ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՅՑՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

2016-05-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային այցով եղել է Աշտարակում և մասնակցել Արագածոտնի մարզի դպրոցների տնօրենների տարեվերջյան խորհրդակցությանը:
Նախարարն իր ելույթում անդրադարձել է կրթական ոլորտում սպասվող փոփոխություններին՝ հիմնական շեշտը դնելով հանրակրթության բովանդակային խնդիրների վրա: Լ. Մկրտչյանի խոսքով՝ կրթության համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունները կարելի է համարել ավարտված և հերթն այժմ կրթական ծրագրերին նոր բովանդակություն և որակ հաղորդելունն է:
Անդրադառնալով ավագ դպրոցների կայացման խնդրին՝ նախարարն ընդգծել է. « Այդ ուղղությամբ կարևոր քայլերից մեկը կրեդիտային համակարգի ներմուծումն է, որն իր հերթին կկարգավորի  կրթության  շղթայի արդյունավետ աշխատանքն ու  բնականոն գործունեությունը,- նշել է Լ. Մկրտչյանը և մանրամասնել, որ նման համակարգը հնարավորություն կտա որոշ առարկաներից ստացած կրեդիտները տեղափոխել բուհ: Նախարարը կարևորել է նաև ավագ դպրոցի կրթական ծրագրի բեռնաթափումը՝ նշելով, որ  գործող ծրագիրը ոչ միայն չի ապահովում սահուն անցում կրթության հաջորդ աստիճան, այլև ընդգծված չեն մասնագիտական ուղղությունները:
ԿԳ նախարարն անդրադարձել է դպրոցական ծրագրի առարկայախմբերին, նշելով, որ դպրոցական համակարգում  նախընտրած դասաժամերի ծավալը պետք է չլրացվի մեկ այլ առարկայախմբի հաշվին: Այս համատեքստում ըստ նախարարի՝ պետք է գտնել լավագույն ոսկե միջինը բոլոր առարկայախմբերի համար: Այս պահանջը, որպես գերակա խնդիր դրված է չափորոշիչներ մշակող մասնագիտական խմբի առջև: Կրթական  նոր ծրագրի  կառուցվածքում Լ. Մկրտչյանը կարևորել է պարտադիր առարկայական ժամաքանակների առկայությունը, ընդգծելով, որ շեշտը պետք է դրվի բնագիտական  ուղղվածության մեծացման վրա: Լ. Մկրտչյանը նշել է, որ այս նպատակով կմշակվեն բնագիտական առարկաների պահպանման և զարգացման նոր մեխանիզմներ:
Նախարարն իր խոսքում առանձնակի կարևորել է գյուղական դպրոցների տնօրենների հանրային  դերը՝ շեշտելով, որ այդ կերպարը պետք է լինի  տվյալ համայնքում բացառիկ հարգանք վայելող անձնավորություն:
Պատասխանելով խորհրդակցության մասնակից տնօրեններից մեկի հարցին՝ նախարարը նշել է, որ տնօրենների հավաստագրման, մանկավարժների տարակարգերի տրամադրման և ատեստավորման գործընթացներում կլինեն էական փոփոխություններ, որոնց վերաբերյալ կծավալվեն նաև մասնագիտական քննարկումներ:
Անդրադառնալով բուհական համակարգում պետական պատվերով կրթություն ստանալու հնարավորություններին՝ նախարարը համաձայնվել է այն դիտարկմանը, որ գործող համակարգը սոցիալական իմաստով խնդիրներ է ունի և պետք է կարգավորվի օրենսդրական ճանապարհով. «Պետք է  սոցիալապես անապահով ընտանիքի երեխայի համար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ապահովել: Պետությունը պետք է ստեղծի բոլորին հասանելի համակարգ: Սա կրթության համակարգ  նոր  հոսք կբերի, այն հոսքը, որ մշտապես եղել է մեր ազգային կենսունակության աղբյուրը: Սա  նաև նոր որակ կապահովի նախ բարձրագույն կրթության, ապա նաև մեր երկրի զարգացման համար »,- շեշտել է  նախարարը:
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է դպրոցների  ֆինանսավորման, տարիֆիկացիայի, բյուջեի ձևավորման, ինչպես նաև կառավարման խորհուրդների գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերին:
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և  Արագածոտնի մարզպետ Գագիկ Գյոզալյանը կոչ են արել տնօրեններին առաջիկա Վերջին դասի միջացառումների կազմակերպման ժամանակ զերծ մնալ անհարկի շքեղությունենրից և առաջնորդվել օրվա  խորհրդի տրամաբանությամբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։