Ի գիտություն՝ ուսման վարձի փոխհատուցման համար դիմող ուսանողների

2019-09-16

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցում ՀՀ պետական բյուջեից կտրամադրվի`

1) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բուհերի անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող, առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին /լրիվ փոխհատուցում/.

2) բուհերի անվճար համակարգում չընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում մարտական գործողություններին մասնակցած կամ մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին՝ ըստ առաջադիմության, մասնակի՝ 20 տոկոսի չափով (ընդ որում, բուհի կողմից տրամադրվող և պետական բյուջեից տրվող փոխհատուցման ընդհանուր գումարը պետք է չգերազանցի ուսման վարձավճարի 50 տոկոսը):

Վերոնշյալ խմբերին պատկանող ուսանողները մինչև ս/թ սեպտեմբերի 30-ը  կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթերը կարող են ներկայացնել բուհերին:

Փոխհատուցման հավակնող ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցումը կիրականացնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ բուհերից ներկայացված տեղեկատվությունն ամփոփելուց հետո:

 

ԲՈՒՀԸ վճարովի համակարգում սովորող ուսանողների առնվազն 10 տոկոսի`  վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով իրականացնում է ուսման վարձի մասնակի փոխհատուցում՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը:

-Ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստանալու համար ուսանողները պետք է դիմեն միայն բուհին:

-Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից ուսանողը կարող է օգտվել միայն այն դեպքում, եթե հաղթահարել է ԲՈՒՀ-ի սահմանած՝ բակալավրի և մագիստրոսի համար միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը:

Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրվում է`

18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը` առնվազն 50 տոկոս
23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին` առնվազն 50 տոկոս
մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` առնվազն 50 տոկոս
երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` առնվազն 30 տոկոս
1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին` առնվազն 30 տոկոս
մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին` առնվազն 30 տոկոս
սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 30 տոկոս
սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 20 տոկոս:

Բուհերում ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող 2 շաբաթների ընթացքում:

Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում առնվազն կեսի չափով տրամադրվում է ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված 2 կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերությամբ:

Սահմանված մի քանի արտոնություններին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը: Առաջին կուրսի ուսանողները ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն սկսած երկրորդ կիսամյակից:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է`

ա) մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով.

բ) օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին`

առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի,

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի,

ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի.

գ) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:

Առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց, զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին ուսանողական նպաստներ տրամադրվում են 1-ին կուրսից մինչև ծրագրի ավարտը, իսկ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին ուսանողական նպաստները համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրվում են 1-ին կուրսի սկզբում և վերանայվում յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր տարի ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին`

ա) մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50 տոկոսի չափով.

բ) 5-10 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով.

գ) 10-15 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 70 տոկոսի չափով.

դ) 15-20 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 80 տոկոսի չափով.

ե) 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 100 տոկոսի չափով:

Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստանալու համար ուսանողն իր ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը յուրաքանչյուր տարի բուհին է ներկայացնում մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 10-ը:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է ՀՀ կառավարության որոշման հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդի համայնքում հաշվառված և վերջին 5 տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտած և ՀՀ պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհերի համապատասխան ուսուցման ձևերով (առկա, հեռակա) բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով (այդ թվում՝ անընդհատ ու ինտեգրացված կրթական ծրագրերով) ուսանողների հետևյալ խմբերին՝

1) մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով գերազանց առաջադիմություն ունեցողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով.

2) անկախ առաջադիմությունից՝ ուսման վճարի 30 տոկոսի չափով:

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է նաև ՀՀ մասնակցությամբ հիմնադրված բուհերի անվճար համակարգում չընդգրկված 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող, առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին` ուսման վճարի 50 տոկոսի չափով:

Առաջին կուրսում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է ՀՀ պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով բուհ ընդունված ուսանողներին:

Հաջորդ կուրսերում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` մրցութային հիմունքներով:

Ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքում միևնույն պայմանների դեպքում հավասար միավորներ ունեցող 2 և ավելի ուսանողների պարագայում` 2-րդ կուրսում առավելությունը տրվում է առաջին կուրսի վերջին կիսամյակի քննաշրջանի արդյունքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա, իսկ վերջինիս հավասարության դեպքում՝ դրան նախորդող ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին:

Բուհերում ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում:

Ուսումնառությունն ընդհատած (ժամկետային զինծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի դեպքերում) ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ ստանալու իրավունքը (ՀՀ պետբյուջեով նախատեսված ուսանողական նպաստ ստացողների ընդհանուր թվաքանակի շրջանակներում):

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։