«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը դիմում է կամավորներին

2018-11-26

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»  բարեգործական հիմնադրամը  խնդրանքով դիմում է  կամավոր դոնորների աջակցությանը:
Հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման նպատակով:
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը»  անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMFW), նաև հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ:
Այն հիվանդները, ովքեր ժառանգական անհամապատասխանությունների պատճառով, ոսկրածուծի փոխպատվաստման  բժշկական ցուցում ունեն,  համապատասխան դոնոր չգտնելու  պատճառով մահանում են: Հետևաբար խիստ անհրաժեշտ է և կարևոր ամբողջ աշխարհով սփռված հայերի համար ստեղծել հայ դոնորների ռեեստր, որը կփրկի լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող յ հիվանդների կյանքը: Մինչ օրս աշխարհի տարբեր երկրներից ռեեստրին դիմած 4885 հիվանդի հետ նախնական համընկնող 4469 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 31-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
Համաձայն  «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի տնօրենի պարզաբանման՝ դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում, համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք: Դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-ից 50 տարեկան, լրացնել հարցաթերթիկ, կամավորության սկզբունքով հանձնել 3մլ արյուն և, ամենակարևորը, ունենալ արյան քաղցկեղով հիվանդին օգնելու և նրա կյանքը փրկելու ցանկություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։