«ՀՀ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ /24 հունիսի 2008 թվականի N542-Ա/Ք/

Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի ե), ժա) կետերի պահանջներով՝ նախադպրոցական կրթության համակարգին ծրագրամեթոդական տեղեկատվության ապահովման նպատակով

ՀՐԱՄԱՅՈՒՄ       ԵՄ՝

1. Հաստատել «ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների ամառային առողջարարական աշխատանքների կազմակերպման հանձնարարականները»՝  համաձայն 1 հավելվածի:
2. ՀՀ  ԿԳՆ  հանրակրթության վարչությանը (պետ՝ Ն. Հովհաննիսյան)՝
նախապատրաստել  համապատասխան  շրջաբերական նամակ ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզերի քաղաքային համայնքների կրթության կառուցվածքային ստորաբաժանումներին՝  ի գիտություն և ի  ղեկավարումն:
3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել ԿԳ նախարարի տեղակալ Բ. Եսայանին:

 

                  ՆԱԽԱՐԱՐ՝                           Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

 


              Հավելված 
                        ՀՀ  ԿԳ նախարարի 
                                           24 հունիսի  2008թ  -ի  N  542-Ա/Ք     հրամանի

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ
ՀՀ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ   ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ    ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Ամառն առավել բարենպաստ շրջան է երեխաների առողջության ամրապնդման, նրանց բազմակողմանի զարգացման առումով: Օդի, արևի, ջրի լայն օգտագործումը, սննդի հարստացումը թարմ բանջարեղենով, մրգերով և հատապտուղներով, ուսումնական ծանրաբեռնվածության կրճատումը, շարժողական ակտիվության բարձրացումը և այլն, էական առողջարարական ներգործություն են ունենում երեխայի վրա:
 Ամռան առողջարարական շրջանը պահանջում է մանրակրկիտ նախապատրաստում` ինչպես համայնքների կրթության կառուցվածքային ստորաբաժանումների, այսուհետ՝ կրթության բաժինների, հիմնադիրների, այնպես էլ նախադպրոցական յուրաքանչյուր հաստատության կողմից, անկախ այն բանից` մանկապարտեզը մեկնում  է ամառանոց, թե՝ ոչ:
 Կրթության կառուցվածքային ստորաբաժանումները ամառային առողջարարական աշխատանքների նախապատրաստումը սկսում են դեռևս ամռան սեզոնից շատ առաջ: Նրանց միջոցառումների պլանում դրվում են նախադպրոցական բոլոր հաստատություններին աջակցելու, կազմակերպական ու մեթոդական աշխատանքները  կանոնակարգելու հարցեր:
 Ապրիլ-մայիս ամիսներին  կրթության բաժինները առողջապահության  մարմինների   հետ միասին անցկացնում են տնօրենների, մեթոդիստների, բուժաշխատողների  խորհրդակցություններ՝   երեխաների  ամառային  հանգստի աշխատանքները կազմակերպելու օրակարգով:
 Ամառային ռեժիմի կազմակերպման մեթոդական հարցերը, ամռանը շարժումների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքի առանձնահատկությունները, երեխաների կոփումը, նրանց ծանոթացումը  շրջապատին, բնությանը` ուսումնասիրվում են մեթոդժամերում, սեմինարներում, մանկավարժական խորհուրդներում:
