ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հարցազրույցը «Առավոտ» թերթին

2016-07-01

Սայլը տեղից շարժելու ժամանակը՝ ըստ Լեւոն Մկրտչյանի

 Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը մշտապես բարձրաձայնում է, որ կրթության համակարգում կա երկու չկայացած օղակ՝ ավագ դպրոցը եւ մագիստրատուրան: «Առավոտը» նախարարից հետաքրքրվեց՝ որո՞նք են այդ խնդիրը լուծելու ողջամիտ ժամկետները եւ ճանապարհները:

Նախարարը նշեց, որ կրթության մասին խոսելիս պետք է չմոռանալ շարունակականության մասին, երբ մի կրթական որակավորումից անցում է կատարվում մյուսին: Նրա ձեւակերպմամբ, շատ կարեւոր է, որ անցումը մի օղակից մյուսին սահուն լինի, մինչդեռ խզում կա:

«Տարբեր երկրներ տարբեր ձեւաչափով են այս խնդիրները լուծում: Մեր պարագայում հանրակրթությունից աստիճանաբար պետք է երեք տարին գնա դեպի նախնական մասնագիտական կողմնորոշվածություն, որն անվանում ենք ավագ դպրոց: Սրանից հետո պատրաստվելով՝ տվյալ պահին իբրեւ քաղաքացի եւ մասնագետ, երիտասարդը անցում կկատարի դեպի մասնագիտական կրթություն՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական: Մենք ունենք կառուցվածքը, սկզբունքը, կոնցեպցիան, ունենք Գնահատման եւ թեստավորման կենտրոն (ԳԹԿ), որը պետք է որոշակիորեն բեռնաթափվի այն իմաստով, որ այսօր այստեղ կենտրոնացված է իրեն ոչ հարիր եւս երկու գործառույթ: Բացի քննությունն անցկացնելուց, ԳԹԿ-ն իրականացնում է մրցույթ եւ տեղադրվում է վճարովի-անվճար տեղերը: Եթե բեռնաթափենք եւ թողնենք Advanced Placement (AP) համակարգը, ինչպես ԱՄՆ-ում, երբ մի օղակ կազմակերպի քննությունը, մեկ այլ օղակ՝ որոշի պետական պատվերի սկզբունքները, բուհն էլ կատարի իր մրցույթը, պատկերը կփոխվի:

