Յուրքանչյուր երեխայի փոփոխված կյանք նպաստում է հասարակության փոփոխությանը. Դ. Սահակյան

2017-11-08

Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում բացվել է անգլերենի ուսուցման ակումբ, որտեղ իրականացվելու է անգլերենի ուսուցման լրացուցիչ կրթություն՝  համայնքի  9-16 տարեկան երեխաների համար: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ՝ «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ  Դավիթ Սահակյանը,  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը ողջույնի խոսքում,  առանձնակի կարևորել է հասարակությունը բարեփոխելու գործընթացում կրթության  դերակատարումը.«Կրթությունը ճանապարհ է, որը տանում է դեպի լավ ապագա: Ճանապարհներ, գուցե, կյանքում շատ կան, սակայն այս ճանապարհի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն ամբողջությամբ ձեր ձեռքերում է և դուք եք հարթեցնում, բարեկարգում և նորոգում այն: Հայաստանը փոքր է ազգաբնակչությամբ և տարածքով: Ոմանք այն կարծիքն են,  դա վատ է, կան նաև կարծիքներ, որ  դա առավելություններ ունի: Առավելությունն այն է, որ մենք, փոքրությամբ պայմանավորված, բաց ենք նորություններ ընդունելու, ինչպես նաև մեր մշակույթն ու արժեքները աշխարհին փոխանցելու առումով: Լեզուների, հատկապես անգլերենի իմացությունն այդ ճանապարհին անցնելու արդյունավետ միջոց է: Միջոց, որը մեր առջև դռներ է բացում ոչ միայն մեր մշակույթն աշխարհին ներկայացնելու, այլ նաև աշխարհի շատ ժողովուրդների մշակույթին հաղորդ դառանալու համար: Լինելով ՀՀ քաղաքացի՝ մեր առաջնային խնդիրն է պահել մեր ազգային ինքնությունը, մեր մշակույթն ու լեզուն, գիտակցել դրանց բացառիկ արժեքը՝ միաժամանակ ունենալ աշխարհի համար բաց լինելու գիտակցումը»,- նշել է նա:  Շնորհակալություն հայտնելով Բրիտանական խորհրդին և ծրագրի ֆինանսավորման պատասխանատվությունն ստանձնած «Էյջ-էս-բի-սի բանկ Հայաստան» կազմակերպությանը՝ նախարարի տեղակալը խորհրդանշական է համարել փաստը, որ ծրագրի ֆինանսավորումն իրականացրել է ֆինանսական կառույցը. «Կրթության ոլորտի ֆինանսավորումը ոչ թե ծախս է, այլ ներդրում: Եթե նման քայլի գնում է բանկը, որը շատ լավ գիտի ծախսի և ներդրման տարբերությունը, նշանակում է, նա ունի հաշվարկ, որ այդ ներդրումը վերադարձվելու է ոչ թե գումարի, այլ փոփոխված կյանքերի տեսքով: Յուրքանչյուր երեխայի փոփոխված կյանք նպաստում է  հասարակության փոփոխությանն ու երկրի բարօրությանը»,- իր խոսքում նշել է Դ. Սահակյանը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը տեղեկացրել է, որ ծրագիրը լինելու է շարունակական՝ ևս 4 մարզերում կբացվեն անգլերենի ակումբներ:

Բացման հանդիսությունից հետո տեղի է ունեցել անգլերենի առաջին բաց դասը, որը վարել է Բրիտանական խորհրդի վերապատրաստում անցած դպրոցի ուսուցչուհին: Նշենք, որ Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի նորաբաց անգելերնի  ակումբը «Փոփոխության սերունդ» նախագծի շրջանակում հիմնադրված երկրորդ նմանատիպ կենտրոնն է՝ առաջինը բացվել էր  Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։