 Առողջապահության տեղական մարմինների և հաստատությունների աշխատողները  մասնակցում են նախադպրոցական կազմակերպությունների  ամառանոց մեկնող` բժշկական անձնակազմի  համալրմանը, ինչպես նաև  բուժաշխատողների համար անցկացնում  պարապմունքներ,  աջակցում  կրթության մարմիններին, տնօրեններին, խոհարարներին, նախադպրոցական հաստատությունների  այլ  աշխատողներին` երեխաների  բուժ-սանիտարական սպասարկման հարցերում:
 Չնայած այն բանին, որ ամառային աշխատանքները  հանդիսանում են աշնանային-ձմեռային ու գարնանային աշխատանքների օրգանական շարունակությունը, նպատակահարմար է, որ նախադպրոցական հաստատությունը կազմի միջոցառումների առանձին պլան  ամռան համար, որն  անհրաժեշտ է քննարկել և ընդունել  հաստատության մանկավարժական խորհրդի նիստում:
 Նախադպրոցական  հաստատությունների միջոցառումների պլանում պետք է դնել այնպիսի հարցեր, ինչպիսիք են` նյութական բազայի ամրապնդումը, բազմազան խաղերի համար / շարժախաղերի, սյուժետա-դերային/  պայմաններ ստեղծելը, առողջարարական աշխատանքը, երեխաների աշխատանքային դաստիարակությունը և նրանց ծանոթացումը շրջապատող կյանքին  և բնությանը, աշխատանք կադրերի  հետ, ամռան շրջանում ծնողների հետ  փոխադարձ կապերի  բովանդակությունն ու ձևերը:
 Նախապատրաստման շրջանում  նախադպրոցական բոլոր աշխատողների հետ մեկ անգամ  ևս քննարկվում են կազմակերպական-մեթոդական աշխատանքի կարևորագույն հարցերը, ուսումնասիրվում նախադպրոցական հաստատություններում երեխաների  կյանքի պահպանման և առողջության հրահանգը /թունավոր բույսերով և սնկերով երեխաներին թունավորումից կանխելը/, /հրշեջ անվտանգության տիպային կանոնները/, /փողոցային երթևեկության կանոնները/, /աղիքային վարակիչ հիվանդությունների կանխման  միջոցառումները/ և այլն:  Ամռան ողջ ընթացքում  նախադպրոցական հաստատությունների  ղեկավարները և բժշկական անձնակազմը սահմանում են խիստ ու սիստեմատիկ հսկողություն դրանց կատարման նկատմամբ:
 Անհրաժեշտ է ծնողներին ներգրավել ամռան սեզոնի   նախապատրաստական աշխատանքներին: Ծնողական կոմիտեի  անդամները,  ծնողական ակտիվը հաստատության ղեկավարի հետ միասին պլանավորում են մանկապարտեզի հողամասի և ամառային  շենքերի բարեկարգման նպատակով կազմակերպվող շաբաթօրյակներ, միջոցառումներ, հովանավոր կազմակերպությունների հետ  կապի ձևեր, ծնողական  օրերի անցկացում /ամռանը/,  և այլն: Մանկավարժական կոլեկտիվը  ծնողներին  խորհուրդներ է տալիս ամառանոցային պայմաններին երեխային  նախապատրաստելու  մասին, կազմակերպում է ամռանը երեխային  անհրաժեշտ հագուստի /կոշիկի/  ցուցահանդեսներ և այլն:
  Ամենօրյա զրույցների ընթացքում պարզաբանվում են լրացուցիչ տեղեկություններն  այն մասին, թե ինչպե՞ս է երեխան տանում  երկարատև ճանապարհորդությունը /տրանսպորտի զանազան  ձևերով/, արդյոք անհրաժեշտություն կա՞  երեխային գիշերն արթնացնելու, ինչպե՞ս է նա վարժվել քնելուն /ցերեկային և  գիշերային/:
 Առողջարարական կամպանիայի նախօրյակին բժիշկը և բուժքույրը մասնակցում են ծնողական ընդհանուր և խմբակային ժողովներին, ծնողներին  ծանոթացնում երեխաների առողջական վիճակին, նրանց  կոփմանը: Ամառանոց չգնացող և քաղաքում մնացող երեխաների  ծնողների համար անցկացվում են խորհրդատվություններ` ընտանիքի չափահաս անդամների ամառային հանգստի,  հանգստյան  օրերի կազմակերպման վերաբերյալ:
