Բաց դասը վարել է Արցախյան ազատամարտի հերոսը

2017-11-09

ՀՀ ԿԳՆ Ոսկետափի ավագ դպրոցը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանին, որտեղ նա վարել է բաց դաս: Պատվավոր հյուրին դպրոցում նախ ներկայացրել են նախնական զինվորական պատրաստության կաբինետը: Տնօրեն Ս. Ազարյանի ուղեկցությամբ Արկադի Տեր-Թադևոսյանը ծանոթացել է նաև դպրոցում ներդրված արհեստագործական հոսքերի՝ ավտոփականագործության կաբինետի ձևավորման աշխատանքներին:

Այնուհետև դպրոցի դահլիճում մանկավարժական և ուսուցչական կոլեկտիվը հոտնկայս՝ ծափերով դիմավորել է արցախյան հերոսին: Բաց դասը սկսվել է Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյայի մասին պատմող տեսաֆիլմով, աշակերտների գեղարվեստական կատարումներով: Արկադի Տեր-Թադևոսյանն իր խոսքում նշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը փաստեց՝ նոր սերունդը արցախյան հերոսամարտը կերտած սերնդից ավելի լավ է պատկերացնում և կատարում իր պարտականությունները. «Մինչև 2016 թվականի ապրիլը, երբ ես հանդիպումներ էի ունենում երիտասարդների հետ, մտածում էի, որ երևի պետք է նրանց ինչ-որ բաներ սովորեցնեմ, պատմեմ, թե մենք ինչպես էինք 1990-91թվականներին ազատագրական ջոկատներ կազմում, անտառներում ապրում, պլաններ մշակում՝ ադրբեջանական և սովետական բանակի դեմ կռվելու: Մենք պատմում  էինք՝ մտածելով, որ երիտասարդները լսեն մեզ ու հասկանան, որ իրենք էլ նույն պարտքն ունեն  կատարելու: Բայց 2016թ-ի ապրիլը ցույց տվեց, որ մենք շատ բան ունենք սովորելու երիտասարդներից: Ես կարծում եմ՝ մենք պետք է իսկապես շատ լավ ուսումնասիրենք այն գործողությունները, որ մեր զինվորները կատարել են ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Մեր երիտասարդների  դեմ Ադրբեջանը հատուկ պատրաստված ջոկատայիններ էր հանել,  գործի էին դրել շատ հզոր տեխնիկա՝ անօդաչու սարքեր, օդուժ: Մեր երիտասարդները կարողացան դիմակայել այդ անսպասելի հարձակմանը և ցույց տվեցին, որ իրենք այլևս հերոսության  և հայրենասիրության դասերի կարիք չունեն»,- նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը: Նա պատմել է Հադրութի շրջանի Տող գյուղի և Շուշիի ազատագրման պատմությունները: Հանդիպման ընթացքում ազատամարտի լեգենդար հրամանատարը պատասխանել է աշակերտների  հարցերին, իսկ ավարտին՝ լուսանկարվել նրանց հետ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։