Որակի ապահովումը` ուսհաստատությունների զարգացման համալիր ծրագրի առանցքում

2017-06-06

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին հետևելու նպատակով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննական կենտրոն կատարած այցի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համալիր զարգացման ծրագրին:
Մեկնաբանելով ուսուցիչների աշխատանքից զրկվելու մասին լուրերը՝ ԿԳ նախարարը նշել է, որ այս փուլում առաջնահերթությունը տրվում է քաղաքային դպրոցների հիմնախնդրին: Մասնավորապես Երևանում առկա է հետևյալ պատկերը, դպրոցների շուրջ 30 տոկոս թերբեռնված է, 30 տոկոսը՝ գերբեռնված դպրոցներ: «Պետք է մտածենք՝ ինչպես անել, որ կրթության որակը բարձրանա, քանի որ Երևանում ունենք անգամ երեք հերթով աշխատող դպրոցներ: Իսկ կրթական քաղաքականությունը հանգում է նրան, որ դպրոցը պետք է ակտիվ աշխատի մինչև ժամը 3-4-ը: Եթե մենք դպրոցների ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխումը ճիշտ կազմակերպենք, չեմ կարծում, թե ուսուցիչների թվաքանակի շատ մեծ կրճատումներ ունենանք: Դիցուք, եթե Երևանում կա դպրոց, որտեղ 60-80 երեխա է սովորում և ոչ շատ մեծ հեռավորության վրա  կա մեկ այլ դպրոց ևս, որն ունի նորմալ ծանրաբեռնվածություն, ապա թերբեռնված դպրոցը միավորվում է մյուս դպրոցին: Բայց այս դեպքում  ուսուցիչների տեղափոխման հարցը ևս անպայման հաշվի է առնվում»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ այժմ մշակվում է դպրոցների զարգացմանն համալիր ծրագիրը, որտեղ կրթության որակի բարձրացման համատեքստում հատուկ կարևորություն է տրվում դպրոցների ծանրաբեռնվածության խնդրին: «Եվ գերբեռնված, և թերբեռնված դպրոցները ունեն որակի խնդիր: Հասկանալի է, որ դպրոցն ունի անուն,  հանրային վարկանիշ, որն հաշվի առնելով ծնողն իր երեխային տանում է հատկապես այդ դպրոցը: Հնարավոր է, որ այդ կարգի գերբեռնված դպրոցներին մենք լրացուցիչ մասնաշենքեր տրամադրենք՝ նույն դպրոցի կազմում ներառելով նաև մոտակայքում տեղակայված թերբեռնված որևէ դպրոց: Օրինակ՝ մասնաշենքերից մեկը կծառայի, որպես  կրտսեր դպրոց, մյուսը՝ միջին դպրոց»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ խոսքը բացառապես վերաբերում է քաղաքային դպրոցներին: Միաժամանակ, քաղաքային համայնքներում հիմնական դպրոցների խնդիրների քննարկման ժամանակ հաշվի է առնվում տվյալ բնակավայրի և թաղամասի առանձնահատկությունները: «Օրինակ` Շորբուլաղում, որը առանձնացված թաղամաս է, անգամ քիչ աշակերտների դեպքում դպրոցը չի միավորվի»,-ասել է Լ. Մկրտչյանը: Նրա խոսքով՝ ավագ դպրոցների պարագայում արդյունավետ ծանրաբեռնվածություն է դիտվում մինչև 150 աշակերտի նվազագույն սահմանաչափը: 
Համալիր զարգացման և խոշորացման ծրագիր է նախատեսվում նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ միջին մասնագիտական հաստատությունների, հատկապես ուսումնարանների շենքային պայմանները ոչ բարեկարգ են. «Ժամանակին քոլեջները եվրոպական միության աջակցության ծրագրերով կարողացանք մասամբ փրկել: Իսկ ուսումնարանների մեծ մասն անմխիթար վիճակում է, և հիմա դիտարկում ենք դրանց խոշորացման հարցը: Այսինքն` եթե քոլեջի շենքային պայմանները 1000-1200 երեխայի համար են նախատեսված, բայց այնտեղ ընդամենը 200-300 երեխա է սովորում, պետք է մոտակայքում գտնվող ուսումնարանը միավորենք, որպեսզի և քոլեջի շենքն արդյունավետ օգտագործվի և ուսումնարանում սովորողների պայմանները բարելավվեն: Եթե մի քանիսը խոշորացնենք քոլեջների կազմում՝ սովորողները կկարողանան թե՛ արհեստագործական կրթություն ստանալ, թե՛ միջին մասնագիտական: Աշխարհի բոլոր երկրներում դրանք համատեղ համալիրներ են»,- նշել է ԿԳ նախարարը:
Նա տեղեկացրել է նաև, որ Եվրամիության հետ այժմ քննարկվում է գյուղատնտեսական մասնագիտությունների ուղղությամբ քոլեջների զարգացման ծրագիրը: ԵՄ-ն պատրաստ է  ֆինանսական աջակցություն տրամադել:
Նախարարը մտահոգիչ է համարել նաև «բժշկական ուղղվածության ՄԿՈՒ մասնագիտությունների խնդիրը. «Մի շարք քոլեջներ արդար չեն ժողովրդի հանդեպ. օրինակ արհեստագործական կրթության ուղղավածության քոլեջում կարելի է հանդիպել  բուժական գործ մասնագիտության, որն անհասկանալի է»,- նշել է Մկրտչյանը՝ հավելելով, որ ՄԿՈՒ ոլորտում մասնագիտությունների վերանայման և աշխատաշուկայի պահանջների համապատասխանեցման խնդիր կա:  
Ըստ նրա` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների խոշորացման առաջին փուլում կմիավորվեն շատ ակնառու դեպքերը, իսկ հետագայում քննարկվելու է ֆինանսական ներդրումների հարցը: ԿԳ նախարարի խոսքով` ՄԿՈՒ ոլորտի հիմնական խնդիրը շենքային ոչ բարվոք պայմաններն ու լաբորատորիաների բացակայությունն են և ոլորտի համալիր զարգացման ծրագրի նպատակը այդ հիմնահարցերի լուծումն է:

 

Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6- օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու…

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ լրացումներ եվ…