 Երեխաների ամառային հանգստի համար նախադպրոցական հաստատություններին  և ամառանոցներին ներկայացվող հիգիենիկ պահանջները պետք է համապատասխանեն  «Մանկական նախադպրոցական  հաստատությունների կառուցվածքի և բովանդակության  սանիտարական կանոններին»  և գործող   այլ  նորմատիվային  փաստաթղթերին, ինչպես նաև հաշվի առնել մանկական հիմնարկի  աշխատանքի առանձնահատկությունները ամառային առողջարարական շրջանում: 
 Մանկական ամառանոցներն ընդունվում են սանէպիդկայանի ներկայացուցչի, հասատության ղեկավարի, տնօրենի, արհմիության և ծնողական կոմիտեի մասնակցությամբ կազմված հանձնաժողովի կողմից: Նախադպրոցական հաստատության ընդունող հանձնաժողովը ստուգում է շենքերի  պատրաստությունը, կահույքի, խաղային  և մարզական կահավորումը, հարմարավետվությունը, փրկարար միջոցների  առկայությունը, երեխաներին  լողացնելու տեղի նախապատրաստումը և այլն:

Օրվա  ռեժիմի և  երեխաների  հետ տարվող  առողջարարական-դաստիարակչական
աշխատանքի  կազմակերպումը


 Երեխաների տարիքին և անհատական  առանձնահատկություններին  համապատասխանող  օրվա  ռեժիմը  նախատեսվում  է  նրանց  առավել  նպատակային   մանկավարժական  և  առողջապահական   պայմանների կազմակերպումը` տարվա տարբեր սեզոններին:
 Ամռան  շրջանում  առողջարարական-դաստիարակչական    հաջող աշխատանքը  պահանջում  է  առավելագույն  չափով   երեխաների  բաց  օդում  լինելը,  իրենց  տարիքին  համապատասխան  քնի  և  հանգստի  այլ  տեսակների տևողությունը,  շարժողական  ակտիվության   բարձրացումը, նրանց  նոր  տպավորություններով և  կարողություններով  հարստացնելը:
 Մանկապարտեզի կրթական  ծրագրի  հիման վրա կազմված  ամառային  ռեժիմները  կարող են  կրել  մի շարք  փոփոխություններ: Երեխաների հետ  օրվա ընթացքում  անցկացվում են  միայն  մեկ  պարապմունք (կրկնություն)    հողամասում, անտառում, բացատում: Ճաշը կարող է տրվել  15-30 րոպե շուտ,  որպեսզի այն  չմնա օրվա ամենաշոգ ժամին: Մասամբ  մեծացվում է  ցերեկային  քնի  տևողությունը,  քանի որ  ամռանը  գիշերվա քունը  սովորաբար կրճատվում է  ավելի  ուշ  պառկելու  և  առավոտյան ավելի  վաղ  արթնանալու  հաշվին:
 Ճաշից   առաջ  և  ֆիզկուլտուրայի  վարժություններից  հետո  անցկացվող  ջրային  լոգանքները`  լողանալը, ցնցուղ  ընդունելը  լավացնում  են  երեխաների  ախորժակը  և  քունը: Ճաշը  և  հատկապես  քունը  պետք է  անցկացնել  թարմ  օդի  լայն  հոսանքի  առկայությամբ, այգու ստվերոտ  մասում  կամ  զով  շենքերում`  բավականաչափ  օդափոխության  պայմաններում:
 Ընթրիքից  հետո  պետք  է  զբոսնել  երեխաների  հետ,  ստեղծել  հանդարտ  մթնոլորտ`  արագ  քնելու  և  գիշերային  խոր  քնի  համար: Դրան  նպաստում  է  երեխաներին  վրդովեցնող  աղմկոտ   շարժախաղերը,  բացառիկ  ինքնուրույն  գործունեության  ճիշտ  կազմակերպումը:
 Ռեժիմային  բոլոր  պահերի  կազմակերպման  ժամանակ  պարտադիր կերպով  պետք  է պահպանել  հաջորդականության,  երեխաների  նկատմամբ  անհատական  մոտեցման  սկզբունքը  և  ստեղծել  բարենպաստ  պայմաններ`  նրանց  նյարդային համակարգը  պահպանելու,  կուլտուր- հիգիենիկ  ունակությունների   ձևավորման  ու  պահպանման  համար:
 Ամռան  շրջանում  հատուկ  ուշադրություն  պետք  է  դարձնել`  ֆիզիկական  վարժությունների   բոլոր  տեսակները  բացօթյա  անցկացնելուն`  առավոտյան  մարմնամարզությունը,  պարապմունքները,  սպորտային  վարժությունները,  շարժախաղերը,  սպորտային  խաղերի  տարրեր  պարունակող  խաղերի,  ֆիզկուլտ- սպորտային  տոները: Դաստիարակի կողմից`  կազմակերպվող  ֆիզիկական  վարժությունների  ժամանակը  օրվա  ռեժիմում  /բացի  առավոտյան  մարմնամարզությունից/  որոշվում   է  կլիմայական  պայմանների  և  եղանակի  հաշվառմամբ:
 Պարապմունքների  անցկացման  տեղ  պետք  է  ծառայի  ֆիզկուլտուրայի- սպորտի  հրապարակը: Ֆիզկուլտուրայի  հրապարակը կարող  է  ունենալ  տարբեր   գետնածածկ` կապված կլիմայական  պայմանների  հետ` խոտ,  տափանված  կամ սալահատակված գետին,  տախտակե  հատակ: Հրապարակում  մշտապես կարող  են  տեղադրվել  մագլցման, հավասարակշռության  և  նետելու  հարմարանքները: Անհրաժեշտ է  վազքուղի /մոտ 40 մետր/ և փոս` ցատկի  համար /երկարութունը` 3 մ, լայնությունը` 1,5 մ, խորությունը` 30 սմ/: Մանր  պարագաները  հրապարակ  են  բերվում`   ելնելով  պարապմունքների բովանդակությունից: Երբեմն  ֆիզկուլտուրայի  պարապմունքները  կարելի  է անցկացնել  պուրակում,  բացատում,  անտառում: Այդ  դեպքում  կարելի  է  օգտագործել  կոները,  ծառի  բները, թփերը, բլրակները: Սպորտ- ֆիզկուլտ   հրապարակի մոտ ցանկալի է  ունենալ  ստվերոտ գոտի`  թենիսի սեղանի  տեղադրման  համար և  հրապարակ`  գորոդկի  և  բադմինտոն  խաղերի  համար:
 Ամռանը  լուրջ ուշադրություն պետք է դարձնել երեխաների ինքնուրույն շարժողական ակտիվության  ճիշտ կազմակերպմանը,  երեխաների տրամադրության տակ պետք է լայնորեն դրվեն խաղալիք –շարժիչներ,  ֆիզկուլտուրայի պարագաներ, գործիքներ, այնպիսի  խաղեր, ինչպիսիք են` սերսոն, կեգլին, օղականետիչներ, բիլբոկեն, գորոդկին,գնդակներ, ցատկապարաններ, օղակներ  և այլն/: Ցանկալի է ավելի լայնորեն օգտագործել սպորտային  հրապարակների հարմարանքները, այլ խմբերի հողամասում գտնվող ֆիզկուլտ- գործիքները, հեծանիվները, ինքնագնացները, անիվներով չմուշկները և այլն:  
 Ինքնուրույն շարժողական գործունեության  ժամանակ  երեխաները  նշանակալիորեն  ավելի շատ  են  ղեկավարում   իրենց   ֆիզիկական  ծանրաբեռնվածությունը`  հերթափոխելով  ավելի  ինտենսիվ   շարժումներով,   դադարներ  տալով: Սակայն  դաստիարակը  պետք  է  ուշադիր   հետևի  երեխաների  վիճակին`  իրականացնելով  անհատական  ղեկավարումը  նրանց  գործունեության  նկատմամբ: Մի  քանիսին  առաջարկում  է  հանգստանալ,  որպեսզի  շատ  չշոգեն, չհոգնեն  քիչ  շարժունակներին  մղում  է  շարժվելու,   շարժողական  պատրաստության    ցածր  մակարդակի  երեխաներին  առաջարկում  է  կատարել  ավելի   բարդ, բայց  մատչելի  շարժումներ,  նրանց  հավատ  է  ներշնչում  իրենց  հնարավորությունների  նկատմամբ,  առավել  բարձր  արդյունքների  հասնելու  կարիք  կա,  օգնում  է  դժվարացողներին,  մասնակցում  երեխաների  որոշ  խաղերին: Երեխաների  շարժողական  գործունեության  բոլոր  ձևերի  ղեկավարումը   դաստիարակը  զուգակցում  է  նրանց  մեջ  բարոյակամային  որակներ,  դրական  փոխհարաբերություններ  ձևավորելու,  խոսքի  զարգացման,  մտավոր  և  գեղագիտական  դաստիարակության  հետ:
 Ամռան  ամիսները  շատ  նպաստավոր  են  քայլելով  զբոսանքների,  էքսկուրսիաների,  տուրիզմի  կազմակերպման  համար: Օգտակար են  նախապես  մտածված  զբոսանքները`  դեպի  զբոսայգի,  անտառ, գետափ,  լճակ, մարգագետին, դաշտ և  այլն: Ելնելով  դաստիարակչական-կրթական  խնդիրների լուծումից`  նպատակահարմար  է  կրկնել  միևնույն  վայրը  կատարվող   էքսկուրսիան: Այդ  դեպքում էքսկուրսիայի  տևողությունը  ավագ  տարիքի  նախադպրոցականների  համար  պետք  է  լինի ոչ ավելի, քան  30-40 րոպե: Հինգից վեց  տարեկանների  համար  ճանապարհի  երկարությունը   կազմում  է  ոչ  ավելի, քան  1,5 կմ  /միայն  գնալը  կամ  վերադառնալը/: 4-5 տարեկանների համար` 1կմ: Ամեն  10-15 րոպեն մեկ  պետք  է  սահմանել  դադար 5  րոպե տևողությամբ: Վերջնական  կետում  տրվում  է  հանգիստ` 20-30 րոպե: Հանգստի  ժամանակ անցկացվում  է  շրջապատող  բնության  դիտում  / բուսական  և  կենդանական  աշխարհի/: Երեխաները  դաստիարակի  հետ  հավաքում  են  տարբեր  տեսակի  ծաղիկներ,  տանում  մանկապարտեզ`  հետագա  դիտումների   համար`  տերրարիումում կամ  ակվարիումում`  խխունջներ, մողես,  գորտ  տեղադրելով:
 Միաժամանակ  կարելի  է  անցկացնել  զրույց, դիդակտիկ  խաղ,  գիրք կարդալ, ոտանավոր  սովորեցնել: 
 Եթե  մանկապարտեզը  գտնվում  է  քաղաքից դուրս,  ապա մանկավարժն  ավելի  շատ  հնարավորություններ   կունենա  զբոսանքի  ժամանակ  երեխաներին  ցույց  տալու   մեծերի  գյուղատնտեսական  աշխատանքը  /խոտհունձ,  բերքահավաք, աշխատանք  ֆերմայում,  բանջարանոցում/: 
 Էքսկուրսիայի  պլանը  կազմվում  է  տերիտորիայի,  գետնի  էպիդեմիական  վիճակի  հաշվառումով: Հարմար  հագուստը  և  կոշիկը    նպատակահարմար  են  զբոսանքը հաջող  անցկացնելու համար: 
 Ամառային  առողջարարական աշխատանքների  անցկացումը  նախատեսում  է  դաստիարակչական  խնդիրների  լուծում, կարելի  է    հասնել  երեխաների  բովանդակալից  գործունեության  կազմակերպմամբ: Իր  մեջ մեծ  հնարավորություններ  է  թաքցնում  երեխայի   ուժերին  համապատասխան,  մատչելի  աշխատանքը /սիստեմատիկ/ այն  էլ  բաց օդում: Ամռան  պայմաններում դաստիարակը  պետք  է  լայն  կերպով  ու  բազմակողմանիորեն կազմակերպի  երեխաների   աշխատանքային   գործունեությունը: Դա ամենից  առաջ  վերաբերում  է այնպիսի    աշխատանքներին,  ինչպիսիք  են՝ աշխատանքը  բնության մեջ  և  ձեռքի  աշխատանքը: 
 Դաստիարակը  պետք  է  ճիշտ  կազմակերպի  երեխաների  աշխատանքը  ծաղկանոցում,  բանջարանոցում,  այգում,  աշխատանքը   կեդանիների  խնամքի  ուղղությամբ:
 Մանկավարժի  հատուկ  ուշադրությանը  պետք  է  արժանանա  նախադպրոցական   ավագ  տարիքի  երեխաների`   փայտով, ստվարաթղթով, թղթով աշխատելու  համար  պայմաններ  ստեղծելու  խնդիրը: Լավ  է  պատշգամբում  տեղադրել  աշխատանքային    սեղան-դազգահ, նյութեր,  որտեղ  երեխաները  կարող  են  սեփական  մղումով,  իրենց    ցանկությամբ  բավարարել    իրենց  և  ընդհանուրի  հետաքրքրությունները,  ցանկությունները`  փայտից,  ֆաներայից, թղթից, ստվարաթղթից  խաղալիքներ  պատրաստելու  հարցում: Դաստիարակը  կազմակերպում  է երեխաների  աշխատանքը    բնական  նյութերով`  կոն, ծաղիկ,  խեցի, և  այլն:  Նրանց  ներգրավում  է  աշխատանքի  վայրը՝ աշխատատեղը կարգի  բերելու  աշխատանքներին  /ավլել  պատշգամբի  հատակը,  վերցնել  սեղանների,  նստարանների  փոշին/:
 Նախադպրոցական  տարիքի  երեխայի  գործունեության  հիմնական  տեսակներից մեկը  հանդիսանում  է  սյուժետադերային  խաղը:
 Ամռան  ընթացքում  անհրաժեշտ  է  հատուկ  ուշադրություն  դարձնել  խաղերի  կազմակերպման  պայմանների  ստեղծման, դրանք   սիստեմատիկ  կերպով  մանկավարժորեն  ղեկավարելու  վրա: Կարևոր  է,  որ  մանկապարտեզի  հողամասում  լինեն  բազմազան  խաղեր, բազմաթիվ  լրացուցիչ  նյութեր,  պարագաներ,  կառուցողական  հավաքածուներ:
 Ամռանը  պետք է սիստեմատիկ  կապ  պահպանել  ծնողների  հետ:  Մանկապարտեզի  հետ  ամառանոց  մեկնած  երեխաները  գտնվում  են  ծնողներից  հեռու`  նոր,  անսովոր  պայմաններում: Դա  լուրջ  ազդակ  է  երեխայի  կյանքում: Ուստի  պետք  է ապահովել   դրական   հուզական  մթնոլորտ  թե՛  կազմակերպություններում  ընդհանրապես,  և  թե՛  յուրաքանչյուր  տարիքային  խմբում:  Այդ  շրջանում  նպատակահարմար  է  ծնողներին  տարբեր  եղանակներով    ծանոթացնել  երեխաների  առօրյայի  բովանդակությանը,  բերել  դրական  օրինակներ,  փաստեր,  որոնք  բնութագրում  են  նրանց  ինքնազգացողությունը,  տրամադրությունը,  կազմակերպել   հաստատության  ղեկավարների,  մանկավարժների  հանդիպում  ծնողների  հետ`    կազմակերպություններում,  մանկապարտեզի  շենքում,  տալ  գրավոր  տեղեկատվություն  և  այլն:
 Եթե կազմակերպությունը չի մեկնում ամառանոց, պետք է նախատեսել  ծնողական ակտիվի մասնակցությամբ կազմակերպվելիք զբոսանքներ, էքսկուրսիաներ, մարզական տոներ, զվարճություններ, որոնք մանկապարտեզը կարող է կազմակերպել ամռան ընթացքում:
 Նպատակահարմար է մանկավարժական լուսաբանման համար օգտագործվող դիտողական նյութերը հնարավորության սահմաններում դուրս բերել սրահներ, բակ (բնական նյութերով պատրաստված աշխատանքների ցուցահանդես, ֆոտովահանակ և այլն): 
      Կոփում: Կոփման, երեխայի օրգանիզմի պաշտպանական ռեակցիաների կատարելագործման համար առավել  շատ   հնարավորություններ են ստեղծվում ամռանը: Ամառը բնորոշ է արևային-օդային լոգանքների և ջրային կոփիչ  արարողությունների /ջրցան, լող/ լայն օգտագործման հնարավորություններով: 
 Կոփումը միջոցառումների համակարգ է, որի արդյունավետությունը կախված է երեխաների համակազմից, նրանց առողջական վիճակից, նախապես վարժված լինելուց և մանկական  հիմնարկի` ինչպես բժշկական, այնպես էլ մանկավարժական ողջ անձնակազմի նախապատրաստվածությունից:
 Մեծ նշանակություն  ունեն այն պայմանները, որոնցում գտնվում է տվյալ մանկական կոլեկտիվն ամռան շրջանում /շենքը, ջրի, լույսի մատակարարումը, հողամասը, բակը, շրջապատը և այլն/  :
     Արևը, ջուրը և օդը օգտագործվում են  համալիր ձևով` ինչպես երեխաների  ամենօրյա    կյանքի պրոցեսում, այնպես էլ  հատուկ կոփման միջոցառումներ անցկացնելու  ժամանակ:
  Անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները.
կոփման մեթոդն ընտրելիս հաշվի առնել երեխայի  անհատական առանձնահատկությունները, ընթացիկ կոփման միջոցների օգտագործում շուրջ տարին/ բայց դրա ձևերը և մեթոդիկան փոփոխվում է` կախված տարվա սեզոնից և եղանակից/: Բոլոր միջոցառումները պետք է անցկացվեն երեխայի հանդարտ և ուրախ տրամադրության ֆոնի վրա: Շենքերում օդային ռեժիմը ապահովվում է օդափոխման ճանապարհով: Առավել արդյունավետ են միջանցիկ հոսանքները, որոնք կատարվում են  այն դեպքում, երբ երեխաները շենքում  չեն: Երեխաներն օդային լոգանքներ ընդունում են ամբողջ օրվա ընթացքում, լինելով բաց օդում: Օդի ներգործման բնույթը կարգավորվում է երեխաների հագուստով: Կախված օդի ջերմաստիճանից` եթե այն ստվերում չի իջնում 18-20 աստիճանից, երեխաների հագուստը բաղկացած է լինում միայն տրուսիկից և բամբակե շրջազգեստից` աղջիկների համար, իսկ  տղաները հագնում են մայկա  և տրուսիկ: Բացի այդ, երեխաներն ունենում են նաև  ամառային գլխարկներ /պանամա/, հագնում են նաև թեթև սանդալներ` կրունկներով:  Երեխաների հագուստն ամռանը պետք է լինի այնպիսին,  որ այն նրանց պաշտպանի շոգից և այրվելուց: Երբ երեխաները բավականաչափ  սևանում են, կարելի է թողնել նրանց  նաև  միայն տրուսիկով: Երեք  տարեկանից սկսած՝ պետք է սովորեցնել  բոբիկ քայլել խոտի և մաքուր գետնի վրայով:
    Լուսաօդային լոգանքները սկսվում են ծառերի կիսաստվերներում` օդի 20 աստիճանում: Բացօթյա օդային լոգանքը հանդիսանում է առավել ուժեղ գրգռիչ, քան շենքում, քանի որ բաց օդում  օդի ներգործությունը առավել  հագեցած է արևային   ռադիացիայով և մթնոլորտային իոնիզացիայով: Արևային լոգանքները անցկացվում են երեխաների հանգիստ խաղերի  ժամանակ` ուղղակիորեն արևի ճառագայթների  տակ:   Արևի տակ գտնվելն սկսվում է 5-6 րոպեից, ըստ որում, առաջին րոպեն գտնվելով արևի տակ,  անցնում են   ստվերոտ  տեղ և այդ ձևով շարունակում մինչև երեխայի մարմինը  բավականաչափ սևանում է: Դրանից հետո կարելի է արևի տակ մնալ 10-ական րոպե /առավելագույնը/՝ 3-4 անգամ:
Կոփում ջրով – Կոփման նպատակով ջուրն օգտագործվում է լվացվելիս, ոտքերը լվանալու, լողանալու  և ջրցանի ժամանակ: Եթե երեխաները նախապատրաստված  են, նախկին  արարողությունների շնորհիվ  վարժված, ապա ամռանը պետք է օգտագործել  ընդհանուր ջրային արարողություններ: Բայց, միաժամանակ, պետք է հիշել, որ որոշ երեխաներ կարիք են ունենում ավելի  թույլ /տևական/ արարողությունների և նրանց  ընդհանուր արարողությունների տեղափոխում են աստիճանաբար: Ջրցանը կարելի է անցկացնել  բացօթյա՝  բակի  քամուց պաշտպանված մասում կամ շենքում:
   Ջրային արարողությունները /տեղական կամ ընդհանուր / որպես կանոն՝  անցկացվում են զբոսանքից հետո: Ջրցանը կարելի  է անցկացնել 30 աստիճան ջրով, որն ամեն 2-3 օրը մեկ իջեցվում է մեկ աստիճանով: 
Լվացում.- Ջրի նախնական ջերմաստիճանը 20 աստիճանից աստիճանաբար իջեցվում է մինչև 18-16 աստիճանի` վաղ տարիքի երեխաների համար, և մինչև 16-14 աստիճան` նախադպրոցական տարիքի երեխաների համար:
Ոտքերի ջրցանում.- Ջրի ջերմաստիճանը 28-19 աստիճանից իջեցվում է մինչև 18 աստիճան` վաղ տարիքի երեխաների համար և մինչև 16 աստիճան` նախադպրոցական տարիքի համար: Կամ անցկացվում են կոնտրաստ ջրցանումներ` սկզբում ոտքերը ջրցանում են 36-35 աստիճանի (ցելսիուս) ջրով և անմիջապես 18 աստիճանի ջրով (կրկին ցելսիսուսով)` վաղ տարիքի երեխաների համար, և 18-16 աստիճանի ջրով` նախադպրոցական տարիքի երեխաների համար:
