Կոմիտասի 150-ամյակին նվիրված գիտագործնական աշխատաժողով

2019-04-18

ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համատեղ   կազմակերպում է Կոմիտասի 150-ամյակին նվիրված գիտագործնական աշխատաժողով, որին հրավիրվում են մասնակցելու ՀՀ հանրակրթական դպրոցների երաժշտության ուսուցիչները:
Աշխատաժողովի նպատակն է կարևորել Կոմիտասի ավանդը հայ ազգային երաժշտության մաքրագործման, բազմաձայնման ու տարածման գործում: Հանրակրթական դպրոցի «Երաժշտություն» առարկայի դասաժամին ուսուցիչները, սովորողներին ծանոթացնելով Կոմիտասի ստեղծագործություններին, պետք է կիրառեն այնպիսի մեթոդներ, ուսուցման այնպիսի միջոցներ ու հնարներ, որ սովորողները հասկանան և արժևորեն Կոմիտասի գործի կարևորությունը, ոգեշնչվեն և ոգևորվեն նրա ազգային գործունեությամբ: Սովորողներին պետք է հետաքրքրել ոչ միայն Կոմիտասի ստեղծագործություններով, այլև նրա անցած ուղիով, հանուն վեհ նպատակների՝ ամեն տեսակի խոչընդոտների դեմ պայքարող ոգով: Կոմիտասի՝ որպես մարդու, բարոյական կերպարը աշխատասիրության, հայրենասիրության, բարության, մարդասիրության, հանդուրժողականության գեղեցիկ օրինակ կարող է լինել սովորողների համար: Կոմիտասի կյանքից ներկայացնելով հետաքրքիր դրվագներ, դրանք զուգորդելով նրա ստեղծագործությունների կատարման և ունկնդրման հետ՝ ուսուցիչները կարող են խթանել սովորողների հետաքրքրասիրությունը և մղել նրանց ինքնուրույն հետազոտական աշխատանքների: Արդյունքում՝ սովորողի մոտ ցանկություն կառաջանա ավելի խորությամբ ծանոթանալ հայ երգի ակունքներին, սովորել, կատարել, անաղարտ պահել ու տարածել մաքուր հայկական երգերը, և, որ ամենակարևորն է, պայքարել և թույլ չտալ այսօր ամենուրեք հնչող արևելյան ելևէջներով հագեցած երաժշտությունը ներկայացնել որպես հայկական:

Զեկուցման նյութերը պետք է արտացոլեն՝

Կոմիտասի մանկավարժական գործունեությունն ու փորձը
Ուղղված լինեն երաժշտության դասընթացում «Կոմիտաս» թեմայի ուսումնասիրման արդյունավետության բարձրացմանը
Ներկայացնեն երաժշտության դասավանդման նորարարական փորձ:

Զեկուցումներն ընդունվում են մինչև ս/թ հունիսի 10-ը ներառյալ, հետևյալ հասցեով. ք. Երևան, Տիգրան Մեծ 67, Կրթության ազգային ինստիտուտ, 310 սենյակ, էլ. հասցե՝ gayanetk@yahoo.com:
Աշխատաժողովը կայանալու է  սեպտեմբերի 26-ին՝ Կրթության ազգային ինստիտուտում (Տիգրան Մեծ 67):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։