Այսինքն, երբ այս տեղաբաշխումն անենք, ավագ դպրոցը կբեռնաթափվի 12-րդ դասարանի առաջին կեսում: Մենք արդեն փաստաթղթերն ուղարկել ենք արդարադատության նախարարություն: Ստացվում է, որ բոլոր առարկաների քննությունները կհանձնվեն դեկտեմբեր ամսին, իսկ մնացյալ ամիսներին երեխան կփորձի խորանալ զուտ իր մասնագիտական երկու-երեք առարկաների մեջ: Եթե սա բերենք մոտեցնենք բակալավրիական կրթությանը, Բարձրագույն կրթության մասին օրենքում էլ փոփոխություն անենք, հնարավորություն կստեղծվի, որ որոշ կայացած ավագ դպրոցներում, օրինակ՝ ֆիզմաթում, լինի կրեդիտային համակարգ, աշակերտն էլ հնարավորություն կունենա բարձրագույն կրթության ռեֆորմի պարագայում իր չորս տարվա բակալավրիատը դարձնել 3 տարի: Սա կբարձրացնի ավագ դպրոցի հեղինակությունն ու արդյունավետությունը: Այո՛, Բոլոնիան ասում է եռաստիճան կրթական համակարգ, նկարագրում է յուրաքանչյուր աստիճանի կրեդիտային պահանջը: Իսկ այդ կրեդիտը կանցնի չորս տարում, թե երե՞ք, էական չէ: Բոլոնիայի էությունն է, որ ընթեռնելի լինի որակավորումը եւ չափելի՝ լինի կրեդիտների միջոցով, որպեսզի հնարավոր լինի ապահովել մասնագիտական եւ ուսանողական շարժունակություն: Եթե կարողանանք մասնագիտությունների տակ ձեւավորել ազատ շարժունակություն եւ մասնագիտությունը փորձի կրեդիտի հետ միասին ստանալ նաեւ լրացուցիչ որոշակի ծավալ, դա շատ մեծ արդյունք կբերի: Օրինակ բերեմ: Ցավոք, մանկավարժության մեջ վերացրել ենք անգլերեն-ռուսերեն առարկաների ուսուցչի մասնագիտությունը կամ ֆիզիկայի եւ կենսաբանության: Անգամ եթե այդ մասնագիտությունները չլինեն, մարդը սովորելու ընթացքում դիցուք անհրաժեշտ 220 կրեդիտ վերցրեց ու դրանով ստացավ, ասենք՝ ֆիզիկոսի մասնագիտություն, ապա կարող է սովորել եւ վերցնել իրեն պակասող եւս 80 կրեդիտը, որպեսզի դառնա նաեւ կենսաբանության մասնագետ ու երկրորդ առարկան եւս դասավանդելու իրավունք ունենա: Սա աշխատաշուկայում մեծ հնարավորություններ կստեղծի: Այս իմաստով տեսանելի են բարեփոխումները: Ինչ վերաբերում է մասնագիտական կրթությունից դեպի աշխատաշուկա անցմանը, այստեղ շատ հարցեր կան, որոնց պատասխաններն ինձ համար կան, բայց հասարակության համար էլ պետք է ընկալելի լինեն: Արդյոք կրթությունը միայն սպասարկո՞ւմ է աշխատաշուկային: Այսինքն՝ կրթության գործառույթը սպասարկում է, թե նաեւ առաջնորդող գործառույթ ունի: Եթե տվյալ մասնագիտությամբ աշխատաշուկայում այս պահին պահանջարկ չկա, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այդ մասնագիտությունը պետք է մեռնի տվյալ տարածքում»,- ասում է ԿԳ նախարարը: Հավելում, որ այդ տրամաբանությամբ շարժվելով, պետք է հրաժարվենք բնագիտական ուղղություններից, ինչը ողջամիտ չէ: Լեւոն Մկրտչյանի ձեւակերպմամբ՝ կան ԽՍՀՄ-ից ժառանգված մասնագիտություններ, որոնք այսօր արժեք են. «Օրինակ բերեմ, թե ինչպես է դրա հնարավորությունը բացվում: Մի քանի օր առաջ ճարտարագիտական համալսարանում էինք: Այնտեղ՝ ինժեներատեխնիկական հատվածում կա մի մասնագիտություն, որը զբաղվում է գազի, նավթի հորերի ինժեներատեխնիկական սպասարկման հարցով: Այդ մասնագիտության պահանջարկն այսօր Հայաստանի աշխատաշուկայում չկա, բայց մասնագետներն անհրաժեշտ են դրսում: Այսօր ԱՊՀ տարածքում ձեւավորված ընկերություն կա, որը նախագծային հաշվարկներ է անում ու Ղազախստանի համար է պատվեր կատարում՝ տեղադրված լինելով Երեւանում: Եվրասիական տնտեսական գոտի մտնելու դեպքում մեզ համար բացվում է նրանց աշխատաշուկան… Կամաց-կամաց ստարտափերի ժամանակն է գալիս, ֆոնդրայզինգ ասածը փոխարինվում է աշխատանքային կենտրոններ հասկացությամբ, երբ հնարավոր է սենյակում նստել՝ առանց օֆիսի կատարել շատ լուրջ աշխատանքներ: Այսինքն՝ Հայաստանում կարող է ձեւավորել լուրջ աշխատանքի միջավայր, եւ մենք կկարողանանք կատարել տարբեր երկրների պատվերներ: Ու եթե ունենանք մասնագետների լավ որակ, առաջարկն ինքը կգա տարբեր երկրներից: Այստեղ է, որ մագիստրանտական կրթությունն ունի վերափոխվելու անհրաժեշտություն, ինքը պետք է կամ նպատակաուղղվի դեպի գիտություն, կամ գնա աշխատաշուկա: Արտասահմանյան երկրների մեծ մասում մագիստրանտական կրթությունն ընդհատվածից է սկսվում, մարդն ավարտում է բակալավրիատը, գնում է աշխատանքի, տեսնում է ինչի կարիք կա իր առաջընթացի համար, հետո նոր ընտրում է մագիստրանտական կրթությունը: Մեզ մոտ անընդհատ է այդ գործընթացը, եւ մագիստրանտական կրթությունը մեխանիկական շարունակությունն է բակալավիրական կրթության: Դրա համար էլ ժողովրդի մոտ տպավորություն է ստեղծվում, որ բակալավրիական կրթությունը թերի բարձրագույն է, եւ մագիստրանտական կրթության առաքելությունը սկսում է ձեւափոխվել»:

