«Ամառային դպրոց՝ հանրակրթական դպրոցի աշակերտների համար» ծրագրի շրջանակներում ամառային դպրոցում դասավանդող կամավորների մրցույթ

2019-05-23

Կրթության որակի ու սովորողների գրագիտության բարելավումը պետության սոցիալ-տնտեսական զարգացման, ինչպես նաև հասարակության մեջ սոցիալական արդարության ամրապնդման կարևորագույն գրավականն է: Ընդհանուր հանրակրթության որակի բարելավման, աշակերտների գրագիտությունը բարձրացնելու և անձի կայուն զարգացման համար հաստատուն նախադրյալներ ստեղծելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության հետ համագործակցությամբ, նախաձեռնում է ամառային դպրոց՝ հանրակրթական ծրագրի յուրացման և ուսման մեջ առաջադիմության հետ կապված դժվարություններ ունեցող 3-րդ և 6-րդ դասարանն ավարտած սովորողների համար: 


Ամառային դպրոցի նպատակն է նպաստել թիրախ խմբի սովորողների կողմից հանրակրթական ծրագրի յուրացմանը և գիտելիքների առկա բացի լրացմանը, ինչպես նաև զինել աշակերտներին բավարար գիտելիքներով և հմտություններով, որոնք թույլ կտան շարունակել ուսումը հանրակրթության հաջորդ մակարդակում՝ առանց լրացուցիչ օգնության և կրկնուսուցման, ներառյալ՝ քննադատական և վերլուծական մտքի, խնդիրների լուծման, որոշումների կայացման և թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը:


Տարրական դպրոցում ամառային դպրոցը, մասնավորապես, նպատակ է հետապնդում օգնել ուսման մեջ հետ մնացող աշակերտներին հաղթահարել հանրակրթության տարրական դպրոցի չափորոշչով սահմանված ակադեմիական գիտելիքների շեմը, ստեղծել աշակերտների մոտ որոշումների կայացման, խնդիրների լուծման, քննադատական, ռեֆլեկտիվ և վերլուծական մտածողության, տրամաբանության անհրաժեշտ հմտություններ՝ ապահովելով նրանց սահուն անցումը միջին դպրոց և նոր առարկաների անխոչընդոտ յուրացումը:


Միջին դպրոցում ամառային դպրոցի նպատակն է համալրել հանրակրթության միջին դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների չափորոշիչներով սահմանված ակադեմիական գիտելիքների բացը, ստեղծել և/կամ զարգացնել աշակերտների մոտ որոշումների կայացման, խնդիրների լուծման, քննադատական, վերլուծական և ռեֆլեկտիվ մտածողության, տրամաբանության անհրաժեշտ հմտություններ՝ ուսումը միջին դպրոցում անխոչընդոտ շարունակելու և 7-րդ դասարանում ուսումնական պլանով նախատեսված նոր առարկաները՝ ֆիզիկա, քիմիա, երկրաչափություն և այլն, ինքնուրույն, առանց լրացուցիչ օժանդակության յուրացնելու համար:


Տարրական դպրոցի 3-րդ դասարանն ավարտած սովորողների համար ամառային դպրոցն ընդգրկելու է հետևյալ առարկայական դասերը.
• մայրենի լեզու և ընթերցանություն
• մաթեմատիկա և տրամաբանություն


