Տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է

2019-04-26

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել կրթության և գիտության նախարարություն մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:
Համաձայն կարգի՝ դիմումին կից ներկայացվում են.
«7. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումներ են համարվում հանձնաժողովին դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում՝
1) քաղաքացու ստացած մրցանակները (ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ) դպրոցականների հետևյալ առարկայական միջազգային օլիմպիադաներում՝
ա. «International Mathematikal Olympiad, IMO»` մաթեմատիկա առարկայից,
բ. «International Physics Olympiad, IPhO»` ֆիզիկա առարկայից,
գ. «International Chemistry Olympiad, IChO»` քիմիա առարկայից,
դ. «International Olympiad in Informatics, IOI»` ինֆորմատիկա առարկայից,
ե. «International Biology Olympiad, IBO»` կենսաբանություն առարկայից,
զ. «International Philosopy Olympiad, IPO»` փիլիսոփայություն առարկայից,
է. «International Astronomy Olympiad, IAO»` աստղագիտություն առարկայից,
ը. «International Olympiad on Astronomy and Astrophysics, IOAA»` աստղագիտություն և աստղաֆիզիկա առարկաներից,
թ. «International Geography Olympiad, IGeO»` աշխարհագրություն առարկայից,
ժ. «International Linguistics Olympiad, ILO»` լեզվաբանություն առարկայից,
ժա. «International Junior Science Olympiad, IJSO»` բնագիտություն առարկայից,
ժբ. «International Earth Sciense Olympiad, IESO»` երկրի մասին գիտություն առարկայից,
2) քաղաքացու կողմից հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայ ժողովրդի պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին տեղը գրաված լինելու հանգամանքը:
8. Գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումները գնահատվում են ըստ՝
1) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ մասնագիտության գծով միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններերում, ինչպես նաև բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների.
2) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ մասնագիտության գծով գիտաժողովների զեկույցների.
3) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում ստացած գիտակրթական մրցանակների.
4) մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության մրցույթների արդյունքների և ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում), որը պետք է կազմի ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90 տոկոսը.
5) հանձնաժողովի հետ անցկացված հարցազրույցի  (հարցազրույցի փուլում հանձնաժողովի կողմից գնահատվում է դիմում ներկայացրած քաղաքացու մոտիվացիոն նամակը, գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի երկու ներկայացուցիչների երաշխավորագրերը, համապատասխան կրթական ծրագիրն իրականացրած բարձրագույն ուսումնական հաստատության երաշխավորագիրը և դիմորդի հետ հարցազրույցը:):
9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված նշանակալի նվաճումները հանձնաժողովի կողմից հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով, նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության հիման վրա՝ համաձայն ձևի: Մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի հավակնություն են ձեռք բերում առնվազն 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի շրջանակներում՝ առնվազն 65 բալային միավոր հավաքած քաղաքացիները:
9.1. Գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններ բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` ուսման և կացության համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների (scholarship) վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ:
10. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը»:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։