ԿԳ նախարարը հայտնեց, որ օրենքով շուտով հստակություն կմտցվի ու որոշակի չափանիշներ կձեւավորվեն, ամեն բուհ էլ իրեն համալսարան չի հայտարարի. «Գոյություն ունեն միջազգայնորեն ընդունված կրթության ոլորտներ, որոնք հստակեցված են: Մենք ընդունել ենք այդ ոլորտները՝ մտնելով Եվրոպական կրթական տարածք: Եվրոպական բոլոր չափանիշներով համալսարան կարող է կոչվել այն հաստատությունը, որը իրականացնում է կրթություն՝ առնվազն երեք ոլորտներով, այսինքն՝ մնացածը պետք է կոչել ինստիտուտ: Մինչդեռ այսօր մասսայական համալսարանակոչություն է տիրում, ինչը հարվածում է կրթության որակին: Կարող են լինել համալսարաններ, որոնք իրենց մեջ կունենան ինստիտուտներ, ինստիտուտը կարո՛ղ է ունենալ 400-500 ուսանող, համալսարանը՝ ոչ: Համալսարանի թվաքանակ կա, որից ներքեւ ուսանողությունը չի կարող բաշխվել երեք կրթական ոլորտի միջեւ: Այս ամենը կհստակեցնենք Բարձրագույն կրթության մասին օրենքով, որ աշնանը կներկայացնենք Ազգային ժողով»: Մեր դիտարկմանը, թե ավագ դպրոցը չի կայացել, չնայած նախկին նախարար Արմեն Աշոտյանը հակառակ կարծիքի էր, եւ եթե կայացած լիներ, կրկնուսույցների ծառայություններից ավագ դպրոցի աշակերտներն ավելի քիչ կօգտվեին, ներկա նախարարն ի՞նչ կարծիքի է կրկնուսույցների ինստիտուտի մասին, արդյոք ինքն է՞լ է համամիտ կրկնուսույցների լիցենզավորման գաղափարին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե կյանքը մի բան թելադրում է, ուրեմն դրա պահանջարկը կա, ուրեմն անհրաժեշտ է: Երբ բուհական ընդունելության պայմանը եւ հանրակրթության տված որակը չեն համապատասխանում միմյանց, ահա այստեղից էլ առաջանում է կրկնուսույցներին դիմելու անհրաժեշտությունը: Ավագ դպրոցի գաղափարը պետք է դա լրացներ, սակայն այսօր ժողովուրդն ունի դժգոհություն 12-րդ տարուց, որովհետեւ 12 տարին այն տարին է, որ պետք է բավարարի բարձրագույն կրթության պահանջները: Եթե ավագ դպրոցն այդ պայմանը չի բավարարում, առաջանում է միջանկյալ օղակ՝ կրկնուսույց: Եթե մենք սկսենք լիցենզավորել կամ հարկ վերցնել կրկնուսույցներից, դա կնշանակի՝ պաշտոնապես ընդունում ենք, որ մեր հանրակրթության մեջ չենք կարողանում խնդիր լուծել, հետեւաբար վստահում ենք ինչ-որ մարդկանց խմբի: Մինչդեռ պարտավոր ենք ավագ դպրոցի վերջին տարում այնպես ձեւափոխել առարկայացանկը, որ խնդիրը լուծվի դպրոցի պատերի ներսում: Իհարկե, կլինեն բացառիկ մասնագիտություններ եւ բացառիկ համալսարաններ, եւ եթե մարդն ուզում է գնալ, ասենք՝ Քեմբրիջ կամ Հարվարդ, ստիպված կլինի հավելյալ պարապել, մասնագետ վարձել, օժանդակող դասախոսի անհրաժեշտություն կունենա: Կրկնում եմ՝ մեր խնդիրն այն է, որ միջին համալսարանական կրթություն հնարավոր լինի ստանալ ավագ դպրոցի գիտելիքով: Եվ դա հնարավոր է: Հատկապես թեթեւացրած շտեմարանի պայմաններում ցանկացած երեխայի գիտելիքներով կարելի է 13-14 միավոր ստանալ: Այդ միավորը բավարար չի լինի անվճար սովորելու համար, իսկ երբ փոխենք սկզբունքը եւ պետպատվերի մեջ դնենք սոցիալականը, 13-14 միավոր ստացած երեխաներն էլ անվճար սովորելու հնարավորություն կունենան: Սա եւս կպակասեցնի կրկնուսույցների անհրաժեշտությունը»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ գիտական աստիճանաշնորհման համակարգում առկա խնդիրներին: Նախարարին հարցրինք՝ պատրա՞ստ է հեղափոխական քայլեր անել, օրինակ՝ նպաստել, որ խորհուրդներում ընդգրկվեն երիտասարդ կարող ուժեր: «Իսկապես դա