«Ամառային դպրոց՝ հանրակրթական դպրոցի աշակերտների համար» ծրագրի շրջանակներում ամառային դպրոցի ուսումնական մոդուլի մշակման մրցույթի հայտարարություն

2019-05-13

Կրթության որակի ու սովորողների գրագիտության բարելավումը պետության սոցիալ-տնտեսական զարգացման, ինչպես նաև հասարակության մեջ սոցիալական արդարության ամրապնդման կարևորագույն գրավականն է: Ընդհանուր հանրակրթության որակի բարելավման, աշակերտների գրագիտության ցածր մակարդակը հաղթահարելու և անձի կայուն զարգացման համար հաստատուն նախադրյալներ ստեղծելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության հետ համագործակցությամբ, նախաձեռնում է ամառային դպրոց՝ հանրակրթական ծրագրի յուրացման և ուսման մեջ առաջադիմության հետ կապված դժվարություններ ունեցող 3-րդ և 6-րդ դասարանն ավարտած սովորողների համար:

Ամառային դպրոցի նպատակն է նպաստել թիրախ խմբի սովորողների կողմից հանրակրթական ծրագրի յուրացմանը և գիտելիքների առկա ճեղքվածքի լրացմանը, ինչպես նաև զինել աշակերտներին բավարար գիտելիքներով և հմտություններով, որոնք թույլ կտան շարունակել ուսումը հանրակրթության հաջորդ մակադակում՝ առանց լրացուցիչ օգնության և կրկնուսուցման, ներառյալ՝ քննադատական և վերլուծական մտքի, խնդիրների լուծման, որոշումների կայացման և թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը:

Տարրական դպրոցում ամառային դպրոցը, մասնավորապես, նպատակ է հետապնդում օգնել ուսման մեջ հետ մնացող աշակերտներին հաղթահարել հանրակրթության տարրական դպրոցի չափորոշիչով սահմանված ակադեմիական գիտելիքների շեմը, ստեղծել աշակերտների մոտ որոշումների կայացման, խնդիրների լուծման, քննադատական, ռեֆլեկտիվ և վերլուծական մտածողության, տրամաբանության անհրաժեշտ հմտություններ՝ ապահովելով նրանց սահուն անցումը միջին դպրոց և նոր առարկաների անխոչընդոտ յուրացումը:

Միջին դպրոցում ամառային դպրոցի նպատակն է համալրել հանրակրթության միջին դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների չափորոշիչներով սահմանված ակադեմիական գիտելիքների բացը/ճեղքվածքը, ստեղծել և/կամ զարգացնել աշակերտների մոտ որոշումների կայացման, խնդիրների լուծման, քննադատական, վերլուծական և ռեֆլեկտիվ մտածողության, տրամաբանության անհրաժեշտ հմտություններ՝ ուսումը միջին դպրոցում անխոչընդոտ շարունակելու և 7-րդ դասարանում ուսումնական պլանով նախատեսված նոր առարկաները՝ ֆիզիկա, քիմիա, երկրաչափություն և այլն, անկախ, առանց լրացուցիչ օժանդակության յուրացնելու համար:

Ամառային դպրոցի կազմակերպման շրջանակում ՀՀ ԿԳ նախարարությունը հայտարարում է ամառային դպրոցի ուսումնական մոդուլի մշակման մրցույթ՝ հետևյալ լոտերով.

Լոտ 1. Տարրական դպրոցի 3-րդ դասարանի մայրենի լեզվի և ընթերցանության ամառային դպրոցի դասընթացի մոդուլ

Լոտ 2. Տարրական դպրոցի 3-րդ դասարանի մաթեմատիկայի և տրամաբանության ամառային դպրոցի դասընթացի մոդուլ

Լոտ 3. Միջին դպրոցի 6-րդ դասարանի հայոց լեզվի և ընթերցանության ամառային դպրոցի դասընթացի մոդուլ

Լոտ 4. Միջին դպրոցի 6-րդ դասարանի մաթեմատիկայի և տրամաբանության ամառային դպրոցի դասընթացի մոդուլ

Ամառային դպրոցի կազմակերպման հաջորդ փուլում ՀՀ ԿԳ նախարարությունը նախատեսում է հայտարարել դասավանդող կամավորների մրցույթ: Ընտրված կամավորները կանցնեն վերապատրաստման դասընթաց վերոհիշյալ մոդուլներով, որից հետո կդասավանդեն ամառային դպրոցում:

Մայրենիի, հայոց լեզվի և ընթերցանության մոդուլների շրջանակում առաջարկվող ուսումնական ծրագրերը պետք է թիրախավորեն լեզվի և ընթերցանության այնպիսի հմտությունների զարգացումը, որոնք աշակերտներին հնարավորություն կտան անխոչընդոտ սովորել և ընկալել այլ տեխնիկական առարկաներ:

Մաթեմատիկայի մոդուլների շրջանակում առաջարկվող ուսումնական ծրագրերը պետք է շեշտադրեն տրամաբանության, քննական և վերլուծական մտքի զարգացումը, խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտությունների ձևավորումը:

Առաջարկվող ծրագրերը պետք է համատեղեն ինչպես ակադեմիական ուսուցման, այնպես էլ ներառական, ինտերակտիվ, նախագծային, խաղային և այլ նորարարական ուսուցման մեթոդներ:

Մրցույթին կարող են դիմել ինչպես անհատներ, այնպես էլ անհատների խմբեր և կազմակերպություններ: Հնարավոր է դիմել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի լոտերի մշակման առաջարկով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երաշխավորում է ներկայացված ուսումնական ծրագրերը մշակողների հեղինակային իրավունքի պահպանումը:

Մրցույթին դիմելու ցանկություն ունեցող անձինք հայտադիմումի թղթային տարբերակները պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՆ՝ ծրարի վրա նշագրելով «Ամառային դպրոց՝ հանրակրթական դպրոցի աշակերտների համար»: Հայտերի էլեկտրոնային տարբերակը պետք է նաև ուղարկել info@edu.am  և  register@osi.am  էլեկտրոնային փոստի հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Ամառային դպրոց՝ հանրակրթական դպրոցի աշակերտների համար»: Հայտադիմումը կհամարվի ընդունված, եթե սահմանված ժամկետում ներկայացվի դիմումի փաթեթի և՛ թղթային, և՛ էլեկտրոնային տարբերակը:

Մոդուլների մշակման հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 27-ը, ժամը 16:00:

Հարցերի կամ պարզաբանումների համար հետաքրքրված անձինք կարող են զանգահարել 010 524 777 (Վարսենիկ Գրիգորյան) կամ 010 533 862 (Լիլիթ Նազարյան) հեռախոսահամարներով կամ գրել հետևյալ էլ. փոստի հասցեին՝ nlilit@osi.am:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։