Մեր երկիրը չունի թիկունք և սահման, առաջին կամ հետին գիծ. Լևոն Մկրտչյան

2017-04-20

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունները: Համաժողովի բացմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների և գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Կարևորելով «Ազգ-բանակ»  ազգային նախաձեռնություն հիմքում դրված գաղափարը՝  ՀՀ  ԿԳ նախարարը ընգգծել է  երկար տարիներ քայլ առ քայլ գնում ենք դեպի «Ազգ-բանակ» կարգախոսի իրականացմանը. «Անկախությունից հետո Հայաստանի կրթական համակարգը  կանգնեց շատ կարևոր հիմնահարցի առջև՝  ինչպիսի կրթություն ենք ուզում, որ ունենա Հայաստանի անկախ Հանրապետությունը,  ինչպիսի տեսլական է  դրվելու կրթական համակարգի հիմքում: Ինչ ձևաչափով ենք մենք առաջ տանելու մեր մտածողությունը նոր պայմաններում: Դեռևս սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ քննարկումների ժամանակ մենք  արդեն որոշակիացրել էինք, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը լինելու է ազգային դպրոցի դաստիարակչական հենասյունը: 
Ցանկացած երկրի կրթական համակարգ ծառայում է այդ տեսակի շարունակականության ապահովմանը: Հայաստանի կրթական համակարգի հիմնական նպատակը հայ տեսակի շարունակականության ապահովումն է: Այդ տեսլականի, գաղափարախոսության մեջ անկյունաքարային դարձավ հանրակրթական դպրոցում, այնուհետև նաև բարձրագույն, միջին մասնագիտական կրթական համակարգում հայրենասիրական գաղափարախոսության ամրագրումը: Կատարվեց հսկայական աշխատանք, մենք վերադարձրեցինք դպրոց ռազմագիտության ուսուցիչներին:
Այսօր ունենք բանակ-դպրոց ամուր կապ, հայրենասիրական կրթության քաղաքականությունն իրականացնող ամբողջական պրոֆեսիոնալ համակազմ, այսօր հասել է պահը, որպեսզի խոսենք շատ ավելի մեծ, առավել հավակնոտ մյուս փուլին անցնելու անհրաժեշտության մասին: Ես վստահ եմ, որ մենք այսօր պետք է քննարկենք ոչ թե կատարվածը, այլ խնդիրներն ու խոչընդոտները, որոնք խանգարում են մեծ գաղափարի իրականացմանը: Արժևորելով ձեռբերումները պետք է գնահատել իրավիճակը»,- նշել է Լ. Մկրտչյանը: Այս համատեքստում ԿԳ նախարարը շեշտել է դպրոցի և Ռազմագիտություն առարկայի ուսուցման արդյունավետության բարձրացումը: «Տնօրենն ու մանկավարժը պիտի հասկանան, որ դպրոցն ունի առաքելություն. հատկապես Հայաստանի պայմաններում, երբ երկիրն այնքան փոքր է, որ չկա թիկունք, սահման հասկացությունը,  մենք պարտավոր ենք կրթական համակարգում դնել հիմնական չափորոշիչը, որը պարզ ձևակերպմամբ անվանում ենք  հայրենասիրական դաստիարակություն: Կրթական համակարգի կարևոր խնդիրը սովորողին գիտելիք և հմտություն հաղորդելն է, բայց կա նաև մեկ այլ  կարևոր խնդիր, որը դրված է կրթության որակի  հիմքում. Դա սովորողի մոտ քաղաքացիական պատասխանատվության ձևավորումն է:
Մեր համալսարանականների համար կարևորագույն փորձաքննություն էր ապրիլյան հերոսամարտը, և եթե համալսարաններ ունենք, որտեղ հարյուրավոր կամավորներ ցուցակագրվեցին հերոսամարտին և ունեցանք կամավոր զոհեր, սա նշանակում է, որ իրենց կրթական որակի մեջ այս համալսարաններն արձանագրել են լուրջ հաջողություններ»,-հայտարարել է Լևոն Մկրտչյանը։
Կրթութան նախարարի խոսքով՝ պետք է կարողանալ արմատապես փոխել դիտանկյունը, որովհետև Հայաստանի ու նաև տարածաշրջանի զարգացումներն ուղղակի պահանջում են, որպեսզի անցում կատարվի մտածողության փոփոխության։
«Մեր երկիրն այլևս չունի թիկունք, սահման, առաջավոր գիծ, հետին գիծ։ Սա, նախևառաջ, պետք է հասկանան կրթական համակարգի պատասխանատուները»,-ընգդծել է  Լևոն Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարության կրթական համակարգի հետ տարիներ շարունակ ունեցած գործընկերային համագործակցության համար:  ԿԳ նախարարը նաև ընդգծել է դպրոցներում տեխնիկական վերազինում կատարելու և նոր սարքաորումներով համալրելու կարևորությունը: Այնուհետև դիմելով համաժողովին ներկա ուսուցիչներին և տնօրեններին, ԿԳ նախարարն նշել է. «Սիրելի մանկավարժներ, մեր վրա է դրված մեր երկրի ապագան ապահովելու պարտավորությունը: Մենք պետք է  կարողանանք ազգ-բանակ գաղափարախոսությունը մատչելի, հասանելի դարձնել յուրաքանչյուր ընտանիքի համար:  Սա կրթության համակարգի մեծագույն առաքելությունն է: Վստահ եմ, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները դա անելու համար, ունենք Հայաստանի նախագահի  բարձր  հովանավորությունը և կանաչ լույսն այս ուղղությամբ գնալու համար, ունենք անհրաժեշտ նյութական ռեսուրսները: Եթե մենք կարողանանք այս բոլորը  դարձնել գործնական ծրագրեր՝ մի քանի ուղղություններով, վստահ եմ՝ առաջիկա տարիների ընթացքում բարձրագույն, միջին և հանրակրթական համակարգում կունենանք շատ լուրջ արդյունքներ: Սկիզբը պետք է լինի մեր ժողովրդին, մեր երեխաներին մեկ անգամ հիշեցնելը, որ ավելի բարձր մասնագիտություն, քան սպայի մասնագիտությունն է, չկա: Սա արիստոկրատիայի, առաջամարտիկների, ազնվական դասի առաքելությունն է եղել պատմականորեն: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ յուրաքանչյուր դպրոցում լինեն երեխաների տասնյակներ, ովքեր կերազեն դառնալ սպա»: 
«Ազգ-բանակ 2017» համաժողովի աշխատանքները շարունակվում են:

 

 

Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6- օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի միջոցառումների 98-րդ կետով նախատեսված է «Ձեռնարկատիրական կրթության զարգացման…

Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի…