրվել է կրթության որակին, մատչելիությանն ու արդյունավետությանը:
ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը ներկաներին է ներկայացրել կրթության զարգացման տեսլականը, ռազմավարական մոտեցումները, պետական քաղաքականության սկզբունքները, մինչև 2030 թ. զարգացման թիրախները, գերակայությունները և գործողությունների շրջանակը, ինչպես նաև ծրագրի իրականացումը,  մոնիթորինգը, գնահատումը  և ճանապարհային քարտեզը: 

Զեկույցին հաջորդել են քննարկման մասնակիցների ելույթները և  առաջարկությունները: Վերջիններս ողջունել են նախարարության նախաձեռնությունը` հանրային լայն քննարկումների շարք կազմակերպելու  համար: Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն իր մտահոգություններն է հայտնել ծրագրի նախագծում ներառական կրթության, կրթության ֆինանսավորման և այլ հարցերի վերաբերյալ: Նրա խոսքով՝ ծրագրում բաց է թողնված քննադատական մտածողության ձևավորումը: Ի պատասխան` Դավիթ Սահակյանը նշել է, որ քննադատական մտածողության հարցն ավելի շրջանավարտի նկարագրին և կրթակարգին վերաբերող խնդիր է, սակայն ծրագրում անպայման կընդգրկվի, քանի որ այն, անշուշտ, շատ կարևոր է:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանն իր հերթին նկատել է, որ կրթությունը պետք է կարողանա շատ հարցեր լուծել, սակայն ծրագրում որոշակի բացթողումներ կան վերլուծական հմտությունների, կիրառելիության և այլընտրանքային լուծումներ գտնելու, ստեղծագործ լինելու վերաբերյալ:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝  ծրագիրը բանաձևային է: «Կարծում եմ՝ 13 տարին շատ է. լավ կլիներ, որ 5 տարվա ծրագիր լիներ, որովհետև հիմա այնքան արագ են փոփոխություններ տեղի ունենում, որ 5 տարի հետո կրկին փոփոխությունների կարիք է լինելու»,-նշել է Սերոբ Խաչատրյանը` ընդգծելով, որ փաստաթղթում անհրաժեշտ է ամրագրել՝ ինչ իրավիճակ է Հայաստանում, ինչ խնդիրներ ունենք, ինչ ենք ուզում ունենալ և ինչ պետք է անենք` այդ ճանապարհն  անցնելու համար, ինչպես նաև սահմանել` ինչ չի կարելի անել:

Կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանն իր մտահոգություններն է հայտնել բուհերի ակադեմիական ազատության, մանկավարժական աշխատանքի վերաբերյալ:

FAST հիմնադրամի ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանն անդրադարձել է նախադպրոցական հաստատությունների և գիտության ֆինանսավորման խնդիրներին, իսկ Թրանփարենսի ինթերնեշնլ կազմակերպության ներկայացուցիչ Տաթևիկ Բարսեղյանը` կրթության ֆինանսավորման և ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացման հարցերին:

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը կարևորել է փաստաթղթում մանկավարժական կրթության բարեփոխումների խնդիրը, ինչպես նաև անդրադարձել  կրթության որակի հարցերին:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության փոխտնօրեն

Դավիթ Ամիրյանն անդրադարձել է կրթության մատչելիության և հասանելիության, փաստաթղթում խնդիրների արձանագրման խնդիրներին և առաջարկել հիմք ընդունել նաև վերջին շրջանում ոլորտում իրականացված հետազոտություններն ու կատարված առաջարկությունները:

Հանդիպման մասնակցիներն անդրադարձել են նաև կրթություն ողջ կյանքի ընթացքում, գնահատման և չափելի արդյունքների ակնկալման, վիճակագրական տվյալների, միջգերատեսչական համագործակցության, ԿԳՆ-ի ներքո հետազոտական կառույցի առկայության և այլ հարցերի:

Հանդիպման ավարտին ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին` հնչեցված կարծիքների և առաջարկությունների համար: Նրա խոսքով` հանրային հատվածի հետ  քննարկմանը բարձրացված հարցերի շրջանակը լայն է և համապարփակ` միաժամանակ առաջարկելով դրանք ներկայացնել գրավոր տեսքով: Դավիթ Սահակյանը հավաստիացրել է, որ բոլոր առաջարկությունները կդառնան քննարկման նյութ աշխատանքային խմբի համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։