Կրթության և գիտության ոլորտում ներդրումային պատկերը հաջողված է. Լ. Մկրտչյան

2017-02-20

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության հանձնարարականի համատեքստում անդրադարձել է կրթության և գիտության ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերին: ԿԳ նախարարի գնահատմամբ՝ ոլորտի ներդրումային պատկերը հաջողված է. «Այն ծրագրերը, որոնք ենթադրում էին շարունակականություն, բնականաբար, 2017 թվականի ընթացքում շարունակվելու են՝ ապահովելով ոլորտում ներդրումային միջավայրի զարգացումը: Մասնավորապես նախարարն առանձնացրել է մի քանի կարևոր ծրագրեր, որոնք ապահովում են հիմնական ներդրումային փաթեթը: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ կրթության և գիտության  ոլորտներում 2016-ին իրականացված և 2017-ին նախատեսվող ներդրումային ծրագրերը  թվով 44-ն են:

Ամենամեծ  ֆինանսական ծավալը բաժին է ընկնում «Կրթության բարելավում» վարկային ծրագրին, որի արժեքը՝ ներառյալ ՀՀ կառավարության ներդրումը կազմում է 37,5 մլն. դոլար.  Համաշխարհային բանկի մասնաբաժինը կազմում է  30 մլն. դոլար և 7,5 մլն.  դոլար ՀՀ կառավարության ներդրումը: Հաջորդը «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագիրն է, որն իրականացվում է  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, որի ընդհանուր գումարը կազմում է 825 հազար ԱՄՆ դոլար:

ԿԳ նախարարն առանձնացրել է նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը,  որն իրականացվում է 2010 թվականից՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և  ՀՀ կառավարության համատեղ նախաձեռնությամբ. «Շատ մեծ կարևորություն ենք տալիս «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին. այստեղ մենք թիրախային ենք համարում Հայաստանի բոլոր մարզերում 1-4-րդ դասարանների աշակարտներին տաք սնունդով ապահովելու հարցը: Այս ծրագիրը լուրջ ներդրումների կարիք ունի, որովհետև տաք սննդի ապահովման համար անհրաժեշտ է խոհանոցային և այլ ինֆրաստրուկտուրաների ստեղծում»,- նշել է Լ. Մկրտչյանը՝ ընդգծելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը մեկնարկից սկսած կազմում է 28 մլն. դոլար:

Կրթության ոլորտում իրականցված մասնավոր ներդրումներից ԿԳ նախարարը նշել է «Այբ» դպրոցում շարունակվող  շինարարության և ուսումնական տարածքի ընդլայնման աշխատանքները, որի ծավալը 2016-2017թթ. համար շինարարական աշխատանքների ուղղությամբ կազմել է մոտ 3,4 մլն.  դոլար: «Այբ» կրթական հիմնադրամի կրթաթոշակները աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների համար, ինչպես նաև դպրոցական միջազգային և տեղական մրցույթների մասնակցության  համար՝  1,3 մլն  դոլար:

Նախարարի խոսքով՝ լավագույն ծրագրերից է Հայաստանում չինական դպրոցի կառուցումը, որն իրականցվում է  Չինաստանի կառավարության աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ընդհանուր ծավալը` չինական կողմից` 10մլն  552 հազար դոլար է կազմում, իսկ ՀՀ կառավարության կողմից` 2 մլն  474 հազար դոլար:

Ներդրումային հաջողված ծրագիր է իրականացվում նաև «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» կողմից՝ Դեբեդում կառուցվում է SMART կենտրոն, որտեղ  լրացուցիչ կրթական ծրագրեր են իրականացվելու և դրանով իսկ ակնկալվում է ներդրումների նոր խթան. 2016 թվականին կատարված ներդրումները կազմել են 1, 7 մլն դոլար, իսկ 2017-ին ակնկալվում է մինչև 2,8 մլն դոլար:

Ներդրումային ծրագրեր են իրականացվում նաև բուհերում՝ հիմնականում դրամաշնորհային տարբեր ծրագրերի միջոցով` մասնավորապես ՀՀ բուհերում դրամաշնորհներից 2017 թվականին ակնկալվում է մոտ 4,4 մլն  դոլարի ներդրում:

Ամենամեծ ծրագրերից մեկը Հայաստանի Ամերիկյան համալսարանում USAID/ASHA-ի աջակցությամբ ուսանողական հանրակացարանի կառուցումն է` ծրագրի ընդհանուր արժեքը` 999 հազար դոլար:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ընդգծմամբ՝ 2017 թվականին պետք է ուժեղացնել նաև գիտության բլոկը՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետությունն արդեն անդամակցում է «Հորիզոն 2020» ծրագրին, որը գիտության ոլորտի ֆինանսավորման մեջ կարող է արմատական փոփոխություն մտցնել. «Այստեղ  լուրջ խնդիր կա. քանի որ Հայաստանի գիտնականներին անհրաժեշտ է նախապատրաստել, որպեսզի նրանք կարողանան գիտական արդյունքը վերածել բիզնես ծրագրի: «Հորիզոն 2020» ծրագիրն այստեղ՝ Հայաստանում կունենա գրասենյակ, որն այդ հարցում կաջակցի մեր գիտնականներին: Մենք պետք է կարողանանք օգտվել ստեղծված իրավիճակից և փորձենք մոտենալ միջազգային հետազոտական համալսարանների չափանիշներին»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ բուհերը նույնպես պետք է իրենց ծրագրերի մեջ ավելացնեն գիտական բաղադրիչը: Նախարարի խոսքով՝ օրինակ ԵՊՀ-ն իր ընդհանուր բյուջեի 10-12 տոկոսն է հատկացնում գիտական ծրագրերին, որը  համալսարանի զարգացումն ապահովելու համար բավարար ցուցանիշ չէ:

Ընդհանուր առմամբ անցած 2016 թվականին գիտության ոլորտում  իրականացվել է 10 ներդրումային ծրագիր` մասնավորապես խոշոր ֆինանսական ներդրոււմը «ՔԵՆԴԼ» ծրագիրն է, որտեղ 2016 թվականին 237 մլն դրամ ներդրվել է  Շվեյցարիայի /Paul Scherrer Institut (PSI)/, 9,5 մլն դրամ, Գերմանիայի կողմից,  2017թ-ին՝ ակնկալվում է 180 մլն դրամի ներդրում Գերմանիայից:

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։