ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ -2017-18 ուստարի

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը,  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության   կառավարության 2011 թվականի ապրիլի  28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումները, սկսում է օտարերկրացի և  սփյուռքահայ դիմորդների 2017-2018 ուսումնական տարվա փաստաթղթերի ընդունելություն:

Ընդունելության համար սահմանված են հետևյալ ժամկետները. 

1.նախապատրաստական բաժիններում ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 7-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ,
2.առկա ուսուցմամբ բակալավրիատի (համաձայն ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 15-ի  N 382-Ն  որոշման. Հավելված 1, 2017-2018ուս. տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, անվճար) ուսանելու համար`  ս.թ. հուլիսի 7-ից մինչև օգոստոսի 22-ը, բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով (առաջին կուրսում)  ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 7-ից  հոկտեմբերի 3-ը ներառյալ,
3.հետբուհական (ասպիրանտական) ծրագրով ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 7-ից  դեկտեմբերի 15-ը ներառյալ,
4.հեռակա բաժիններում ուսանելու համար` ս.թ. հուլիսի 7-ից  հոկտեմբերի 11-ը ներառյալ,
5.նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 7-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ:

 Այն ուսումնական հաստատություններում, որտեղ իրենց կանոնադրությամբ, ընդհանուր հիմունքներով դիմորդների համար նախատեսված են ավելի երկար ժամկետներ` դիմումների ընդունումը երկարաձգվում է մինչև այդ ժամկետները:

Փաստաթղթերը  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացվում են.
•դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
•բարձրագույն ուսումնական հաստատության կողմից,
•օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով,
•փոստով (այդ թվում` էլեկտրոնային փոստով)` ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական հասցեով (հասցե՝ 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, էլ.փոստ՝ info@edu.am):

Դիմորդները ներկայացնում են.

1.ՀՀ ԿԳ նախարարի անունով դիմում` համաձայն կցված ձևի,
2.ՀՀ ԿԳ նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն կցված ձևի,
3.բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
4.անձնագրի պատճեն,
5.սփյուռքահայերի համար` ծննդյան վկայականի պատճեն` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճեն,
6.կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
7.3x4 չափսի 4 լուսանկար,
8.ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
9.հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

Սփյուռքահայերի փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):
Օտարերկրացիների փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի և հինգշաբթի օրերը` ժամը 10:00-ից 16:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):

Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, № 315 սենյակ, հեռ. (+374 10) 58-13-91

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։