Նոր ծրագրեր` հայ-բրիտանական կրթական համագործակցության շրջանակում

2017-11-10

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության  առևտրային և ներդրումային հարցերով վարչապետի  հանձնակատար Մարկ Փրիթչարդին և ՀՀ Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան  Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Ողջունելով  հյուրերին՝  նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգը մշտապես զգացել է Միացյալ Թագավորության աջակցությունը՝ մասնավորապես նա կարևորել է դեսպանատան և Բրիտանական խորհրդի գործունեությունը` ուղղված կրթության համակարգում իրականացվող կոնկրետ ծրագրերի: Լևոն Մկրտչյանը գոհունակությամբ նշել է, որ տարիներ շարունակ Բրիտանական խորհրդի կողմից մեծ աշխատանք է իրականացվել հատկապես անգլերեն լեզվի և մշակույթի տարածման ուղղությամբ: Շեֆիլդի համալսարանի հետ  հուշագրի ստորագրումը համարելով կրթության ոլորտում հայ-բրիտանական  հարաբերությունների ամրապնդման վկայություն՝ ԿԳ նախարարը հույս է հայտնել, որ բուհական համակարգում ևս կլինեն համագործակցության զարգացում: Ներկայացնելով կրթության ոլորտի բոլոր աստիճաններում ընթացող փոփոխությունների նոր փուլը՝ Լևոն Մկրտչյանն անդրադարձել է նաև ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին՝ ընդգծելով, որ մեր երկրի  ՄԿՈՒ  ոլորտի  մասնագիտությունների գերակշիռ մասը  համապատասխանում  է եվրոպական չափանիշներին, գործում է  երկակի (դուալ)   ՄԿՈՒ 4 հաստատություն: ԿԳ նախարարի խոսքով, Հայաստանի կրթական համակարգը «բաց հարթակ է», որը պատրաստակամ է ընդունել աշխարհի առաջադեմ կրթական ծրագրեր:

Իր հերթին Մարկ Փրիթչարդին շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` հավաստիացրել է, որ բրիտանական կողմը գործուն մասնակցություն կունենա կրթության համակարգի տարբեր օղակներում համագործակցության ակտիվացման և կոնկրետ ծրագրերի իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող  մի շարք աշխատանքային հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։