լուրջ խնդիր է, մի քանի անգամ հարցը փորձել ենք լուծել: Համաձայն եմ, որ կարելի է հեղափոխական քայլեր անել, որովհետեւ հեղափոխություն՝ նշանակում է իրավիճակի արմատական, որակական փոփոխություն: Եթե մենք ընդունում ենք, որ այս իրավիճակն անընդունելի է, ուրեմն պետք է արմատապես, որակապես փոխենք, բայց, այնուամենայնիվ, մի քիչ ես դեմ եմ ռադիկալությանը, որովհետեւ ռադիկալը մի մարդ է, որը երկու ոտքով կանգնած է օդում: Այսինքն՝ չպատրաստված, հիմք չունեցող, արագ որոշումները եղածը կարող ենք քանդել: Մի բան հստակ է՝ մենք պետք է հասնենք նրան, որ լինի մեկ աստիճանի գիտական շնորհակարգ: Երկաստիճան համակարգը, գիտությունների թեկնածու ասվածն ուղղակի անհասկանալի է 21-րդ դարում: Նաեւ պետք է կարողանանք հնարավորինս համալսարանները մոտեցնել գիտությանը եւ այնպես անել, որ համալսարանական խորհուրդների որոշումները վերջնական լինեն: Սա երկրորդ կարեւոր նպատակն է: Եվ երրորդ՝ փոքր երկրներում պետք է կարողանանք ստեղծել մեծ մասնագիտական խորհուրդներ իրենց փոքր մասնագիտացումներով: Այս երեք խնդիրը պետք է դիտարկենք ժամանակացույցի մեջ, որպեսզի հերթով պատրաստենք փոփոխությունները՝ առանց վնասելու գործող համակարգին: Կարիք կա շատ ավելի մեծացնել Գիտության պետական կոմիտեի ազդեցությունը, այդտեղ դնել եւ նորարարության, եւ հետազոտությունների ծրագրերը: Կարիք կա, որպեսզի մեր համալսարանները շատ մոտենան գիտական ինստիտուտներին»: Իսկ չարժե՞ ԿԳ նախարարությունից գիտությունն անջատել եւ գիտությունը հանձնել Գիտության պետական կոմիտեին: Այս հարցի մասին էլ պարոն Մկրտչյանն ասաց. «Ես ավելի շատ կառույցը պատկերացնում եմ ոչ թե գիտություն անունով, այլ ինովացիաների եւ հետազոտությունների ձեւով: Ի վերջո, մեր երկրի ռեսուրսները փոքր են եւ մենք կարիք ունենք այդ ռեսուրսները կենտրոնացնել մեկ քաղաքականության մեջ: Թե դա որտե՞ղ կտեղադրվի կամ ինչպե՞ս, այլ հարց է, բայց որ ինովացիան, հետազոտությունը եւ կրթությունը իրար հետ պետք է սինքրոն եւ մի աղբյուրից սնում ունենան, դա միանշանակ է, մնացածը կառավարման խնդիր է: Եթե այս խնդիրը կարողանանք կարգավորել, կլուծենք նաեւ համալսարանների խնդիրը, ինչը ենթադրում է համալսարանների խոշորացում եւ ինստիտուտային համակարգի վերածնում: Եթե դու խոսում ես հետազոտության մասին, ինովացիայի մասին, սա ենթադրում է խորացված գիտելիք, իսկ խորացված գիտելիքը ինստիտուտայինն է: Ինչ վերաբերում է համալսարաններին, այնտեղ գիտությունը շատ խորանում է, երբ որ կան ինստիտուտներ, որոնք խորացված էին տվյալ կրթության ոլորոտում: Այ այստեղ է, որ մենք պետք է կարողանանք այդ փոփոխությունները բերել 3-րդ աստիճան: 3-րդ աստիճանում նույն Բոլոնիան պահանջում է կրեդիտային համակարգ՝ դնելով հետեւյալ խնդիրը՝ չափելի պետք է լինի նաեւ գիտության կրթության աստիճանը: Մի հարց էլ՝ ժամանակին ձեռք բերված արդյունքը, սակայն, չի նշանակում, որ գիտնականը դափնիներով ապրի հետագա կյանքը եւ մոտ չգա գիտությանը: Գիտնականն այն մարդն է, որն ամեն օր աշխատում է իր արդյունքի վրա»: ԿԳ նախարարը խոստովանեց, որ, ցավոք, կրթության ոլորտի խնդիրների ծավալն այնքան մեծ է, որ հաճախ գիտության խնդիրները ստվերվում են, սակայն հասունացել է «սայլը տեղից շարժելու» ժամանակը:   
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ  

«Առավոտ»

01.07.2016

Հանրային քննարկումներ

Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի…