Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը տոնում է իր 95-ամյակը

2017-03-13

Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 95-ամյակի առիթով կրթօջախում բացվել է հայ նշանավոր գեղանկարիչ և հասարակական գործիչ Փանոս Թերլեմեզյանի կիսանդրին: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ իր դռներն է բացել նաև վերանորոգված «Թերլեմեզյան» ցուցասրահը: Հանրության դատին է հանձնվել «Սերունդներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր քոլեջի դասախոսների և շրջանավարտների շուրջ 70 ստեղծագործություն: Կրթօջախի 95-ամյա հոբելյանի առթիվ ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը ներկաներին է փոխանցել ՀՀ կրթության և գիտության նախարարի ուղերձը, որում, մասնավորապես, ասված էր. «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գոյության երկար ու բեղմնավոր  ուղին  նշանավորվել է բազմաթիվ ձեռքբերումներով: Քոլեջի  ուսումնառությունն անցած շատ ու շատ գեղանկարիչներ լայն ճանաչում են գտել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Կրթօջախն ավարտած հայտնի նկարիչների` Հայաստանի ազգային պատկերասրահը զարդարող շատ գործեր իրենց  ինքնատիպ լուծումներով հիացմունք են պատճառում Հայաստան այցելող բազմաթիվ հյուրերի ու զբոսաշրջիկների: Մեծ է քոլեջի  ակտիվ ստեղծագործական կյանքով ապրող մանկավարժական կոլեկտիվի դերը երիտասարդ սերնդի կրթության, դաստիարակության և բարձրորակ մասնագետ-կադրերի պատրաստման գործում և հոբելյանի կապակցությամբ առանձնակի շնորհավորում եմ մանկավարժներին, որոնցից շատերն ունեն երկարամյա աշխատանքի փորձ և մեծ սիրով ու նվիրումով իրենց գիտելիքներն ու հմտությունները փոխանցում են երիտասարդ սերնդին: Սիրելի՛ ուսանողներ, հավատարիմ մնալով հայկական արվեստի լավագույն ավանդույթներին, դուք այսօր էլ ձեր աշխատանքներում արտահայտում եք մեր ժողովրդի աշխարհընկալումը, հաստատում մշակույթի հանդեպ սերը, լավատեսությունն ու ապրելու և արարելու իրավունքը: Համոզված եմ, որ ձեր օգնությամբ Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, ապագայում ևս հավատարիմ մնալով իր ավանդույթներին, իրականացնելու է գնահատանքի արժանի աշխատանք՝ հարստացնելով հայ արվեստը նոր ստեղծագործություններով և անուններով: Մեկ անգամ ևս շնորհավորելով Գեղարվեստի պետական քոլեջի բոլոր շրջանավարտներին և աշխատակիցներին հոբելյանական տարեդարձի առթիվ` մաղթում եմ անսպառ եռանդ, հաստատուն կամք և բազում տարիների ստեղծագործական  աշխատանք»:

Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 95-ամյակի առթիվ կրթօջախն արժանացել է ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևի` «Ոսկե հուշամեդալի»: Քոլեջի մի շարք դասախոսներ պարգևատրվել են ԿԳ նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով:

 

Հանրային քննարկումներ

Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի…