Կրթության պլանավորումն ապագայի կանխատեսում է

2017-10-09

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տրվել է  «Փոփոխության սերունդ»  ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել և նախաձեռնությունը ողջունել են  ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ  Դավիթ Սահակյանը, Բրիտանական խորհրդի տարածաշրջանային փոխտնօրեն Շիլա Լյումսդենին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Փոփոխության սերունդ» կրթական ծրագրի շրջանակում Հայաստանի երկու համայնքում՝ Սևանում և Վանաձորում գործող դպրոցներում բացվում են անգլերենի ուսուցման ակումբներ, որտեղ իրականացվելու է անգլերենի ուսուցման լրացուցիչ կրթություն՝  համայնքի  9-16 տարեկան երեխաների համար: ՀՀ ԿԳ նախարարի տեղակալն իր ողջույնի խոսքում առանձնակի կարևորել է կրթության համակարգում ժամանակին համընթաց քայլելու մարտահրավերը, որի շրջանակում առաջնային է դիտվում օտար լեզուների, մասնավորապես անգլերենի իմացության զարգացումը. «Կրթության և գիտության նախարարությունը կարևորում է Օտար լեզուների զարգացումն ու իմացությունը, ընդհանրապես: Մայրենի լեզվի՝ հայերենի իմացությունը բացարձակ արժեք է և մեզ համար ունի առաջնային նշանակություն և մեր կրթության մեջ ազգայինն ունի շատ խորը արմատներ: Քիչ առաջ դպրոցի բակում ազգային պարերով մեզ դիմավորած երեխաներն արդեն ազգայինը կրում են իրենց մեջ՝ որպես արժեհամակարգ, բայց աշխարհին հաղորդ լինելու համար նրանք նաև պիտի օտար լեզուներ իմանան: Լեզուն այն գործիքն է, որով պետք է մեր ազգայինը ներկայացնենք աշխարհին, նաև հաղորդակից դառնանք այլ մշակույթների հետ. երբ դու ունես քո ազգայինը, կարող ես նաև միջազգայինը  վերցնել՝ ստեղծագործել, համեմատել, համադրել, տարբերել և գնահատել: Սրանք կարևոր ընկալումներ են, որոնք դրված են կրթության և դաստիարակության հիմքում: Արագ փոփոխվող աշխարհում շատ դժվար է հասկանալ, թե երեխաներն ապագայում ինչ ուղղությամբ կարող են գնալ, որովհետև  մեզ շրջապատող աշխարհի  հետ փոխվում են նաև մասնագիտությունները: Կան դեռևս չհորինված մասնագիտություններ, որոնք  պիտի ապագայում ընտրեն այսօրվա դպրոցականները: Այս իմաստով կրթության պլանավորումն ապագայի կանխատեսում է, որն իրապես բարդ  գործ է: Մենք առանձնացնում ենք մաթեմատիկայի և բնագիտական առարկաների իմացությունը, որպես հիմնարար ուղղություններ և օտար լեզուների իմացությունը՝ հասկանալով, որ լինելով փոքր երկիր երեք լեզվի իմացությունը մեզ համար կարևոր է: Այս իմաստով ցանկացած նախաձեռնություն, որը կնպաստի օտար լեզվի հավելյալ իմացությունը դպրոցում, ողջունելի է»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:

Սևանի թիվ 3 հիմնական դպրոցում, «Փոփոխության սերունդ» ծրագրի շրջանակում  կահավորվել է առանձին ընթերցասրահ, որտեղ  հյուրերի ներկայությամբ տեղի է ունեցել անգլերենի առաջին բաց դասը:

Անգլերենի ակումբների գործարկումը երեխաներին հնարավորություն կտա բարելավել անգլերենի իմացությունը Բրիտանական խորհրդի տրամադրած և ՀՀ ԿԳ նախարարության սահմանած կարգով Կրթության ազգային ինստիտում փորձաքննություն անցած գրականության միջոցով: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել Բրիտանական խորհրդի «Սովորել անգլերեն` պատմություններ կարդալու միջոցով» ծրագրից, որը կնպաստի լեզվի իմացության բարելավմանը և աշխարհընկալման զարգացմանը:

Ծրագրի շրջանակում շուրջ 200 երեխա հնարավորություն կունենա ներգրավվել ակումբների աշխատանքում: 40 ուսուցիչ կանցնի Բրիտանական խորհրդի վերապատրաստման դասընթացները՝ սովորելով հեքիաթասացություն, սոցիալական ձեռնարկատիրության դասավանդման հմտություններ: Ակումբի աշխատանքներում ներգրավվում են դասընթացն անցած ուսուցիչները, որոնք նույն դպրոցներում դասավանդող անգլերենի մասնագետներն են:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։