Մեկնարկել է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովը

2017-04-21

Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում այսօր մեկնարկել է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովը, որին մասնակցել են մի շարք երկրների շուրջ 250 պատվիրակ, Միջազգային բակալավրիատ և Ռաունդ Սքվեր կազմակերպությունների համաշխարհային գրասենյակների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ուսհաստատությունների ղեկավարներ:

Համաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքն է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որում, մասնավորապես, ասված էր. «Կրթության համակարգի զարգացումը և կատարելագործումը համարվում է ՀՀ կառավարության հիմնական գերակայություններից մեկը:  Այս գործընթացում կարևոր է ժամանակակից պահանջներին համապատասախան կրթական ծրագրերի և բարձր որակավորում ունեցող մասնագետների դերը:  Վստահ եմ, որ այս համաժողովը կդառնա կրթական խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քննարկումների արդյունավետ հարթակ, նոր խթան կհանդիսանա Հայաստանի կրթության ոլորտի հաջող զարգացման համար, ինչպես նաև կստեղծի հիմքեր` տարբեր երկրների դպրոցների, ուսուցիչների և սովորողների միջև հետագա արդյունավետ համագործակցության համար»:

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ Երևանը միջոցառման անցկացման վայր ընտրելու համար:  «Կարծում եմ, որ Երևանի  ընտրությունը կապված է նաև այն որոշակի արդյունքի հետ, որ ունենք Հայաստանում գործող մեր դպրոցում:  Այս կապակցությումբ շնորհակալություն  եմ հայտնում Շիրակացու ճեմարանին՝ ոչ միայն Միջազգային բակալավրիատի ծրագրի հաջող փորձարկման, այլ նաև կրթական մեծ տարածքներում աշխատելու համար: Մենք չէինք կարող ունենալ կրթագիտական հաջողություններ, եթե ինտեգրված չլինեինք Խորհրդային Միության կրթական հզոր տարածքին: Այսօր Հայաստանը կրթական առումով ակտիվ աշխատում է երկու ուղղությամբ՝ նախկին խորհրդային երկրների հետ՝ ինտեգրվելով թե տարածաշրջանային կառույցներում և գիտակրթական համակարգերում, թե ԵՄ-ի հետ: Մենք համարյա բոլոր եվրոպական կրթական ծրագրերի ակտիվ մասնակիցն ու ներկայացուցիչն ենք: Այս իմաստով Միջազգային բակալավրիատը մեծ դեր է խաղում աշխարհում՝ ազգային կրթական համակարգերը միավորելու, միջազգային չափորոշիչներին համապատասխան միջին մակարդակի համաշխարհային կրթական ձևաչափ ստեղծելու ուղղությամբ: Հայաստանում այս ձևաչափով գործում են մի քանի դպրոցներ, ունենք միջազգային ներկայացվածություն և մենք ողջունում ենք այս քաղաքականությունը, քանի որ ՀՀ կրթական համակարգը բաց հարթակ է: Մեր երկրի բարձրագույն կրթական համակարգում աշխատում են ինչպես միջպետական համաձայնագրով, այնպես էլ անհատական-կազմակերպական նախաձեռնություններով  ստեղծված միջազգային համալսարաններ, մասնավոր համալսարանների մի ամբողջ համախումբ, և նաև այս գործունեությունը տեղափոխված է  հանրակրթության համակարգ: Հատկապես ավագ դպրոցում ներկայումս տեղի են ունենում լուրջ փոփոխություններ Հայաստանում, և Միջազգային բակալավրիատի փորձը շատ կարևոր է մեզ համար՝ հատկապես ավագ դպրոցի առաքելության, ուսումնական պլանների, ծանրաբեռնվածության բեռնաթափման առումով: Այն խնդիրները, որ դնում է Միջազգային բակալավրիատն իր առջև, իսկապես համահունչ է 21-րդ դարի պահանջներին: Դրանով է պայմանավորված նաև վերջինիս մեծ ներկայացվածությունը ողջ աշխարհում»,-նշել է նախարարը:

Նշենք, որ հայկական կողմից համաժողովի կազմակերպչական ապահովումն իրականացնելու է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, որը տարածաշրջանում ասոցիացիայի միակ անդամն է:

Համաժողովի շրջանակներում կքննարկվեն կրթության ոլորտում արդյունավետ համագործակցության ուղղություններն աշխարհում, ինչպես նաև կրթական հաստատություններում նոր մանկավարժական մեթոդաբանության և միջազգային կրթական չափորոշիչների՝ ներդնելու հնարավորությունները: Համաժողովի ընթացքում կներկայացվեն Միջազգային բակալավրիատի ծրագրի առանձնահատկությունները, ինչպես նաև կանցկացվեն հետաքրքիր, բազմաշերտ սեկցիաներ, սեմինարներ և կլոր սեղաններ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և…

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում Հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծը: