«Kaspersky Cybersafety Games» կիբեռանվտանգության մրցույթ ուսանողների համար

2019-09-17

Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը Հայաստանի բուհերի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասնագիտությունների ուսանողների համար կազմակերպում է «Kaspersky Cybersafety Games» կիբեռանվտանգության մրցույթ, որը կկայանա հոկտեմբերի 4-ին, ժամը 13:00-18:00-ը, «Radisson Blu Hotel Yerevan» հյուրանոցում (հասցե՝ Երևան, Ազատության պող 2/2)։

Իր տեսակի մեջ բացառիկ և տեղեկատվական անվտանգության համաշխարհային մակարդակով առանցքային խնդիրների լուծումներին վերաբերող մրցույթը կվարեն «Կասպերսկի»-ի առաջատար փորձագետները։ Մրցույթի ընթացքում մասնակիցներն արդիական հմտություններ ձեռք կբերեն՝ անվտանգության խնդիրներ լուծելով իրական կիբեռհարձակմանը նման պայմաններում։ Մրցույթին մասնակցած ուսանողները կստանան մասնակցության հավաստագիր, հաղթող, երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերին կշնորհվեն մրցանակներ, կլինեն նաև խրախուսական մրցանակներ։

Մրցույթին մասնակցելու համար ուսանողները պետք է կազմեն 4 հոգուց բաղկացած թիմ։ Մասնակիցների թվաքանակն անսահմանափակ է: Մրցույթին մասնակցության մասին հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է տեղեկացնել 374 10 582620 հեռախոսահամարով և/կամ cyber@global.am էլեկտրոնային փոստով՝ ներկայացնելով թիմի անվանումը, մասնակիցների ազգանունը, անունը, բուհի և ֆակուլտետի անվանումը, բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։