Հուշագիր կրթության և գիտության ոլորտում` Հայաստանի և Իրանի միջև

2017-07-07

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրավերով Հայաստանում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխավորած պատվիրակությունը: Այցի սկզբում տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների երկկողմ հանդիպում, որից հետո նախարարները ստորագրել են «Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ողջունել  և շնորհակալություն է հայտնել Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությանը՝ Հայաստան այցելելու համար: Լևոն Մկրտչյանը նշել է, որ ստորագրված հուշագիրը երկարատև աշխատանքի արդյունք է, որն ընդգրկում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտները: «Նման ներկայացուցչական և ընդգրկուն պատվիրակության այցը իսկապես կնպաստի երկու երկրների կրթության և գիտության ոլորտների համագործակցության զարգացմանը: Տպավորիչ է այն արդյունքերը, որ Իրանը ունի հատկապես գիտության բնագավառում. մի շարք արդիական ուղղություններով այն համաշխարհային առաջատարների խմբում է՝ հատկապես նանոտեխնոլոգիաների, կենսաքիմիայի և կենսաբանության: Հուշագրի ստորագրումից հետո կձևավորվի աշխատանքային խումբ, որը կմշակի հետագա գործողությունների քարտեզը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ Իրանը հայկական կողմին կտրամադրի 5 դասախոսի և 15 ուսանողի կրթաթոշակ՝  բնական գիտությունների ուղղությամբ՝ ԻԻՀ-ում աշխատելու և սովորելու համար: Մեր դռները և հնավորությունները նույնպես բաց են, և մենք սիրով պատրաստ ենք մեծացնել ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերը»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:

Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադին իր հերթին նշել է, որ ուրախ է` իր  հայ գործընկերոջ հրավերով Հայաստանում գտնվելու համար: «Ոչ միայն երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կամքն է, այլ նաև առկա են բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու երկու երկրների միջև համագործակցությունը: Հայաստանում սովորող իրանցի ուսանողները կարող են կամուրջ լինել երկու երկրների միջև: Հուշագիրը գիտության, կրթական, տեխնոլոգիաների և հետազոտությունների ոլորտի զարգացմանն է վերաբերում, որի միջոցով ավելի կամրացնենք ու կխորացնենք մեր համագործակցությունը։ Բացի դասախոսների ու ուսանողների փոխանակումից, կիրականացնենք նաև փորձի փոխանակում։ Կրթաթոշակներ կհատկացնենք կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում։ Բուհերից բացի կհամագործակցեն նաև գիտատեխնոպարկերը»,-ընդգծել է Մոհամմադ Ֆարհադին։

Նշենք, որ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կողմերը կխթանեն գիտական կազմակերպությունների, համալսարանների և հետազոտական հաստատությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև կամրապնդեն երկու պետությունների գիտական համայնքների միջև կապերը: Մասնավորապես,  կողմերը կհամակարգեն համատեղ հետազոտական նախագծերի երկկողմ ֆինանսավորումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հետևյալ ոլորտներում` ֆիզիկա, բնագիտություն, կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա, ջրային գիտություններ և ճարտարագիտություն, բնապահպանական գիտություններ, երկրագիտություններ, բարձր արտադրողականության համակարգչային հաշվարկներ, ճարտարագիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն, իրանագիտություն և հայագիտություն (լեզու և մշակույթ) և այլ ոլորտներ:

Կողմերը      կխրախուսեն հետազոտական հաստատությունների միջև համագործակցությունը՝ փոխանակելով կրթական համակարգերի և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը,           կնպաստեն ակադեմիական և ղեկավար կազմի, դասախոսների, ֆակուլտետների անդամների և փորձագետների փոխանակմանը,  կփոխանակեն գիտատեխնոպարկերի և ինկուբատորների ստեղծման, կառավարման գիտելիքի և փորձի վերաբերյալ տեղեկատվությունը, կաջակցեն երկու երկրներում գիտատեխնոպարկերում գիտելիքահեն կազմակերպությունների ստեղծմանը, փոխադարձաբար կտրամադրեն կրթաթոշակներ մյուս կողմին և այլն: Կողմերը կստեղծեն գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների համատեղ կոմիտե, որի հանդիպումները կանցկացվեն 2 տարին մեկ կամ մյուս կողմի հայտով` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։