Միջին դպրոցի 6-րդ դասարանն ավարտած սովորողների համար ամառային դպրոցն ընդգրկելու է հետևյալ առարկայական դասերը.
• հայոց լեզու և ընթերցանություն
• մաթեմատիկա և տրամաբանություն
Ամառային դպրոցի կազմակերպման նպատակով ՀՀ ԿԳ նախարարությունը հայտարարում է ամառային դպրոցում դասավանդող կամավորների մրցույթ:
Ամառային դպրոցում «Մայրենի», «Հայոց լեզու» և «Ընթերցանություն» առարկաների դասավանդումը պետք է նպատակաուղղված լինի լեզվի և ընթերցանության այնպիսի հմտություրնների զարգացմանը, որոնք աշակերտներին հնարավորություն կտան անխոչընդոտ սովորել և ընկալել այլ տեխնիկական առարկաներ:
Ամառային դպրոցում «Մաթեմատիկա» առարկայի դասավանդումը պետք է նպատակաուղղված լինի սովորողների մոտ տրամաբանության, քննադատական և վերլուծական մտքի զարգացմանը, խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտությունների ձևավորմանը:
Դասավանդումը պետք է համատեղի ինչպես ակադեմիական ուսուցման, այնպես էլ ներառական, ինտերակտիվ, նախագծային, խաղային և այլ նորարարական ուսուցման մեթոդներ: 
Մրցույթին կարող են մասնակցել.
• «Մայրեի»/«Հայոց լեզու» և/կամ «Մաթեմատիկա» առարկաներ դասավանդող մանկավարժներ, 
• մանկավարժական և այլ բուհերի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողներ, 
• մանկավարժական կրթություն չունեցող այլ մասնագետներ, ովքեր ունեն «Հայոց լեզու» և/կամ «Մաթեմատիկա» առարկաների գիտելիքներ, 
• սիրում են երեխաներին և դասավանդելը, 
• տիրապետում են երեխայակենտրոն ուսուցման մեթոդներին կամ պատրաստ են կարճ ժամանակահատվածում վերապատրաստվել,
• ստեղծագործ են,
• ունեն քննադատական մտածողություն,
• ունեն թիմային աշխատանքի հմտություններ,
• պատրաստ են իրենց կամավորական աշխատանքով ներդրում ունենալ թիրախ խմբի երեխաների որակյալ կրթության իրավունքի իրացման գործում,
• պատրաստ են հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում (առնվազն չորս շաբաթ) մեկնել և ապրել ընտրված մարզերի գյուղական և քաղաքային համայնքներում՝ դպրոցներում դասավանդելու համար:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
• Մոտիվացիոն նամակ՝ առավելագույնը 600 բառի սահմաններում, որում պետք է պարտադիր անդրադառնալ հետևյալ հարցերին՝
 Ո՞րն է ամառային դպրոցի կամավոր դասավանդող դառնալու շարժառիթը
 Ինչու՞ հենց Ձեզ պետք է ընտել,
 Ո՞րն է, ըստ Ձեզ, որակյալ կրթությունը,
 Ովքե՞ր են պատասխանատու երեխայի կրթության իրավունքի լիարժեք իրացման համար (նկարագրել յուրաքանչյուր կողի դերակատարումը),
 Որո՞նք են կրթության մեջ ներառականության, սոցիալական արդարության և հավասարության ապահովման նախապայմանները:
• Ինքնակենսագրություն՝ մասնագիտական կրթության, կամավորական և մասնագիտական աշխատանքային փորձի և գիտական գործունեության մասին (եթե այդպիսին կա):
• Երկու երաշխավորագիր՝ Ձեզ՝ որպես մասնագետ ճամանաչող և Ձեր մասնագիտական գործունեությանը տեղյակ անձանցից:


Մրցույթին դիմելու ցանկություն ունեցող անձինք հայտադիմումի թղթային տարբերակները պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՆ՝ ծրարի վրա նշագրելով «Ամառային դպրոցի դասավանդողներ»: Հայտերի էլեկտրոնային տարբերակը պետք է նաև ուղարկել info@edu.am և register@osi.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Ամառային դպրոցի դասավանդողներ»: Հայտադիմումը կհամարվի ընդունված, եթե սահմանված ժամկետում ներկայացվի դիմումի փաթեթի և՛ թղթային, և՛ էլեկտրոնային տարբերակը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 7-ը, ժամը 16:00:
Հետաքրքրված անձինք հարցերի կամ պարզաբանումների համար կարող են զանգահարել 010 524 777 (Վարսենիկ Գրիգորյան) կամ 010 533 862 (Լիլիթ Նազարյան) հեռախոսահամարներով կամ գրել varsenikgrigoryan@mail.ru կամ nlilit@osi.am էլեկտրոնային հասցեներին: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։