Օտար լեզվի ուսուցիչների վերապատրաստումների արդյունավետությունը` հանդիպման առանցքում

2017-04-19

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ հումանիտար առաքելության կրթական ծրագրերի փոխտնօրեն Իրինա Վասիլևային: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ դպրոցներում գործածվող ռուսերենի դասագրքերի և ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին առնչվող մի շարք հարցեր: 
Նախարարը նշել է, որ հայ-ռուսական կրթական համագործակցությունը վերջին տարիներին նոր զարգացում է ապրել,  մասնավորապես Հայաստանում գործող Հայ-ռուսական սլավոնական համալսարանին զուգընթաց Երևանում բացվել է նաև Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը:  Լևոն Մկրտչյանը կարևորելով ՀՀ-ում գործող ռուսական բուհերի ներուժը, միաժամանակ ընդգծել է, որ այն պետք է նպաստի դպրոցներում ռուսաց լեզվի զարգացմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանը: Ներկայացնելով Հայաստանում դասագրքերի ստեղծման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացները՝  ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ այժմ քայլեր են ձեռնարկվում այդ համակարգերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ և այս տեսանկյունից ռուսական կողմը կարող է աջակցություն ցուցաբերել ինչպես դասագրքերի բովանադակային բարելավման, այնպես էլ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների արդյունավետության բարձրացման առումով: Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ  ՀՀ օրենսդրության համաձայն՝ բոլոր ուսուցիչները 5 տարին մեկ պարտադիր վերապատրաստումների են գնում. «Մենք  որոշել ենք օտար լեզվի, այդ թվում նաև ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները պատվիրակել մասնագիտացված կազմակերպություններին: Ռուսերենի դեպքում այդ գործառույթը կարող են վերցնել Հայ-ռուսական սլավոնական համալսարանը կամ Լոմոնոսովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղը»,- նշել է Լ. Մկրտչյանը:
ՌԴ հումանիտար առաքելության ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ  ռուսական կողմը պատրաստ է քննարկել ռուսաց լեզվի դասավանդման արդյունավետությունը բարձրացնելու առաջարկներն ու աջակցելու կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։