Հուշագիր՝ ուսումնական և գիտական հեռավար միջոցառումների կազմակերպման վերաբերյալ

2016-12-12

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և «ԱՐՓԱ» (Ուսումնասիրություն, հետազոտություն և ծրագրավորում Հայաստանի համար) կազմակերպության նախագահ Հակոբ Փանոսյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Հուշագրով կողմերը  պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել ուսումնական և գիտական համատեղ ծրագրեր իրագործելու և մրցույթներ կազմակերպելու ուղղությամբ, նպաստել բուհերում հեռավար ուսուցման և վերապատրաստման արդյունավետ ծրագրերի ներդրմանը, հեռավար ուսումնական և գիտական բնույթի միջոցառումների կազմակերպմանը:

Խրախուսելով միջազգային և համահայկական գիտակրթական ներուժի ներգրավումը Հայաստանում՝ կողմերը կթողարկեն հրապարակային դասախոսությունների, սեմինարների, կոնֆերանսների, ուսումնական և գիտական բնույթի ձեռնարկներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով մայրենի լեզվի պահպանմանը և հայագիտության զարգացմանը:  Մասնավորապես նախատեսվում է հայագետների միջև հաղորդակցական հարթակի ստեղծում, երիտասարդ հայագետների գիտական գործունեության մասին տեղեկությունների տարածում, երկկողմանի թարգմանությունների իրականացում, կոնֆերանսների և սեմինարների կազմակերպում, գիտելիքի գնահատում և վկայագրում: Կողմերը կփոխանակեն տեղեկություններ՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում նպատակներին համահունչ բարեփոխումների, իրականացվող ծրագրերի,  ոլորտի իրավիճակային վերլուծությունների արդյունքների վերաբերյալ: Միաժամանակ համաձայն հուշագրի՝ քայլեր կձեռնարկեն ուսումնական գործընթացի կազմակերպման և տարբեր ոլորտներում գիտական հետազոտությունների անցկացման հետ կապված կարիքների գնահատման և հետագա բավարարման ուղղությամբ: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։