ԿԳՆ գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը 70 տարեկան է

2017-11-09

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը նշում է հիմնադրման 70-ամյակը: Հոբելյանի առիթով Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում կազմակերպվել է տոնական հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում կենտրոնի մի շարք երկարամյա աշխատակիցներ արժանացել են ԿԳՆ պարգևների: Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը: Շնորհավորելով Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի սաներին և մանկավարժներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ

կենտրոնի առաքելությունը եղել է արտադպրոցական գեղագիտական դաստիարակությունը, երեխաների հետ բարդ ու ազգանվեր աշխատանքը. «Այստեղ իրենց մշակութային  մկրտությունն են  ստացել հազարավոր երեխաներ, որոնցից շատերը հետագայում դարձան մեր երկրի արժանավոր և անվանի երգիչ-երգչուհիներ, գրողներ, կոմպոզիտորներ, երաժիշտ կատարողներ, դերասաններ, նկարիչներ. Օֆելյա Համբարձումյան, Վաչե Հովսեփյան, Ջիվան Գասպարյան, Սուրեն Գյանջումյան, Գևորգ Դաբաղյան, անունների թվարկումը կարելի է շարունակել: Նրանց բոլորին, անկախ ժամանակից, միավորել է գեղագիտական աշխարհընկալումը»,- նշել է Վ. Մկրտչյանը:

Մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած ավանդի համար և Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ կենտրոնի հետևյալ աշխատակիցներն արժանացել են ԿԳՆ պարգևների, մասնավորապես նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» պարգևատրվել են «Կարին» ավանդական երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, «Սալսա» ժամանակակից և պարահանդեսային պարերի ստուդիայի գեղարվեստական ղեկավար Գևորգ Դոխոլյանը:

ԿԳՆ պատվոգրեր են հանձնվել «Արարատ»փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Ավագյանին, «Միլլենիում» սպորտային պարերի ստուդիայի  գեղարվեստական ղեկավար Քրիստինե Ավագիմյանին, Վարյա Մայիլյանին, իսկ դաշնամուրի և սոլֆեջիոյի դասատու Աստղիկ Բրուտյանը, դաշնամուրի դասատու Լուսյա Մանուչարյանը, ասեղնագործության և գոբելենի խմբակավար Գայանե Ինջյանը ստացել են ԿԳՆ շնորհակալագրեր:

ՀՀ Մշակույթի նախարարության բարձրագույն  պարգևով «Ոսկե հուշամեդալով»  պարգևատրվել է փոխտնօրեն  Սամվել Բալոյանը, ով Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնում աշխատում է շուրջ 40 տարի:  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։