Ընդհանուր ջրցանում.- Ջրի ջերմաստիճանը 35-340 ից աստիճանաբար իջեցվում է մինչև 26-24 աստիճան` վաղ տարիքի երեխաների համար, և մինչև 24 աստիճան` նախադպրոցական տարիքի համար:
Կոփման նպատակով ջրցանումը կարող է անցկացվել նույնպես ոտքերի լվացումից և հիգիենիկ ջրցանից (դուշ) հետո, այսինքն` պարզաջրումը կատարվում է ջերմաստիճանն աստիճանաբար իջեցված ջրով: 
Կոփման արդյունավետությունը պահպանելու համար պետք է լայնորեն օգտագործել ջրով անցկացվող խաղերը, ինչպես նաև ջրավազանում տեղի ունեցող խաղերը:
Լող բաց ջրամբարում.- Այստեղ լողանալը կարելի է սկսել 23-25 աստիճանում: Այն անցկացվում է օրական մեկ անգամ 3-5-8 րոպե տևողությամբ: Ջրամբարը պետք է լինի անվտանգ և բավարարի սանիտարա-էպիդեմիոլոգիական պահանջներին:
Կոփման և ատամների, բերանի ու քիթ-կոկորդի լորձաթաղանթի հիվանդությունների կանխման լավ միջոց է բերանի ողողումը սենյակային ջերմաստիճանի ջրով` առավոտյան և երեկոյան: Նշիկների փոփոխություն ունեցող երեխաները պետք է կոկորդը ողողեն 27-28 աստիճանի ջրով, որը պարունակում է յոդի մեկ գրամ, աղ, 0.5 գրամ խմելու սոդա: Լուծույթի ջերմաստիճանը կարելի է իջեցնել 2-3 օրը մեկ` մեկ աստիճանով` հասցնելով սենյակային ջրի ջերմաստիճանին: Կոփման նկատմամբ բացարձակ հակացուցումներ չի լինում: Կոփման մեթոդները և միջոցներն ընտրվում են անհատականորեն՝ կախված երեխայի տարիքից և առողջական վիճակից: 
Թարմ օդով կոփելը ընդունելի է բոլոր երեխաների համար, սակայն  երեխայի կոնկրետ վիճակից ելնելով` պետք է անցկացնել կամ ընդհանուր, կամ տեղային օդային լոգանքներ: Նույնը վերաբերում է նաև ջրային արարողություններին, որոնք անցկացվում են թե՛þ տեղական և թե՛þ ընդհանուր ձևով (ջրի ջերմաստիճանին պետք է մոտենալ անհատական առանձնահատկությունների հաշվառմամբ):
Երբեմն կարելի է սահմանափակել միայն օդային արարողություններով` առանց ջրայինի: Դա կախված է երեխայի առողջական վիճակից: Սուր հիվանդություններից հետո պետք է կոփումն սկսել օդային տեղական լոգանքներից և միայն աստիճանաբար անցնել ջրայինի:
Կոփման նպատակով արևի օգտագործման հարցում լինում են մի շարք հակացուցումներ: Արևի ուղիղ ճառագայթներով ճառագայթում չի հանձնարարվում բոլոր մեկ տարեկան և ավելի մեծ երեխաներին, ովքեր ունեն ֆիզիկական թույլ զարգացում (արյան պակասություն, բարձր նյարդային գրգռվածություն), գտնվում են  հիվանդության սուր շրջանում: Նման դեպքերում օգտագործվում է արևի ցրիվ և արտացոլված ճառագայթների ճառագայթում:
 Երեխաների ամառային առողջարարական, ինչպես նաև աշնանային - ձմեռային շրջանում  կատարվում է մանկապարտեզի  հաշվառման-հաշվետու փաստագրություն:

Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը»

 ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախարարությունը կոչ է անում ոլորտի շահառուներին, մասնագետներին, փորձագետներին և կրթության ոլորտով հետաքրքրված կազմակերպություններին մասնակից դառնալ նախագծի հանրային քննարկմանը և լրամշակմանը՝ ներկայացնելով գրավոր առաջարկություններ: Միաժամանակ տեղեկացնում ենք,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։