«Սահմանափակ կարողություններով անձանց` թվայնացման ոլորտում կարողություններով օժտելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի/ Էմիր Ջաբեր ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի մրցանակ»-ի համար թեկնածուների առաջադրում

2018-08-21

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են հայտեր ներկայացնել «Սահմանափակ կարողություններով անձանց` թվայնացման ոլորտում կարողություններով օժտելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի/ Էմիր Ջաբեր ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի մրցանակ»-ի (UNESCO/ Emir Jaber al-Ahmad al-Jaber al-Sabah Prize for Digital Empowerment of Persons with Disabilities) համար: 
Մրցանակի նպատակն է գնահատել ու պարգևատրել այն անհատներին և կազմակերպություններին, ովքեր զգալի ներդրում են ունեցել արդյունավետ, նորարար և ներառական թվային լուծումների, ռեսուրսների և տեխնոլոգիաների միջոցով սահմանափակ կարողություններով անձանց կյանքը դյուրացնելու և հասարակության մեջ նրանց ներգրավվածությունը խթանելու գործում: Հայտեր կարող են ներկայացնել անհատներ և կազմակերպություններ, այդ թվում` պետական կառույցներ/ստորաբաժանումներ, ոչ կառավարական կազմակերպություններ և, ինչպես շահույթ հետապնդող, այնպես էլ այլ հիմունքներով գործող ընկերություններ. մրցանակը շնորհվում է ոչ թե ծրագրերին, այլ անհատներին և կազմակերպություններին` իրենց իրականացրած գործունեության համար: Անհատները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքի վայրի կամ կազմակերպության հետ կապված տեղեկատվություն: Անհատների և կազմակերպությունների համար կիրառելի են առանձին հայտաձևեր (կցվում է). կազմակերպությունների անունից ներկայացվող կամ որևէ կազմակերպությունում աշխատող անհատների հայտերի համապատասխան հատվածում անհրաժեշտ է կազմակերպության ղեկավարի համաձայնությունն ու հավաստումն առ այն, որ տվյալ կազմակերպությունից կամ դրա անունից ներկայացվում է ընդամենը մեկ հայտ: Հայտերը պետք է ներկայացված լինեն  անգլերեն կամ ֆրանսերեն և կազմված լինեն մրցանակի կանոնադրական պահանջներին և չափորոշիչներին համաձայն, այլապես` չեն դիտարկվելու: Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ և հավասարապես բաժանվում է մեկ անհատի և մեկ կազմակերպության միջև: 
Հայտերը պետք է ներկայացվեն միայն Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով, քանզի ինքնառաջադրված հայտեր չեն ընդունվում. յուրաքանչյուր հայտին կից անհրաժեշտ է նաև ներկայացնել մրցանակի կանոնադրության 6-րդ հոդվածի 6.3 կետով սահմանված երաշխավորության նամակի նախագիծ: Հարկավոր է ի նկատի ունենալ, որ մրցանակի  չափորոշիչների համաձայն` հայտ ներկայացրած անհատներն ու կազմակերպությունները պետք է ունենան ոլորտում գործունեության առնվազն 5 տարվա փորձ և հստակ երևացող արդյունքներ ու ձեռքբերումներ: Ժյուրիի կողմից տրված եզրակացության հիման վրա` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը կընտրի երկու հաղթող, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի վկայագիր և 20.000 ԱՄՆ դոլար: 
Մրցանակին վերաբերող այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:
Հնարավոր թեկնածությունների փաստաթղթերի ամբողջական փաթեթները պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին մինչև ս.թ. սեպտեմբերի 7-ը (հեռ.` 010562364):       

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։